ՀՀ ընդդիմադիր դաշտի որոշակի շրջանակներում գերակշռող է դարձել այն մտայնությունը, որ իշխանությունների կողմից սանձազերծած բռնություններին պետք է պատասխանել նույն կերպ. այն է՝ բռնություններով, ստեղծել դիմադրության ամուր օղակ, որը և, ըստ էության, պետք է հանդիսանա իշխանությունների կազմաքանդման և հեռացման գործընթացի հաջողության հասնելու գրավականը:
Արմատական քաղաքացիական խմբավորումների և ժողովրդական որոշակի զանգվածների համար դա ընդունելի գործելաոճ է, քանզի տարիներ շարունակ իշխանությունների կողմից անխնա հարստահարվող և ցասումով լցված մարդիկ պարզապես այլ ելք չեն տեսնում: Բռնության ճանապարհով ընթանալու վերոնշյալ խմբերի միտվածությունը որոշակի դեպքերում կարելի է արդարացնել, բայց, երբ նմանատիպ լոզունգներով է հանդես գալիս ի սկզբանե պետականաշինության հայեցակարգեր ներկայացնող ընտրախավը (կամ ընտրախավի հավակնություններ ունեցող ուժը), ապա այս դեպքում գործ ունենք արդեն իր մեջ տարաբնույթ մարտահրավերներ պարունակող, պայթունավտանգ մի խնդրի հետ:
Խնդիրն ավելի քան պարզ է. պետականաշինությունը և բռնությունն իրար հակասող կատեգորիաներ են և ոչ մի կերպ չեն կարող մեկտեղվել՝ անկախ նրանից, թե հակամարտող կողմերից որ մեկն է առաջինը հարվածել՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը:
Հեղափոխական շարժման «գաղափարական հայրերից» մեկն առանձնացնում է Հայաստանի մոնոէթնիկ հասարակություն ունենալու հանգամանքը և հիմնավորում, որ, դրանից ելնելով, հնարավոր չէ երկրում «մայդան» կամ էլ քաղաքացիական պատերազմը սանձազերծել: Թերևս, վերոնշյալ դրույթի հետ մասամբ կարելի է համաձայնել՝ միայն քաղաքացիական պատերազմի բացառման տեսանկյունից, քանի որ հասարակությունը ոչ միայն մոնոէթնիկ է, այլև դրանում գրեթե չկան դասակարգային, գաղափարաբանական անլուծելի հակասություններ, որոնք կարող են կտրուկ բախման հանգեցնել: Բայց անգամ էթնիկական, կրոնական, գաղափարաբանական և դասակարգային կոնֆլիկտների բացակայության դեպքում «բռնությանը բռնությամբ հակադարձելու» թեզը չի կորցնում իր վտանգավորությունը և հղի է լուրջ սպառնալիքներով, քանի որ հեղափոխական գործիչը, ներկայացնելով մեդալիոնի միայն մի կողմը, հաշվի չի առնում սոցիալ-տնտեսական և հասարակական սուր հակասությունների առկայությունը, որոնք ի զորու են ներսից պայթեցնել անգամ մոնոէթնիկ պետությունը՝ իր ողջ կառուցվածքներով հանդերձ:
Երբ ընդդիմադիր ուժն առաջ է քաշում պետականության փրկության անհրաժեշտությունը, դնում է կոնկրետ վերջնաժամկետ և հավելում, որ դրա իրագործման ճանապարհին իշխանությունների կողմից հրահրվող բռնությունները կստանան համարժեք պատասխան, ապա տվյալ դեպքում քաղաքական թիմը մի քանի կողմից հայտնվում է շրջափակման մեջ:
Առաջին դեպքում մեծ է հավանականությունը կուլ գնալ հենց այդ բռնություններին, քանի որ, չունենալով բավարար ռեսուրսներ, իշխանությունների հետ մտնելով կոշտ դիմակայության մեջ, կարող է միանգամից կազմաքանդ լինել: Այս դեպքում քիչ է հավանականանությունը ստանալ ժողովրդական լայն սատարում, քանի որ կար չհիմնավորված վստահություն, փրկագործական արկածախնդրություն և նույնիսկ վերջնաժամկետ, բայց չկար ամենակարևորը՝ քաղաքական արդյունք: Սա էլ կլինի այն անհաղթահարելի անջրպետը, որը կբաժանի ժողովրդական զանգվածներին և առաջին իսկ արկածային բախման արդյունքում ծվեն-ծվեն եղած շարժմանը:
Պատմական պրակտիկան ցույց է տալիս` բռնությունը և դրա միջոցով իշխանության գրավումն օրինաչափորեն կանխարգելում են պետականաշինության աստիճանական պրոցեսը և, որպես կանոն, արձանագրում հետընթաց՝ տևական ժամանակ նախապատրաստված գործընթացները տանելով այնտեղ, որտեղից դրանք սկսվել էին: Բռնությունը նման է ժանտախտի, այսինքն՝ ոչ ոք չի կարող կանխատեսել դրա ընդգրկման տևականությունը և տարածման սահմանները: Որպես կանոն, այն ընդգրկում է հասարակական գրեթե բոլոր շերտերը և ի վերջո հանգեցնում անսանձ տեռորի: Բոլորը կռվում են բոլորի դեմ, և արդյունքում՝ բռնությանը կուլ են գնում հենց նրանք, ովքեր ի սկզբանե բռնություն գործադրելու կոչեր էին անում:
Այսպիսով՝ բռնությունը` որպես քաղաքական պայքարի միջոց, բոլոր դեպքերում չի կարող արդարացված լինել: Այն կարող է լուծել միայն կարճաժամկետ, առօրեական խնդիրներ՝ ապահովելով վտանգավոր և ալեկոծվող խաղաղություն, որը կարող է պայթել ամենաչսպասված ժամանակամիջոցին: Իսկ երկարաժամկետ, քաղաքակրթական խնդիրների կարգավորման գործընթացներն ոչ միայն առաջընթաց չեն արձանագրի, այլև կտեղաշարժվեն ի շրջանս յուր սկզբունքով: Ընտրությունը մերն է. կարճաժամկետ, բայց գայթակղիչ բարիկադնե՞ր, թե՞ երկարաժամկետ, բայց «տաղտկալի» պետականաշինություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/797728813654482?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել