Nyut.am-ը գրում է․
Ինչպես արդեն Nyut.am-ը գրել է, իր մահկանացուն է կնքել Արցախի ազատամարտի գերգաղտնի մարդը՝ Սերգեյ Աթարբեկյանը, ով պատերազմի տարիներին մեր ղեկավարությանն ու զինվորականներին հայտնի էր միայն Էռկա (РК) մականունով:
Նրա անուն ազգանունը հայտնի դարձավ միայն պատերազմից հետո: Սերգեյը պատերազմի ընթացքում ողջ ռադիոկապի ստեղծողը, գլխավոր կապավորը, ղեկավարության հրամանները արձակողը և միակ ճշգրիտ ու հավաստի լուր հաղորդողն էր:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) այսօր առավոտյան Nyut.am-ին փոխանցեց հետևյալ խոսքերը.
-Էռկան՝ մեր Սերգեյը, պատերազմի ողջ ընթացքում խրամատից խրամատ, հրամանատար-զինվոր, ճակատից-ճակատ, Ղարաբաղ-Հայաստան ռադիոկապի հիմնադիրն ու անձամբ աշխատացնողն էր: Եթե մի նախադասությամբ ասեմ՝ Սերգեյ Աթարբեկյանը մեր ազատամարտի, բոլոր գործողությունների սիրտն է, անխափան աշխատող սիրտը: Բոլոր ամենագաղտնի հրամանները տրվում էին նրա միջոցով: Թշնամու տեղաշարժերի բոլոր գաղտնի տեղեկություններն ստանում էինք РК-ի օգնությամբ: Նա երբեք չէր սխալվում, անձամբ նրա տեղեկությունների շնորհիվ հարյուրավոր զինվորներ են փրկվել, տասնյակ ճակատամարտեր ենք շահել: Հազար ափսոս, որ մահացավ մեր Սերգեյը:
Ի դեպ ասենք, որ Սերգեյ Աթարբեկյանին երբեք աշխատավարձ չեն տվել, երբեք ֆինանսապես չեն օգնել մեր իշխանությունները: Ինքն էլ երբեք չպահանջեց: Ամբողջ ընտանիքով նվիրվեց այս գործին: Փոխարենը` որդիներին ազատեցին աշխատանքից: Այդպես էլ է լինում: Երախտամոռ ենք: Միակ օգնությունը, որ երբևէ տրվել է, 90-ականների սկզբին է եղել, երբ Վանո Սիրադեղյանը մի «վիլիս» նվիրեց РК-ին: