Esem.am-ը գրում է.

«Անավարտ թռիչք» ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Տաթև Հովակիմյանին, ESem.amանդրադառնալու առիթ ունեցել է: Թատերական ինստիտուտի ավարտական կուրսում սովորող դերասանուհու հետ խոսել ենք ֆիլմից հետո ստացած առաջարիների և այժմյան զբաղվածության մասին: Տաթևի խոսքով` առաջարկներ է ստացել թե՛ ֆիլմերից, թե՛ սերիալներից:

«Բազմիցս ասել եմ, ու անփոփոխ է, որ ես սերիալներում չեմ լինի, ոչ թե վատ է, դրա համար, այլ ուղղակի ես այնտեղ անելիք չունեմ։ Երազում եմ ոչ թե նշել, թե ինչքան շատ գործ եմ արել և նշածներիս մեջ չգտնել որևէ արժեքավոր գործ, այլ ինձ համար կարևոր է նշելուց զգալ, որ թողել եմ արժեքավոր մի բան, որ մարդիկ կհիշեն քսան տարի անց էլ»,- նկատեց դերասանուհին և ասաց, որ ֆիլմերի առաջարկների մասին կխոսի ավելի ուշ` սեպտեմբերին:

Ըստ Տաթևի` ի տարբերություն տարբեր ներկայացումներում խաղալու  առաջարկների` ֆիլմերը դժվարությամբ է ընտրում: «Այժմ թատրոնում զբաղվածությունս շատ-շատ է։ Խաղում եմ երկու՝ վաղուց խաղացված ներկայացում և երեք պիեմիերայի եմ պատրաստվում։ Դրանցից մեկը` Պուշկինի «Պիկովայա դամա» պատմվածքի վրա բեմադրված «Կազինո» ներկայացումն է, որի պրեմիերան կկայանա մայիսի 20-ին: Մայիսի 25-ին կխաղանք «Մեռած հոգիները աշխույժ ընթացքի մեջ են» ներկայացումը` բեմադրված Գոգոլի ստեղծագործությունների հիման վրա, իսկ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին «Ատամնաբույժն Արևելյան» ներկայացման մեջ կխաղամ»,- հայտնեց Տաթևը։

Տաթևի փոխանցմամբ` նշված ներկայացումների բեմադրիչները երիտասարդ աղջիկներ են: «Կարծում եմ` շատ սուր մտածող։ Միասին աշխատում ենք արդեն 3 տարի։ Նույն ռեժիսորների մոտ խաղացել եմ տարբեր դերեր, որոնք շատ սիրում եմ: «Կազինո»-ում մարմավորում եմ Լիզային, ով զոհ է դառնում սիրո, որը ստեղծվել է կեղծիքի վրա։ Փողը կործանում է այստեղի հերոսներին և երիտասարդ աղջկան։

«Մեռած հոգիները աշխույժ ընթացքի մեջ են» ներկայացումը խաղում եմ դերասանուհի Ֆրիդա Յորքի հետ։ Այստեղ մարմնավորում եմ Գոգոլին՝ տղամարդ եմ խաղում, բայց տղամարդ չեմ արտաքնապես, ոչինչ չի փոխվում։ Կարծում եմ՝ պետք է դիտել այս ներկայացումը, որից  հետո մեկնաբանելը հեշտ կլինի ինձ համար»,-մանրամասնեց երիտասարդ դերասանուհին:

Ըստ նրա` ամեն նոր դեր նոր շերտ, ինքն իրեն բացահայտելու նոր ճանապարհ է տալիս, ինչի պատճառով էլ  միշտ իրարից տարբեր դերեր է ընտրում: «Չեմ ուզում միշտ խաղալ լացող աղջիկ: Կարծում եմ՝ միշտ չէ, որ հերոսուհի խաղալը լավ է։ Ուժեղ կանանց եմ սիրում խաղալ, իմ էությունից էապես տարբեր դերեր եմ սիրում խաղալ։ Ինձ նոր սանդղակի վրա է դնում յուրաքանչյուր դերս, ես ինքս ինձ հարցնում եմ միշտ, ու անկեղծ լինում ինձ հետ՝արդյոք այս դերս նախորդից ավելի պրոֆեսիոնալ կերտեցի»,- հավելեց Տաթևը:

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժինն ավարտելուց հետո Տաթևն իր կյանքը էլի թատրոնում և նկարահանման հրապարակում է պատկերացնում։ «Հիմա շատ պարզ ասում եմ` ավարտելուց հետո առաջին քայլս լինելու է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն գնալը»,- եզրափակեց դերասանուհին:

 

 

 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել