Վերջին զարգացումները նոր երանգ հաղորդեցին քաղաքական դաշտին:
Եթե մի փոքր հետադարձ հայացք գցենք ու հիշենք սրացումները մինչև ԲՀԿ-ՀՀԿ կոմպրոմիսի գալը, ապա կփաստենք, որ գլոբալ առումով կողմերի հայտարարությունները լավ բան չէին հուշում:
Ավելի կոնկրետ, կողմերից ոչ մեկը չուներ զիջողական տրամադրություններ: Մի կողմից Հանրապետական կուսակցության ղեկավարությունն ուժեղացնում էր քաղաքական ճնշումը հակառակ կողմի նկատմամբ, իսկ մյուս կողմից ԲՀԿ-ն էլ որդեգրել էր «կորցնելու ոչինչ չունենք, գնում ենք մինչև վերջ» կարգախոսը: Կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ էր, որ բախումն անխուսափելի է լինելու:
Հետևաբար ի՞նչ ունենք, և ի՞նչ կունենայինք, եթե չլիներ հաշտեցումը:
Պարզից էլ պարզ է, որ քաղաքական դաշտում նման սուր տրամադրությունները, այս կամ այն ուժի անզիջող կեցվածքը հուշում են անխուսափելի բախման մասին: Այս օրերին բազմաթիվ իրարամերժ կարծիքներ ու վերլուծություններ էին հնչում։ Մասնավորապես՝ մի մասը հավատում էր, որ ԲՀԿ-ն այլևս կորցնելու ոչինչ ունի և գնալու է մինչև վերջ, իսկ մյուս մասն էլ, սառը դատելով ու հասկանալով իրավիճակը, կանխատեսում էր շուտափույթ հաշտեցումը:
Այդուհանդերձ, պայքարը դեպի փողոց դուրս բերելը, որը նման չէր լինելու նախկինում անցկացրած հանրահավաքներին, ակնարկում էր ինչ-որ սուր զարգացումներ բախումներ, գուցե որոշ մարդկային զոհեր… Ինչևիցե:
Վերջապես ի՞նչ կտար դա հանրությանն ու ընդդիմադիր զանգվածներին: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն, այդուհանդերձ, պատրաստ չէր հասնել լիակատար իշխանափոխության (պատճառները քիչ չեն): Բացի մի քանի օր քաղաքացիական անհնազանդություններից, բախումներից և դրան հաջորդող ձերբակալություններից, ուրիշ ոչինչ չէր ստացվելու:
Կարծում եմ, որ հաշտությունը խելամիտ որոշում էր, քանի որ եթե գլոբալ նայենք, առաջիկայում բախումներն ու քաղաքական դաշտի ցնցումները չեն բխում պետական և ազգային շահերից: Նամանավանդ այս տարի միջազգային հանրության ուշադրությունը սովորականից մի փոքր ավելին է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նկատի ունենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
Եվ վերջում. բոլորս էլ լավ գիտենք, որ ամեն անգամ ներքաղաքական ամենապրիմիտիվ ցնցմանը հաջորդում են ադրբեջանական կողմի սադրիչ գործուղություններն ու լայնամասշտաբ մարտական գործողությունները, հետևաբար համոզված եմ, որ ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտը կուժեղացներ նաև լարվածությունը շփման գծում: Դա, կարծում եմ, ամենաքիչ բանն է, որ մեզ այսօր պետք է: