Բլոգիս ընթերցողներն իմ՝ գայլերի նկատմամբ տածած սիրո մասին կռահեցին, երբ ես գրեցի իմ Գայլ գրառումը : Գրառումից էլ հենց պարզ էր դառնում, որ այդ կենդանուն չսիրող մարդն ուղղակի չէր կարող նման գրառում անել,որովհետև չսիելու դեպքում նման բան ուղղակի չեն գրում : Բացի գրառումից, ես ինքս, օրինակ, Ֆեյսբուքում գայլերի մասին շատ եմ խոսում . նկարներ, երգեր, բանաստեղծություններ և այլն:Ու շատերն ուղղակի չեն հասկանում ո՛չ իմ սերը, ո՛չ էլ այդքան ակտիվ գայլերի մասին խոսելը: Ծագում է պարզ հարց. ինչո՞ւ եմ ես սիրում գայլերին, ինչու՞ եմ նրանց մասին այդքան շատ խոսում :
Հենց սրա մասին էլ կփորձեմ խոսել այս գրառման մեջ:
Չհոգնեցնեմ ձեզ գայլերին որակավորող ածականներով, որ, օրինակ, նրանք ազնիվ կենդանիներ են, ունեն հետաքրքիր պահվածք, ունեն որոշակի օրենքներ, և այլն, և այլն : Լռեմ նույնիսկ այն մասին, որ համարվում է, որ գայլերը սիրել գիտեն : Չփորձեմ նրանց նույնիսկ մարդկանց հետ համեմատել ու գայլ-բնավորություն ունեցող մարդկանց մասին պատմել: Այս ամենի մասին դուք, ցանկության դեպքում, կարող եք գտնել համացանցում. այնտեղ շատ-շատ նյութեր կան գայլերի բնավորության, պահվածքի մասին : Շատ են նաև մարդու հետ համեմատող գրառումները :
Նախ եկեք խոսենք այն մասին, որ սա սովորական, հասարակ սեր է ու սրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա : Այ ի՞նչ կենդանի եք դուք սիրում. շու՞ն , կատու՞ : Նույնն էլ ես. իմ սիրած կենդանին գայլն է: Դուք այստեղ ինչ-որ տարօրինակ բան տեսնու՞մ եք: Ես, օրինակ, չեմ տեսնում : Չեմ տեսնում, որովհետև, հնարավորության դեպքում, տանը գայլ կպահեի այնպես, ինչպես դուք, օրինակ, շուն կամ կատու կպահեք : Բացի գայլից իմ սիրելիների ցուցակում են ագռավն ու լուսինը: Արժե տանը գայլ ու ագռավ պահել, սենյակիս կենտրոնում էլ լուսինը կկախեմ))))
Բնականաբար, դուք հիմա կմտածեք, որ սա տարբերվելու ձև է, փորձում եմ միստիկ մարդու տպավորություն թողնել :|Շատերն են դիմում նման քայլերի: Բայց ես այստեղ ոչ մի տրամաբանական կապ ու բացատրություն չեմ տեսնում : Սիրել ագռավ ու լուսին տպավորություն թողնելու համա՞ր : Ես չեմ հասկանում այս նախադասությունը: Ես ուղղակի չգիտեմ ՝ դա ինչպես են անում))) Ես սիրում եմ ագռավներին, որովհետև ինձ դուր է գալիս նրանց փետուրների գույնը, ամբողջությամբ սև լինելը : Նրանց արձակած ձայնային նշաններն ինձ հաճելի են. այ ձեզ դուր է, չէ, գալիս, ասենք, ճնճղուկների ծլվլոցը : Ես էլ ագռավի արձակած ձայներն եմ սիրում : Սիրում եմ ագռավի՝ օդում թռչելու ձևը, նրա վզի կտրուկ շարժումները : Աչքերի արտահայտությունն եմ սիրում : Լուսինը սիրում եմ, որովհետև լուսնի մեջ ինչ-որ սառնություն կա , իսկ ես ցուրտ շատ եմ սիրում : Հետո՝ գայլերը նույնպես լուսինը, կարելի է ասել, սիրում են : Գայլերին սիրում եմ իրենց բնավորության գծերի համար, պահվածքի համար : Սիրում եմ գայլերի աչքերի արտահայտությունը : Ու ընդհանրապես ՝ լուսին-գայլ-ագռավ համադրության մեջ ես ինչ-որ կապ եմ գտնում : Տեսնում եք, չէ՞, որ ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է :
Բայց արի ու տես, որ մարդիկ զարմանում են :D Ինչպե՜ս կարելի է գայլերին սիրել : Ամբողջ Ֆեյսբուքս գայլերով է ողողված...
Կան մարդիկ, որոնց էջի ողջ պարունակությունը շուն ու կատու է, կամ՝ տարատեսակ մկներ : Ինչո՞ւ դա մարդկանց չի զարմացնում : Ախր ի՜նչ տարբերություն իմ գայլերի ու ձեր շուն ու կատուների մեջ : Իմ գայլը գիշատի՞չ է : Ես չեմ վախենում այդ կենդանուց, եթե դուք վախենում եք՝ մի քանի քայլ այն կողմ կանգնեք))))
Եվ վերջապես. ինչո՞ւ է էջս ողողված գայլերով : Հարցն ունի շատ պարզ պատասխան. ես ինձ այդպես հանգիստ եմ զգում :
Իմ գրասեղանի վերևում լուսնի լուսանկար կա կախված : Ես սիրում եմ ամեն անգամ հայացքս բարձրացնելուց մեծ, սպիտակ ու սառը լուսին տեսնել : Շուտով նրա կողքին նաև գայլ կլինի, ավելի ուշ միգուցե նաև ագռավ ավելանա. դեմ չեմ լինի : Ես գայլերի լուսանկարների կողքին ինձ հանգիստ եմ զգում : Թվում է, թե ՝ պաշտպանված եմ : Գիշատիչ կենդանու կողքին ինձ պաշտպանված եմ զգո՞ւմ. միգուցե անհեթեթ զգացողություն է, բայց այդպես է,որ կա : Այդ զգացողությունը փոխել չեմ կարող: Դրա համար սիրում եմ Ֆեյսբուքում լինելու ընթացքում բացել նկարներս ու դիտել հենց այն նկարները, որտեղ գայլ կա : Խաղաղվում եմ, հանգստանում, ինձ լավ եմ զգում : Այ դուք նայում եք իրար հետ խաղացող շների նկարներն ու ժպտում եք, որովհետև դա, ինչ խոսք, գեղեցիկ է : Իսկ ես էլ գայլերի նկարները թերթելիս եմ ժպտում: Այստեղից էլ պարզ է դառնում, որ ֆեյսբուքում այդքան շատ գայլերի նկարներ ունենալը զուտ էգոիստական երանգ ունի :D Դրանք հենց ինձ համար են, որ թերթեմ, ժպտամ ու նույնիսկ սոցցանցում ինձ հանգիստ զգամ : Ինձ համար են գայլերի մասին բանաստեղծությունները, գրքերից կամ ֆիլմերից հատվածները : Եթե դրանք ինչ-որ մեկին դուր են գալիս՝ շատ ավելի լավ : Բայց դա չի արվում, որ գայլերի նկատմամբ տածած սերս ինչ-որ մեկի 'աչքը մտցնեմ' : Ես շարունակելու եմ ինձ գայլոտել՝ անկախ նրանից, թե ինչպես են մարդիկ վերաբերվում դրան :
Ինձ էլ են գայլի նմանեցնում : Ասում են , որ հայացքս,պահվածքս, շարժումներս, աչքերիս արտահայտությունն է նման : Նույնիսկ փաստում են ,որ բնավորության շատ ու շատ գծերով գայլ եմ հիշեցնում : Այսպիսի համեմատություններից ջերմ ժպտում եմ, ինձ իսկապես հաճելի է, որ գայլի նման եմ : Արդեն ինքս էլ եմ սկսել բարձրաձայնել այդ մասին :
Բայց ես երբեք հատուկ ու մտածված չեմ փորձել գայլի նմանվել ,որովհետև երբեք չեմ ցանկացել ինչ-որ տարբերվող կերպար ստեղծել ինձ համար : Այդպես ուղղակի ստացվում է: Մարդիկ ուղղակի տեսնում են այդ նմանությունը, կամ՝ չեն տեսնում : Իմ գործը գայլերին սիրելն է, նման եմ նրանց թե ոչ՝ սա այդքան էլ կարևոր չէ : Ու չեմ կարծում, որ, ասենք, հաճախ գայլերի նկարներ օգտագործելը կարող է նպաստել իմ ու գայլերի նմանեցմանը :D առանց այդ նկարների ու երգերի տողերի էլ կային մարդիկ, որոնք ինձ նմանեցնում էին այս կենդանուն : Ես ուղղակի սիրում եմ ինձ պարուրել այն ամենով, ինչն ինձ հարազատ է : Ու եթե ես սիրում եմ գայլերին, կամ թեկուզ՝ ագռավ ու լուսին, չեմ տեսնում ոչ մի զարմանալի բան նրանում, որ դրանք անբաժան են ինձնից :Դուք սիրում եք շներ, կատուներ, կամ , ասենք, ինչ-որ մոդելի, բարձրակրունկ կոշիկներ : Ամեն մարդ մի բան է սիրում : Ես էլ իմ գիշատիչ գայլին ու ագռավին եմ սիրում, իմ սառը լուսնին : Պետք չէ այդ ամենին սարսափած աչքերով նայել. ես Մարսից չեմ իջել : Ես ուղղակի սիրում եմ այն, ինչ սիրում եմ))))
Ահա այսքանը : Հուսով եմ՝ կարողացա բացատրել այն, ինչ զգում եմ :Ես սիրում եմ գայլերին: Ես ուղղակի էդպիսի մարդ եմ : Ու երազում եմ, որ մի օր իսկական գայլ կտեսնեմ ու...կգրկեմ))) Այո, այո, գիշատիչ կենդանուն ուժեղ-ուժեղ գրկել եմ ուզում, որ զգամ փափուկ մորթին, ու սիրելի կենդանուս մարմինն իր շնչառության հետ հավասար թեթևակի շարժվի իմ գրկում: Հավատացեք, ես չեմ վախենում նրա սուր ատամներից կամ ճանկերից : Ուզում եմ գրկել, որ արդեն իրականում հանգստություն ու վստահություն զգամ : Հուսամ, որ մի օր գոնե կկարողանամ իսկական գայլի շոյել ու աչքերի մեջ նայել : Ես գիտեմ, որ գայլն ինձ չի վնասի. չէ՞ որ գայլերը սիրել գիտեն...
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/10/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել