Առավոտ: Ինձնից անբաժան անփութությամբ ու աղմուկ ստեղծելու ունակությամբ արթնացնում եմ քեզ: Բարձրանում եմ անկողնուդ վրա ու, ձեռքերս մեջքիդ դնելով, սկսում եմ թափահարել քեզ.
-Վե՛ր կաց, չե՞ս լսում: Ասում եմ՝ վեր կաց: Եկել եմ: Դե, արագացրու, մեր անելիքներն ասօր շատ են:
Դու բացում ես աչքերդ ու զայրացած հայացքով ինձ նայում:
-Ի՞նչ ես ուզում ինձնից:
-Ինչպե՞ս թե՝ ինչ : Շատ բան: Շա՜տ-շատ: Փոխիր դեմքիդ արտահայտությունը, վեր կաց, դեռ այնքան բան պիտի հասցնենք:
Դու փնթփնթում ես քթիդ տակ, ես արդեն քեզ չեմ լսում: Բացել պահարանդ ու արագ-արագ հագուստ եմ ընտրում:
-Այս շալվարը կուզե՞ս, իսկ ա՞յս մեկը: Վայ, ինչ լավ կապույտ ժակետ է: Արի սա ընտրենք, հա՞: Փողոցում մի փոքր ցուրտ է: Քեզ շատ կսազի: Հագնենք սա, հա՞: Կապույտ ջինսե շալվարովդ: Ու՜խ, ինչ սիրուն կլինես: Ժակետի տակից էլ...
-Ես հագնում եմ սև տաբատս՝ մոխրագույն վերնաշապիկի հետ:
-Բայց ախր դա երեկ էիր հագել: Անցած օրն էլ: Կապույտ ժակետդ այնքան գեղեցիկ է: Արի սա հագնենք, հա՞ :
-Չէ:
-Ինչու՞:
-Ասացի՝ ես միշտ սև տաբատս ու մոխրագույն վերնաշապիկս եմ հագնում:
-Բայց այսօր...
-Այսօր էլ նույնն եմ հագնելու :
Հագուստդ ձեռքիս՝ կարկամած կանգնել եմ: Խորը շունչ եմ քաշում, հագուստն արագ կախում զգեստապահարանի մեջ: Հասցրիր հագնել մշտական հագուստդ: Մի փոքր տխրում եմ:
-Լավ, արի նախաճաշենք: Ի՞նչ կխմես: Արի նարնջի հյութ խմենք: Այնքան վառ գույն ունի: Տրամադրությունդ շատ արագ բարձրանում է: Աշնան տերևների նման վա՜ռ դեղին է: Տերևները տեսել ես, չէ՞: Սիրուն են, չէ՞ : Այ հենց նույն գույնից ունի: Դրսում վառ գույներ են: Նույնիսկ բաժակիդ մեջ վառ գույն կլինի:
-Առավոտյան ես խմում եմ մեկ բաժակ սև սուրճ ու ուտում մի կտոր թխվածք:
-Բա նարնջի հյո՞ւթը :
-Չեմ խմում:
-Իսկ... Իսկ ինչու՞ մի կտոր թխվածք:
-Չգիտեմ, այդպես եմ սովոր:
-Իսկ եթե սիրտդ երկո՞ւ կտոր ուզի:
-Չի ուզում:
-Ինչո՞ւ:
-Չգիտեմ:
-Ինչպես կարելի է թխվածքից միայն մի կտոր ուտել: Թխվածքները միշտ համեղ են: Ու քաղցր:
Ոչինչ չես ասում:
-Այ եթե ես լինեի, առավոտյան երկու... Չէ, երեք... Չորս: Հա, հա, չորս կտոր թխվածք կուտեի: Գիտե՞ս՝ քաղցրեղեն ուտելիս ուրախանում եմ:
Ծիծաղում եմ: Ոչ մի արձագանք: Լռում եմ ու նստում սեղանի մոտ՝ քո դիմաց :
Կում-կում խմում ես սուրճդ, դիմացդ ինչ-որ թղթեր ու բլոկնոտներ են շարված:
-Ի՞նչ ես անում:
-Օրակարգս եմ ստուգում:
-Իսկ գրվածներում հետաքրքիր բան կա՞:
-Օրինակ՝ ի՞նչ:
-Չգիտեմ... Թատրոն գնալ, կինո նայել, զբոսնել քաղաքով: Կգա՞ս այսօր երեկոյան զբոսնենք:
-Չեմ կարող: Կներես:
-Ինչո՞ւ:
-Զբաղված եմ: Օրս ամբողջությամբ պլանավորած է:
-Ինձ հետ զբոսնելու ժամանակ չկա՞: Իսկ եթե պլաններիդ մեջ իմ անունով փոքրիկ կետ ավելացնե՞ս : Շատ փոքրիկ:
-Չէ: Գործեր ունեմ: Շատ կարևոր գործեր: Վերջ, պիտի դուրս գամ, որ ճիշտ ժամին տեղ հասնեմ: Լավ մնա: Պետք լինեմ՝ կզանգես:
Ես էլ, նա էլ գիտենք, որ նախ՝ նա ինձ միշտ է անհրաժեշտ: Բայց եթե իսկապես ինչ-որ կարևոր բան լինի՝ չեմ զանգահարի: Որովհետև միշտ մերժում է, արագ-արագ ինչ-որ բան է խոսում ու անջատում: Նման դեպքերում տխրում եմ: Իսկ ես տխրել չեմ սիրում: Ինչևէ:
Դուրս է գալիս տանից: Մնացինք ես ու ես:
Երաժշտություն եմ միացնում, երգում եմ ու կարգի բերում տունը: Որոշում եմ այսօր համեղ մի բան պատրաստել: Խանութ եմ գնում: Գնումներ եմ կատարում: Հասցնում եմ նարինջներ գնել, որոնք աշնան գույնն ունեն: Ճանապարհին մի փունջ գունավոր ծաղիկներ եմ գնում: Տուն գալուց խաղում եմ մեր բակի շունիկի հետ, նրան կերակրում եմ, գլուխը շոյում եմ, պոչիկը թափահարում է ու տուն եմ բարձրանում:
***
Երեկո է: Փողոցում ցուրտ է: Կանգնած տեղումս ինչ-որ շարժումներ եմ անում, որպեսզի տաքանամ: Ձախ ոտքով փորձում եմ ասֆալտի վրա շրջան գծել: Քթիս տակ ինչ-որ բան եմ երգում: Դուրս է գալիս շենքից:
-Վայ, եկա՞ր: Վերջապես: Գիտես՝ քեզ էի սպասում: Մրսում էի: Բայց ոչինչ, ոչինչ, չանհանգստանաս: Հիմա կքայլենք ու արագ կտաքանամ, չէ՞ :
Ժպտում եմ :
-Ինչո՞ւ ես եկել:
Չոր պատասխանիդ հետ մեկտեղ կողքովս քամի անցավ: Սրթսրթացի: Պատասխանից, թե քամուց՝ չհասկացա:
-Ասացիր, որ ժամանակ չունես, բայց մտածեցի, որ, մեկ է, գամ ու քեզ սպասեմ: Պիտի տուն գնայիր, չէ՞: Դե մինչև տուն գնալը կքայլենք: Ախր շատ լավ եղանակ է: Տես՝ ինչ սիրուն է քաղաքը: Կքայլենք, կխոսենք, կպատմես՝ ինչպես անցավ օրդ... Նարինջներ եմ առել: Շա՜տ սիրուն էին: Սեղանին եմ դրել, ամբողջ տան տեսքը ձևափոխել են: Լավ, շատ եմ խոսում: Կներես: Արի քայլենք, հետո կպատմեմ: Քայլենք, որ հանկարծ չմրսես:
- Չէ...Արի տուն գնանք հա՞ : Ախր ասացի ՝ այսօր չի ստացվի զբոսնել:
-Բայց ախր հատուկ եկել եմ զբոսնելու համար:
- Ես շատ գործեր ունեմ, ախր այսօր...
-Չես պլանավորել զբոսանք, հա՞:
-Դե...հա:
-Լավ: Ինչ ասեմ...տուն գնանք :
Տաքսով տուն ենք գնում: Գլուխս թեքել եմ ապակու կողմն ու ոչինչ չեմ խոսում: Մտածում եմ սեղանին դրված նարինջների ու աշնանային տերևների գեղեցկության մասին: Ուզում եմ այդ մասին պատմել, բայց գիտեմ՝ ինձ լսող չկա: Շրթունքներս իրար եմ սեղմում ու շարունակում նայել քաղաքի լույսերին: Դեղին լույսերին: Նարինջներիս պես վառ ու գեղեցիկ են:
Տուն մտանք:
-Լավ, ես պետք է աշխատեմ:
-Իսկ դու հյուրասենյակում դրված ծաղիկները չնկատեցիր...
-Ի՞նչ ծաղիկներ:
-Չէ, չէ... Ոչինչ: Գնա: Գնա աշխատիր:
Սեղան եմ գցում: Երկու ափսե եմ դնում՝ հաստատ համոզված լինելով, որ ափսեներից մեկն այդպես էլ դատարկ ու մաքուր է մնալու: Ընթրում եմ մենակ: Նարինջների ու ծաղիկների հետ: Ուզում եմ տխրել, բայց փորձում եմ դեռ մի փոքր էլ սպասել:
....Որոշ ժամանակ անց բացում եմ սենյակի դուռը:
Նստել ես սենյակի մեջտեղում, գետնին ես դրել միջիդ եղած երկաթե կտորները, որոնք զզվելի չխկչխկոցով անընդհատ աշխատում են քո մեջ: Զզվում եմ այդ չխկոցներից, որովհետև դրանց մեջ երաժշտություն, գոնե, թեկուզ, ինչ-որ մեղեդի չկա: Հստակ, կոնկրետ չխկչխկոց: Քո օրակարգի նման հստակ ու կոնկրետ: Ու անհետաքրքիր :
Դրանց գետնին ես շարել ու լաթե կտորով հատիկ-հատիկ մաքրում ես, որոշներին յուղ ես քսում ու հետո էլի ճիշտ շարքով դնում քո մեջ, հատուկ գործիքներով թուլացնում ու ձգում պտուտակները:
-Ի՞նչ ես անում:
-Ինձ եմ կարգի բերում:
-Նարնջի հյութ կխմե՞ս:
-Չէ, ես այս ժամերին նարնջի հյութ չեմ խմում:
Ոչինչ չեմ ասում, որովհետև արդեն անիմաստ է ինչ-որ բան ասելը:
Գնում ու կծկվում եմ բազմոցի մեջ: Մի բաժակ նարնջի հյութ եմ խմում: Վերջնական տխրում եմ: Կուզեի, որ Ամանոր լիներ: Ես երազանք կպահեի, որ քո մեջ եղած բոլոր այդ պտուտակներն ու երկաթի կտորները մի պահ վերանային ու դու տուն մտնելիս նկատեիր հյուրասենյակում դրված ծաղիկները: Նաև երազանք կպահեի, որ մի օր քո օրակարգում վերջապես իմ անունով, թեկուզ շատ փոքրիկ, մի կետ հայտնվեր: Որ վերջապես քեզ նարինջների ու աշնան մասին պատմեի: Քեզ այնքան շատ պատմելու բան ունեմ...
Հոգոց եմ հանում: Սենյակիցդ լսվում է չխչխկոցի ձայն: Չխկչխկոց, որտեղ ոչ մի մեղեդի չկա:
***
Առավոտ: Ինձնից անբաժան անփութությամբ ու աղմուկ ստեղծելու ունակությամբ արթնացնում եմ քեզ: Բարձրանում եմ անկողնուդ վրա ու, ձեռքերս մեջքիդ դնելով, սկսում եմ թափահարել քեզ...