Nyut.am-ը գրում է.
Խոսքը ՀՀ կառավարության և արևմտյան հովերով տարված, Արևմուտքի շահերին ու նպատակներին ծառայող հայաստանյան որոշ, այսպես կոչված, «ազատական» ԶԼՄ-ների մասին է:
Հայաստանում վերջին մի քանի ամսվա ընթացքում լոբբինգ են արվում որոշակի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով փորձ է արվում օրենսդրորեն ամրագրել միասեռականության և, ընդհանրապես, այլասերվածության քարոզչության իրավունքը և լեգալացնել միասեռականների ամուսնությունները: Խոսքը արտաքուստ անվտանգ և ընդունելի վերնագրով («Ընտանեկան բռնության կանխարգելման մասին») ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաև «Խտրականության դեմ» ՀՀ օրենքի նախագծերի մասին է:
«Ազդակ» ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով այս խնդրին, «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանն ասաց, որ Եվրամիության հետ համագործակցության անվան ներքո շատ գեղեցիկ վերնագրերի տակ, ըստ էության, դիվերսիա է իրականացվում Հայաստանի դեմ, ինչին մարդիկ ուղղակի իրազեկված չեն:
Ավելին. մեր հասարակությունը տեղյակ չէ նաև, այսպես կոչված, «գենդերային տեսության» մերժելի, դատապարտելի լինելու վերաբերյալ Հռոմի պապի ս. թ. ապրիլի 15-ի հիրավի սենսացիոն հայտարարությանը և դրա հետ կապված այլ սենսացիոն իրողությունների:
«Ինչպես տեղյակ եք, Եվրախորհրդարանը հռչակել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր,- ասաց Արման Բոշյանը:- Եթե դուք կարդաք այդ բանաձևի ամբողջական շարադրանքը, կտեսնեք, որ կետերից մեկը նաև հղում է տալիս Հռոմի պապի հայտարարության վրա, որտեղ նա ևս դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, հղում է տալիս որպես մեծագույն հեղինակության խոսքի: Այսինքն` Հռոմի պապի խոսքերը չի կարող անտեսել Եվրախորհրդարանը: Ապրիլի 15-ի այդ հայտարարությունն ունեցել է շարունակություն: Հռոմի պապը հանդես է եկել խիստ դատապարտելով, այսպես կոչված, գենդերային տեսությունը, որտեղ այն դիտարկվել է որպես վտանգավոր երևույթ մարդկության համար, համեմատել է նացիզմի հետ, ինչը նշանակում է, որ դա ևս ցեղասպանության զենքերից մեկն է: Ինչպես տեղյակ եք, ցեղասպանության տարբեր միջոցներ կան, պարտադիր չէ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելը: Գոյություն ունի այսպիսի հասկացություն` էթնոցիդ, էթնոցիդ է, երբ մարդկանց զրկում են իրենց արմատներից, ազգային պատկանելությունից և կրոնից: Այսինքն` այն գործոններից, որոնցով մարդը զգում է, որ ինքը պատկանում է այս կամ այն ազգին, մշակույթին և այլն»:
Ըստ եվրոպական Christianpost.com կայքի, «Ֆրանցիսկը նախկինում էլ էր ելույթ ունեցել ընդդեմ գենդերային տեսության, իսկ հունվարին հայտարարեց, որ դպրոցում դրա պարտադիր ուսուցումը կարելի է համեմատել նացիստների՝ երեխաներին իրենց սկզբունքները ներշնչելու հետ:
Նկարագրելով գենդերային տեսությունը իբրև «գաղափարական գաղութացում, որը փորձում է ոչնչացնել ընտանիքը», նա քսանամյա վաղեմության օրինակ բերեց իր հայրենի Արգենտինայից: Ֆրանցիսկը հիշեց, որ մի պաշտոնյայի առաջարկվել էր վարկ` աղքատ երեխաների համար դպրոց կառուցելու համար, բայց միայն այն պայմանով, որ նա համաձայնի է աշակերտներին գենդերային տեսության դասագրքեր տալ» (www.christianpost.com/news/pope-francis-defends-catholic-churchs-ban-on-contraception-compares-teaching-gender-theory-to-children-in-school-to-the-nazis-132809):
Արման Բոշյանը շարունակեց մեջբերել ապրիլի 15-ին Հռոմի պապի հիշյալ ելույթից ևս մեկ հատված.
«Ինչու՞ եմ ես ասում գաղափարական գաղութացում: Որովհետև նրանք օգտագործում են մարդկանց աղքատությունը իրենց կամքը երեխաներին թելադրելու համար: Բայց սա նորություն չէ: Անցյալ դարի բռնապետությունը նույնն էր անում, նրանք եկան իրենց վարդապետությամբ: Մտածեք Հիտլերի երիտասարդության դպրոցների մասին»:
Այսինքն` Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդը, ինչպես «Ազդակ»-ի հյուրն ասաց, այսպես կոչված, «զարգացած» գենդերային տեսությունը մի քանի անգամ համեմատում է 20-րդ դարի մեծագույն հանցագործության հետ:
ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի համապատասխան որոշման համաձայն, այսպես կոչված, «գենդերային օրենքը» պարունակում է «հնարավոր վտանգավոր հետևանքներ», համաձայն որի, օրենքն ենթակա է կամ ուժը կորցրած ճանաչելու, կամ փոփոխման, սակայն մինչ օրս կառավարությունը ԱԺ չի ներկայացրել այդ օրենքի փոփոխությունների նախագիծը:
«Այսօր արդեն միջազգային ամենաբարձր մակարդակով այդ տեսությունը դիտարկվում է որպես մարդկության չարիքներից մեկը, և որևէ մեկը չի կարող այդ փաստը հերքել,- ասաց Արման Բոշյանը:- Երբ մենք էինք հայտարարությամբ հանդես գալիս` դատապարտելով այդ դիվերսիան, որը կատարվել է Հայաստանի դեմ, մեզ մեղադրում էին էլ պրոռուսական լինելու, էլ հետամնաց լինելու մեջ, էլ ինչ ասես չէին ասում, բա հիմա, որ Հռոմի պապն այս հայտարարությամբ հանդես է եկել, որտե՞ղ են մեր եվրոպամետ դատապարտողները, բա ինչո՞ւ չեն ասում Հռոմի պապը ռուսամետ է, հետամնաց է, բա որտե՞ղ են նրանց հայտարարությունները»:
Այսպիսով ակնհայտ է երկակի ստանդարտներով նրանց առաջնորդվելը: «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահը տեղեկացրեց նաև, որ Հռոմի պապի այդ հայտարարության մասին իշխանությունները չեն խոսում, որևէ հեռուստաընկերություն այդ մասին մինչ տվյալ պահը չի հայտնել:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միանշանակ դիրքորոշում ունի, այսպես կոչված, «գենդերային տեսության» հետ կապված, և մի քանի անգամ դրա հետ կապված իր դիրքորոշումն արտահայտել է,- ասաց Արման Բոշյանը:- Հայ Առաքելական եկեղեցուն ևս փորձում են անտեսել և՛ մեր կառավարությունը, և՛ մեր որոշակի լիբերալ ԶԼՄ-ներ»:
Ըստ հիշյալ կոմիտեի ղեկավարի, Եվրախորհրդարանը չի կարող անտեսել Հռոմի պապի վերոնշյալ խոսքերը, քանի որ այն արդեն իսկ հղում ունի Հռոմի պապի խոսքի վրա որպես մեծագույն հեղինակության, համաձայն որի նաև, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Իսկ Հռոմի պապի հաջորդ խոսքը` «գենդերային տեսությունը» նացիզմի հետ համեմատող, նշանակում է, որ այն ևս ցեղասպանության մեկ զենք է:
Արթուր Հովհաննիսյան