Ազգային Ժողովում այս օրերին քննարկվում է ակցիզային հարկի ավելացման հարցը: Ինչպես գիտենք, առաջարկվում է ակցիզային հարկ մտցնել լցակայանների խտացված գազի, ինչպես նաև բարձրացնել խմիչքների և մի շարք այլ ապրանքների հարկի դրույքաչափերը:
Այս փոփոխության արդյունքում նախատեսվում է պետական բյուջե մուտք անել 9 մլրդ. դրամի ակցիզային հարկ: Այժմ տեսնենք, թե 1 միավոր ապրանքի համար, ակցիազային հարկի ավելացման արդյունքում, սպառողական գները որքանով են ավելանալու բնական գազի և խմիչքի պարագայում:
Սեղմված բնական գազը, ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար նախատեսվում է սահմանել 1000 մ3 -ի համար 8330 դրամ, այսինքն 1 մ3 -ի համար 8,3 դրամ: Ստացվում է, սեղմված բնական գազի գինը ավելանալու է 8,3 դրամով:
Ինչ վերավբերվում է սպիրտային խմիչքներին ` ակցիզային հարկը ավելանում է 10%-ով կամ 50 դրամով: Այսինքն 1 լիտր օղու 500 դրամ ակցիզային հարկը դառնալու է 550 դրամ:
Գազալցակայանները մշտապես ունեցել են գերշահույթ: Ինչպես գիտենք, թանկացումները բերում են գնողունակության անկման: Հետևաբար, խոշորներն ամենայն հավանականությամբ հարկի բարձրացումը կվերցնեն իրենց վրա և հասարակության մոտ թանկացումը նկատելի չի լինի (բարոյական կլինի, եթե բարձրացված հարկը մնա խոշորների ուսերին): Սա իրատեսական է այն առումով, որ ակցիազային հարկը բարձրանում է չնչին տոկոսով, իսկ խոշորների համար ավելի կարևոր է, որպեսզի չտուժեն սպառման ծավալները:
Ամեն դեպքում դեռ վաղ է կանխատեսումներ անել: Չմոռանանք, որ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծիցը միայն առաջին ընթերցմամբ է անցել, իսկ եթե ուժի մեջ մտնի, ապա այն կգործի 2016 թվականից: