Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարևոր է ըստ պատշաճի վերլուծել և հասկանալ դրա իրական քաղաքական պատճառները:
Խնդիրն ըստ էության ընկալելու և արժևորելու տեսանկյունից տեղին է առանձնացնել ազատագրական պայքարի խոշորագույն գործիչներից Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան) գործունեությունը և առաջ քաշած հայեցակարգերը:
Հրայրը որպես գործիչ եզակի էր այնքանով, որ չէր սահմանափակվում միայն հայդուկային կռիվներով, չէր տարվում արկածախնդիր ռոմանտիզմով, այլ ընդհակառակը՝ Հայկական հարցի լուծումը տեսնում էր ռազմավարական հաստատուն հայեցակարգերի մշակման և իրագործման ճանապարհով:
1. Նա առաջիններից էր, որ առաջ քաշեց քրդերի հետ համագործակցության անհրաժեշտությունը:
2. Համաձայն չէր լոկալ նշանակություն ունեցող կռիվներին՝ դրանք համարելով ռեսուրսների անարդյունք կորուստ:
3. Երկրորդ կետի փոխարեն նա կարևորում էր համահայկական պայքարի անհրաժեշտությունը: Իսկ ժողովրդին պետք էր նախապատրաստել աստիճանական, բայց հաստատուն քայլերով:
Ցավոք, Հրայրն ըստ արժանվույն չընկալվեց և չարժևորվեց, իսկ զինակիցների կողմից նույնիսկ մեղադրվեց դավաճանության մեջ:
1904 թվականի Սասունի ինքնապաշտպանության ժամանակ ճակատային մարտերի միջոցով ի սկզբանե հաղթանակի հեռանկարներ չտեսնելով՝ Հրայրն առաջարկեց փոխել ռազմավարությունը, բայց Անդրանիկը և Գևորգ Չավուշը նրան մեղադրեցին դավաճանության մեջ: Խորապես վիրավորված և հիասթափված հրամանատարը հայրենիքին իր նվիրվածությունն ապացուցելու նպատակով նետվում է մարտի և զոհվում ապրիլի 13-ին:
Սասունի ինքնապաշտպանությունն ի վերջո ավարտվեց պարտությամբ, հազարավոր հայեր սրի քաշվեցին, իսկ հայդուկային շարժումը երեք տարի անց անկում ապրեց:
Եվ այսպես, Հրայրի առաջ քաշած համազգային պայքարի բացակայությունը, թերևս, հանդիսանում է ցեղասպանության ներքին առաջնային պատճառներից մեկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=808186172608746&set=a.582157865211579.1073741862.100002521125658&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել