Սիրած էակի ծնողների հետ առաջին հանդիպումը հեշտ փորձություն չէ: Դրան պետք է նախապես պատրաստվել, եթե ցանկություն ունես, որ ձեր հարաբերությունները լրջանան: Ծնողների հետ հանդիպման ժամանակ թույլ տրված սխալները կարող են ճակատագրական լինել, անգամ կարող են հանգեցնել բաժանման: Իսկ մենք նման բան չենք ցանկանում: Ուրեմն եկ տեսնենք, թե ինչպես վարվել, ինչ խոսել, ինչ հագնել և ինչ սխալներ թույլ չտալ:

Ծնողների հետ հանդիպումը սովորաբար տեղի է ունենում նրանց տարածքում: Ավելի լավ է նրանց հանձնել առաջնայնությունը և առաջին անգամ նրանց ձեր տուն չհրավիրել: Դրանով կզբաղվենք այն ժամանակ, երբ լավ տպավորություն թողնենք ծնողների վրա:

Եվ այսպես`ի՞նչ է պետք հիշել սիրեցյալիդ ծնողներին հյուր գնալիս:

Նախ ստիպված ես հաշտվել այն մտքի հետ, որ այդ երեկո քեզ խիստ գնահատելու են: Այն, թե ինչպիսի տպավորություն կգործես ծնողների վրա, մեծամասամբ քեզնից է կախված: Հետո, հիշիր, որ նրանք նույնպես հուզվում են, այդ պատճառով պետք չի խիստ դատել: Չենք մոռանում նաև արտաքին տեսքի և վարվելաձևի կանոնների մասին: Այժմ ավելի մանրամասն:

Քեզ գնահատելու են: Իհարկե, այնքան էլ հաճելի չէ, որ յուրաքանչյուր քայլդ ու բառդ գնահատվելու է սիրելիիդ ծնողներիդ կողմից, սակայն դրանից խուսափել չես կարող, չէ՞ որ իրենց որդին ամենալավն է և արժանի է լավագույնին: Ավելի լավ է այդ առիթով չնյարդայնանաս, այլ պարզապես հաշտվես այդ մտքի հետ: Միայն պատկերացրու, թե ինչպես կվարվեիր ինքդ նմանատիպ իրադրությունում: Մի՞թե չես գնահատելու երեխաներիդ ընտրյալներին: Տեսնու՞մ ես։ 

Ծնողները նույնպես հուզվում են: Շատ ծնողներ քեզ պես հուզվում են առաջին հանդիպման ժամանակ: Նրանք անհանգստանում են. իսկ նրանք քո դուրը կգա՞ն: Այդ պատճառով առաջին հանդիպումը մի փոքր արհեստական է լինելու ինչպես քեզ, այնպես էլ նրանց համար:

Արտաքին տեսքը: Սա շատ կարևոր հարց է: Տարածված սխալն այն է, որ շատերը կարծում են, թե սիրելիի ծնողները նախնադարյան մամոնտներ են, և նրանց դուր գալու համար պետք է հնաոճ հագուստ հագնել: Սակայն մի՞թե դա լավ է: Բոլոր ծնողները` անկախ տարիքից, երբեք չեն ընդունում, որ չեն հետևում նորաձևությանը, անգամ եթե դա այդպես է: Սովետական հին կիսաշրջազգեստ և համեստ բլուզ հագած նրանց ներկայանալով` առաջին հերթին ցույց կտաս, որ ճաշակ չունես, ինչը ծնողներին խորհելու առիթ կտա («Իսկ այսպիսի անճաշակը մի՞թե արժանի է մեր որդուն»): Մյուս ծայրահեղությունն էլ այն է, որ աղջիկը հագնում է իր լավագույն զգեստը, որը պարզ ցուցադրում է իր բարեմասնությունները: Սրանով նույնպես դժվար թե գրավես սիրեցյալիդ ծնողներին:

Ավելի լավ է ընտրել մի փոքր տոնական ու ճաշակով հագուստ: Թանկարժեք աքսեսուարները ձգտիր բացառել: Կարող է առաջանալ կանացի նախանձ (մայրը կմտածի, որ երբեք ադամանդե մատանի չի ունեցել, իսկ դու քո տարիքում արդեն ունես), կամ էլ ծնողները կմտածեն, որ դրանով ցույց ես տալիս քո սոցիալական դիրքը, և իրենց որդին դժվար կարողանա ապահովել քեզ: Բացառություն կարող է լինել ընտանեկան զարդը, սակայն այդ դեպքում հարկ կլինի նշել դրա նախապատմությունն ու ասել, որ այն կրում ես միայն շատ կարևոր իրադարձությունների ժամանակ:
Վարվելաձև:

Սրա մասին նույնպես պետք է նախապես մտածել: Այն, թե ինչպես քեզ կպահես, շատ բաներից է կախված: Եթե սիրելիդ արդեն իսկ հրավիրել է քեզ ծանոթանալ իր ծնողների հետ, ապա ձեր հարաբերությունները լուրջ են: Մինչ այդ ժամանակն արդես պետք է որոշակի տեղեկություն իմանաս նրա ընտանիքի մասին: Ահա թե ինչ պետք է իմանաս. նրա ծնողների անունները, քանի տարեկան են, ով է ապրում նրանց տանը բացի ծնողներից: Ընդհանրապես պետք կգա ցանկացած տեղեկություն նրա և նրա ընտանիքի մասին: Հատկապես կարևոր է իմանալ, թե ով է ընտանիքում գլխավորը, ում խոսքն է վերջինը: Այ հենց ընտանիքի այդ անդամին էլ պետք է ամենաշատը ձգտել դուր գալ:

Ծնողները մեծ ուշադրություն են դարձնում նաև նրան, թե ինչպես ես վերաբերվում իրենց որդուն, ինչպես ես դիմում նրան: Կարծում եմ` անիմաստ է նշել, որ պետք չի համբուրվել, գրկախառնվել նրանց ներկայությամբ: Մի որոշ ժամանակով մոռացիր նաև «մուսի-պուսի» և այլ «պուպուշ» բառերի մասին:

Ինչի մասին խոսել ծնողների հետ: Այս հարցը շատերին է մտահոգում: Ամենասկզբից պետք է խուսափել հետևյալ սխալներից. չպատմել ոչ մի վատ բան քո մասին, անգամ կատակով վատ չարտահայտվել սիրեցյալիդ, ծնողներիդ մասին: Դու, սիրելիդ, ծնողներն ու երեխաները սուրբ թեմաներ են: Այդ ցուցակին ավելացրու ծնողների նախասիրություններն ու իրենց ընտանիքի հետ կապված կարևոր տարեթվերն ու իրադարձությունները:

Համառոտ պատմիր քո մասին. որտեղ ես սովորել, աշխատել, պատմիր ծնողներիդ մասին, ինչ նպատակներ ունես ապագայի համար: Եթե ինքդ չպատմես, նրանք իրենք կհարցնեն:

Եվ վերջում մի քանի խորհուրդ:

-չստել, չկոպտել

-հանդիպումից առաջ խիզախության համար ոգելից խմիչք չօգտագործել

-լինել պարզ ու հասկացող

-անկախ ծնողների հետ հարաբերություններից շարունակել սիրել ընտրյալիդ

-լինել կիրթ և զուսպ:

Կարդալ ավելին այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել