Թեման արդիականներից մեկն է. խոսքն այն մասին է, թե ինչ սկզբունքով պետք է առաջնորդվել ամուսնական ընտրություն կատարելիս: Վստահել միայն սիրո զգացմունքի՞ն, հոգևոր-մարմնական այդ անբացատրելի ձգողականությա՞նը, թե՞ խնդրին մոտենալ ավելի սթափ ու սառը ուղեղով, ինչը ենթադրում է որոշակի հաշվարկ և, ինչու չէ, շահ: Այսինքն` առաջին տեղում բացառապես գիտակից մոտեցումն է առանց հարատև սիրո ու թրթռուն հարաբերությունների մասին տեղի-անտեղի կրկնվող խոսքերի: Ի վերջո, ամուր ու երջանիկ ընտանիք ստեղծելու համար պարտադիր պայման են բուռն սերն ու կի՞րքը, թե՞ պարզապես համակրանքն էլ բավական է…
Անյուտա, 24տ.
«Ես դա ճիշտ չեմ համարում, քանի որ ամեն ինչի հիմքում ընկած է սերը: Ինչպե՞ս կարող ես ամուսնանալ և ամբողջ կյանքդ անցկացնել չսիրած մարդու կողքին: Եվ, ի վերջո, չեմ կարծում, որ դա օրհնված ամուսնություն կլինի»:
Կարինե, 28տ.
«Իսկ ես այլ կարծիքի եմ: Ինչ խոսք, զգացմունք պետք է լինի, քանզի նրա հետ պատրաստվում ես նույն հարկի տակ ապրել ողջ կյանքիդ ընթացքում: Բայց ոչ բոլորին է հաջողվում ընտանիք կազմել մեծ սիրո հիմքի վրա, հատկապես երբ հատած են լինում 30 տարեկանի սահմանը: Ոչ այն պատճառով, որ այդ տարիքում հնարավոր չէ սիրել, բնավ: Պարզապես այդ տարիքում գիտակցությամբ ես առաջնորդվում և «ռոմանտիկ տարիքից» դուրս եկած ես լինում: Համաձայնեք, որ մեր օրերում շատ են լինում դեպքեր, երբ ամուսնանում են սիրով, բայց որոշ ժամանակ անց կանգնում են բաժանման եզրին: Ոչ միշտ է սերը հաղթահարում ամեն դժվարություն և երջանկության գրավական լինում: Ըստ իս` եթե կա փոխադարձ հարգանք, ջերմություն, համակրանք, ապա չի բացառվում, որ ընթացքում ծնվի և սեր: Արդյունքում տվյալ ընտանիքը կլինի շատ ավելի երջանիկ և ամուր:
Թող տպավորություն չստեղծվի, որ ես սերը` որպես ամուսնության հիմք, էական չեմ համարում: Պարզապես, իմ կարծիքով, սերը կոկոն է, որը ոմանց մոտ ընթացքում է բացվում»:
Արտակ Քիքինյան, 32տ.
«Դեռ մեր ծնողների ժամանակ ոչ բոլորն են սիրելով ամուսնացել, բայց փաստը ցույց է տվել, որ 100-ից 80-ը երջանիկ է եղել: Կարծում եմ` այն ժամանակ ավելի ամուր է եղել օջախի սյունը: Դա կարող ենք պատճառաբանել մի քանի հանգամանքով. աշխատանք գրեթե բոլորն ունեցել են, բարեկեցիկ կյանքը հասանելի է եղել բոլորին, այսքան շատ հոգսեր չեն ունեցել… Մեր օրերում ավելի դժվար է դարձել միմյանց հավատալը: Իհարկե, սիրելով ամուսնանալը երջանկության բանալին է, բայց եկեք չբացառենք այն դեպքերը, երբ սիրով են ամուսնանում, բայց ապրելակերպը աստիճանաբար ազդում է սիրահարների վրա: Շատ են խոսում այն մասին, որ ամենակարևորը սերն է, համամիտ եմ: Բայց չմոռանանք նաև, որ իրականություն գոյություն ունի, որտեղ ֆինանսը մեծ ազդեցություն ունի հենց սիրո ու համատեղ երջանիկ կյանքի վրա»:
Շարունակությունն այստեղ`