Կառավարության որոշման համաձայն՝ մարտի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիների լիցենզավորման նոր ընթացակարգը, որը, սակայն, դժգոհություն է առաջացրել մի խումբ վարորդների շրջաններում:
Նախ հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում վերոնշյալ ընթացակարգը։ Համաձայն նոր օրենքի` անհատ տաքսիստները պետք է անպայման հաշվիչներ տեղադրեն, մեքենայում ունենան գազի բալոն տեղադրելու թույլտվություն: Սրան զուգընթաց վերացվել են պարտադիր բուժզննման և տեխզննման պահանջները, և որ ամենակարևորն է՝ անհատ տաքսիների ամսական հարկը, որը 14500 դրամ էր, Երևանում գործող տաքսիստների համար նվազել է 12000 դրամ, իսկ մարզերում գործողների համար` 8000 դրամ:
Մի խումբ վարորդներ դժգոհ են նոր օրենքից: Երեկ վերջիններս հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար: Վարորդների բողոքն այն է, որ նրանք չեն պատրաստվում գնել հաշվիչներ, քանի որ դրանք բավականին թանկ արժեն՝ մոտավորապես 50 – 70 հազար դրամ:
Հանուն արդարության պետք է նշենք, որ հաշվիչների բացակայության հետևանքով սպառողները բազմիցս ունեցել են անախորժություններ և որոշակի խնդիրներ՝ կապված վճարվող գումարի հետ: Պատահական չէ, որ մենք օգտվում ենք հիմնականում այն տաքսիներից, որոնցում առկա են հաշվիչներ, ինչո՞ւ...
Պատճառը պարզից էլ պարզ է: Շատ են մարդիկ մեր շրջապատում, ովքեր հաճախ տուժել են առանց հաշվիչ տաքսիներից օգտվելուց, որովհետև հաճախ վարորդները պահանջում են գումարներ, որոնք մի քանի անգամ նորմայից բարձր են:
Չենք կարող չփաստել, որ շատ ժամանակ հաշվիչով և առանց հաշվիչ տաքսիների՝ նույն ճանապարհի համար պահանջվող արժեքը միմյանցից 500-800 դրամ տարբերություն են ունենում:
Այո, այն, որ երկրում ստեղծված սոցիալական վիճակում լրացուցիչ 50-70 հազար դրամը մեր հասարակության համար բավականին մեծ գումար է, դա փաստ է, սակայն հաշվիչներ գնելու համար ծախսն արվում է մեկ անգամ, բայց հասարակության ավելի լայն շերտերի համար, ովքեր օգտվում են տաքսի ծառայություններից, այն երկարաժամկետում «խնայողությունների» և ավելորդ անախորժություններից զերծ մնալու համար կարևոր նշանակություն ունի: