Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությանը եկածներին հանդարտվելու կոչ էր անում, քանի որ կանայք ուշագնաց էին լինում, տղամարդիկ ողբում էին... Մարդիկ անպատմելի սգի մեջ էին և երբեմն կորցնում էին ինքնատիրապետումը։ Եպիսկոպոսի ձայնը սթափեցնում էր բոլորին։
Ավելի ուշ, արդեն երեկոյան դեպքերի ժամանակ ևս հանդարտության կոչ էր արվում։ Գյումրին սգում է, և նրա հետ սգում ենք բոլորս՝ մայր, թե մանուկ։ Գյումրեցի մի կին պատմում էր, որ ամեն իրիկուն իր հինգ տարեկան դուստրը հարցնում է մի քանի անգամ՝ մամ, տան դուռը փակել ե՞ք, Սուրբ Նշան եկեղեցու մոտ՝ խաչքարի դիմաց դրված մոմերից երկուսը շարունակ հանգչում էին, մի տղամարդ վառում էր լուցկին, մոմը տալիս էր ձեռքս և ասում. «Պահիր, վառեմ, ոչ մի մոմ չպիտի հանգչի», հետո էլ արցունքն աչքերին ինձ բացատրում էր, որ ոճրագործը թուրքա-ջհուդախառը մի կենդանի է։ Գյումրին սգում է, և հպարտ եմ, որ չի բավարարվում սգալով, այլև պահանջատեր է, պինդ է, տեր է իր պահանջին և արդար է։
Մենք բոլորս պահանջատեր ենք, և եթե կա պահանջը, այն պետք է կատարվի, այդպես է ուզում ժողովուրդը, և այդպիսին են միջազգայնորեն ընդունված նորմերը։ Երեկ ԱԳ նախարարի տեղակալը բացատրեց՝ եթե զինծառայողը հանցանքը կատարել է ռազմաբազայի տարածքում՝ հանցագործն իրենցն է, եթե կատարել է այդ տարածքից դուրս (իսկ հանցանքը կատարվել է այդ տարածքից դուրս), ուրեմն մեր պետությունը պիտի պատժի հանցագործին։
Նույնը հազար և ավելի անգամ կրկնեց և ասաց ՀՀ Գլխավոր դատախազը, ով նույնպես գյումրեցիների կողքին էր և նրանց հետ։
Սա պետք է հասկանալ, իսկ քարեր նետելու ժամանակը չէ, և իզուր ու վտանգավոր է քարերը նետել այլոց պատվերով և սեփական հ/կ-ական շահերի և սեփական պատվիրատուներին բավարարելու նպատակով։ Թշնամիներ մենք առանց այդ էլ շատ ունենք, և կարիք չկա դրանց թիվն ավելացնել մեր մեջ փնտրելով, սոցկայքերում լաչառություն եմ տեսնում, որը վտանգավոր եմ համարում և համարում եմ դավաճանություն։
Դադար տվեք, մի պղտորեք գյումրեցիների արդար պահանջը, մի փորձեք ձեռքերը տաքացնել ուրիշների վշտի և կորուստի վրա։ Հեռու քաշվեք, թողեք՝ հասարակությունն անի իր անելիքը, ժողովուրդն իմաստուն է և գիտի՝ ինչ է անում, մի փորձեք ուղղորդել ձեր եղկելի մեթոդներով և նկրտումներով... Ի վերջո, կա ազգային անվտանգության ներքին, արյան կանչով տրված ընկալում, դադար տվեք, դրսի ուժերի հետ աշխատողներ, էս երկիրը դրսի ուժերինը չէ, էս երկիրը մեր բոլորի, բոլոր հայերի երկիրն է և մի փորձեք սպիտակ ձեռնոցներով ուրիշներին և երկիրը ներքաշել կրակների մեջ... Հատիկ-հատիկ բոլորիդ, բոլորը գիտեն, գոնե մեկ անգամ նայեք հայելու մեջ և ոչ թե շահ տեսեք, այլ նայեք ձեր իսկ աչքերին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/margarit.yesayan/posts/839663256095939?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել