Վերջին ամիսների ներքաղաքական զարգացումներին հետևելիս թվում էր, թե աստիճանաբար ուրվագծվում են հետագա կարևոր գործընթացներն ու հիմնական իրադարձությունները, սակայն շաբաթներ առաջվա հայտարարություններն կարծես խառնեցին խաղաքարտերը, և որոշ չափով հստակեցված պատկերը հայտնվեց քաղաքական մշուշում:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերցրել է քաղաքական «թայմ աութ»: Մասնավորապես՝ խորհրդարանում բոյկոտել են նիստը և չեն մասնակցում ԱԺ լումներին, իսկ կուսակցության ղեկավարի «հաստիքը» դե ֆակտո թափուր է:
Այն, որ կուսակցությունը նման զարգացումներից հետո պետք է գնար ընդմիջման` հետագա անելիքները հստակեցնելու և կուսակցական գործունեությանը նոր շունչ հաղորդելու համար, դա պարզ իրողություն էր: Սակայն պետք է նշենք, որ այդ քայլի հիման վրա ԲՀԿ-ի մասով հստակ կանխատեսումներ անելու համար բավականին վաղ է:
Սա հասկանալու համար պահանջվում են պարզունակ քաղաքական հաշվարկներ, սակայն իրենց հաշվարկների մեջ ակնհայտ շտապում են կոնգրեսականները: Մասնավորապես՝ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն, Ազատության հետ զրույցի ժամանակ անդրադառնալով ԲՀԿ գործունեությանը, նշել է.
«Եռյակն ովքեր էին՝ «Հայ ազգային կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը։ Հիմա ԲՀԿ-ն այս պահին խաղից դուրս է, հիմա ԲՀԿ-ն ի՛նքը պետք է ասի՝ որտեղ է ինքը գտնվում։ ԲՀԿ-ն այս պրոցեսից հետո, ահաբեկչական այս գրոհից հետո ոչինչ չի ասել»։
Փաստորեն, ՀԱԿ-ի ներսում բարգավաճականների նկատմամբ տրամադրություններն ակնհայտ փոխվել են: Կոնգրեսականներն արդեն ԲՀԿ-ին «օֆֆ սայդ» կարգավիճակում են տեսնում և բացահայտ մեղադրում քաղաքական պարապուրդի մեջ:
Ինչպես տեսնում ենք, ՀԱԿ-ն ինքն իր համար որոշել է, որ «բաժանորդն այլևս գոյություն չունի», այսինքն՝ ԲՀԿ-ն այսուհետ դուրս է քաղաքական լուրջ գործընթացներից ու իրադարձություններից: