Որոշակի անհատներ փորձում են միջնադարում տեղի ունեցած ամեն մի դժբախտություն փաթաթել Հայ Առաքելական եկեղեցու վզին:
Ինչ խոսք, եկեղեցականները և նրան կից հավատացյալները չեն կարողանում գրագետ փաստարկներով հիմնավորել վերոնշյալ մոտեցման սնանկությունը՝ գլխավորապես ամեն ինչ թողնելով «աստծո» նախախնամությանը: Իսկ սա որպես կանոն հանգեցնում է ծայրահեղական և անգրագետ ձևակերպումների, այն է՝ «Ով քրիստոնյա չէ, նա հայ չէ», «Ով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ չէ, նա հայ չէ»:
Սկսենք նրանից, որ միջնադարին վերաբերող այս կամ այն իրադարձության շուրջ ծավալվող քննարկումներում ոչ մի կերպ չի խոսվում տվյալ ժամանակաշրջանի, ինչպես նաև հասարակարգի՝ ֆեոդալիզմի առանձնահատկությունների վերաբերյալ: Դա նույնն է, ինչ քննարկել 19-20-րդ դարերի Եվրոպայի պատմական անցուդարձերը, բայց անտեսել այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական հակասությունները, որոնք տեղավորվում են կապիտալիստական հասարակարգի տրամաբանության մեջ: Այս ելակետային դրույթից ելնելով՝ եկեղեցին չի կարելի դիտարկել հասարակարգին բնորոշ օրինաչափություններից դուրս, քանզի այն զուտ հավատքային կառույցից դարձել էր ֆեոդալիզմի գաղափարաբանական հենքը և շահագործող ուժերից մեկը: Այսինքն՝ եկեղեցին ներդրվել էր ֆեոդալիզմի մեջ և ինքն էլ օբյեկտիվ պատճառներով վերածվել էր խոշոր ֆեոդալի:
Նշենք, որ ֆեոդալիզմը բարդ հիեարխիկ համակարգ է, որը ենթադրում է սոցիալական պարտավորությունների, հասարակական տարբեր շերտերի միջև ձևավորված փոխհարաբերությունների մի ամբողջական փաթեթ:
Այս տեսանկյունից էական չէ, թե որ կրոնական համակարգն է ձևավորում հոգևոր ինստիտուտը՝ եկեղեցին, թե դիցարանը: Միևնույն է, հասարակարգի էությունը կրոններով պայմանավորված չէ: Օրինակ՝ Հնդկաստանում հինդուիզմն ադապտացվեց ֆեոդալիզմին և դարձավ նրա գաղափարական հենքը, իսկ բարձրագույն կաստա հանդիսացող բրահմանները դարձան դրա շահագործող ուժերից մեկը: Իսկ բուդդայականությունն այդպես էլ չկարողացավ ադապտացվել այդ հասարակարգին և սպառել դրա գաղափարաբանական պահանջարկը, այդ իսկ պատճառով, մրցակցության մեջ հայտնվելով հինդուիզմի հետ, ի վերջո դուրս մղվեց Հնդկաստանից:
Բացի այդ, առաջադրված համապատասխան հարցադրումներն այդպես էլ մնում են անպատասխան, երբ պատմական այս կամ այն իրողությունը փորձում են մեկնաբանել կոնտեքստային տրամաբանությամբ, այսինքն՝ իրադարձությունները դիտարկում և սահմանափակում են կոնկրետ թվականի շրջանակներում և փորձում վերլուծել դրանք: Ընդհակառակը՝ իրադարձությունները պետք է դիտարկվեն դրան նախորդող և հաջորդող տասնամյակների տրամաբանության մեջ: Օրինակ, Բագրատունյաց թագավորության անկումը բացատրվում է սոսկ 1022 (Տրապիզոնի բանակցություններ) և 1045 (թ-յան անկման թվականը) թվականների շրջանակներում: Այս դեպքում թագավորության կործանման մեղքն անիրավացիորեն ամբողջովին ընկնում է եկեղեցու վրա: Անշուշտ, վերոնշյալ թվականներն արագացրել են անկման գործընթացը՝ ունենալով կատալիզատորի նշանակություն, բայց փաստերի համակողմանի վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ անկման գործընթացն օբյեկտիվ պատճառներով սկսվել էր ավելի քան հարյուր տարի առաջ: Դրանով եկեղեցին որոշակիորեն ազատվում է պատասխանատվությունից, և այն ընկնում է բացառապես Պետրոս Գետադարձ անհատի վրա: Անտրամաբանական է եկեղեցի կառույցը դիտարկել միայն այդ կաթողիկոսի գործունեության շրջանակներում, քանզի տեսնում ենք, որ նրան նախորդող կաթողիկոսները համառորեն պայքարում էին անկախության վերականգնման, իսկ հետո նաև կենտրոնաձիգ պետության ստեղծման համար (Զաքարիա Ձագեցի, Գևորգ Գառնեցի, Մաշտոց Եղիվարդեցի, Անանիա Մոկացի և այլն): Իսկ որո՞նք են թագավորության անկման պատճառները.
1. Ֆեոդալիզմի տրամաբանության համաձայն՝ առանձին խոշոր ֆեոդալներ տնտեսական զարգացման արդյունքում հասան այնպիսի մակարդակի, որը թույլ կտար նրանց կենտրոնից անկախ քաղաքականություն վարել և, ձգտելով լիակատար ինքնիշխանության, հարկ եղած դեպքում խուսափել վասալական պարտավորություններից: Անկախ թագավորություններ էին հռչկվել 908 թ. Վասպուրականը, 963թ. Կարս-Վանանդը, 978թ. Տաշիր Ձորագետը, 987թ. Սյունիքը: Ինքնիշխանության էին ձգտում նաև Տայքի հայ-վրացական հզոր իշխանությունը, Արցախի իշխանները և այլն:
2. Առաջին կետի արդյունքում երկիրը ենթարկվեց մասնատման, խախտվեց քաղաքական, ռազմական միասնությունը, ինչը հնարավորություն ընձեռեց դեպի Արևելք ընդարձակվող Բյուզանդիային մաս-մաս նվաճել գրեթե ամբողջ երկիրը:
3. Առնոլդ Թոյնբին իր
Պատճառների ցանկը, անշուշտ, դեռ երկար կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք միայն այսքանով: Անշուշտ, իրադարձությունների նման զարգացման մեջ իր բացասական դերն ունի նաև եկեղեցին, բայց, ինչպես վերևում նշեցինք, դա պայմանավորված էր հասարակարգի առանձնահատկություններով: Եթե քրիստոնեությունը չհարմարեցվեր ֆեոդալիզմին, ապա դուրս կմղվեր, ինչպես դա եղավ բուդդայականության պարագայում, կմնար դիցարանային համակարգը՝ ստանձնելով եկեղեցու այդ նույն դրական և բացասական գործառույթները:
Կարճ անրադառնանք մեկ այլ հարցի նույնպես.
Մտահոգություն հայտնելով եկեղեցականների ցոփ ու շվայտ կյանքի վերաբերյալ՝ պետք է հաշվի առնենք մի կարևորագույն հանգամանք, այն է՝ դա եկեղեցական համակարգ է տեղափոխվել քրմերից: Հայտնի է, որ Լուսավորչի տոհմի առաջին կաթողիկոսները հոգևորականների ճգնակեցական վարքի կողմանկիցներ են եղել, իսկ նրանց համապատասխանաբար հաջորդած Մանազկերցի կաթողիկոսները, որոնք քուրմ Աղբիանոսի տոհմից էին, իրենց նախնիների սովորույթների համաձայն նախընտրում էին եկեղեցականի զգեստավորված, պաճուճավորված տարբերակը և ի վերջո կարողանում են մտցնել և արմատավորել այդ կարգը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/820077788086251?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել