Երեկ ընկերներիս հետ առիթ ունեցա դիտելու իրավամբ գլուխգործոց համարվող «Սպարտակ» բալետը: Ֆանտաստիկ գործ էր, հատկապես պետք է առանձնացնել Սպարտակի դերակատարին, որը պարզապես չէր պարում կամ խաղում, այլ կարծես թռչում էր բեմի վրայով, համառ պայքարի, ազատության, արժանապատվության շունչը հաղորդում էր հանդիսատեսին՝ ցնցելով ամբողջ դահլիճը:
Եթե այդ ներկայացումը մի քանի ամիս առաջ տեսած լինեի, հնարավոր է, որ տպավորությունները մի փոքր այլ լինեին: Բայց երեկ «Սպարտակի» մեջ ես բացահայտեցի Բաղրամյան փողոցում հավաքված մարդկանց հավաքական կերպարը, որոնք նույն տրամաբանությամբ պայքարում են ստրկության վերացման, արդարության և ազատության համար:
Չի կարելի չառանձնացնել նաև չքնաղ Ֆրիգիային, ով կարծես խորհրդանշում էր անարդարության դեմ պայքարող կանանց և աղջիկներին, ովքեր, ետ չմնալով ամուսիններից և ընկերներից, արևածագը դիմավորում են Բաղրամյանում:
Սպարտակի պայքարը սովորական կռիվ չէր հանուն ինչ-որ մասնավոր հարցերի, նա հարյուրամյակների ընթացքում ազատության խորհրդանիշ դարձավ սերունդների համար: Այդ նույն տրամաբանությամբ մայրաքաղաքի գլխավոր փողոցը փակած մարդկանց կռիվը նույնպես պայքար չէ զուտ 6.93 դրամի համար: Դրա թողած ներգործությունը կապրի դեռ երկար, քանի որ մարդիկ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ստրուկներ չեն, ամրագրեցին այն պարզ ճշմարտությունը, որ իրենք են Հայաստանի տերը և պատասխանատվություն են կրում սերունդների առջև:
Վերջաբանի փոխարեն
Կրասոսի նմանները միշտ էլ կլինեն, նրանք կփորձեն սպանել Սպարտակին, այս դեպքում՝ ջրել և ահաբեկել: Բայց եթե Սպարտակն անմահ է, ապա նրանք պատմության մեջ կմնան որպես արնախում գազաններ, որոնց գլուխները մեկ օր հաստատապես կտրվելու են Միջագետքի տափաստաններում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/844007805693249?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել