ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են ունեցել կաթնամթերք, միս-մսամթերք արտադրող տնտեսվարողների ներկայացուցիչների հետ: Անասնապահությանը և կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությանն առաջնային կարևորություն է տրված: Այս մասին են վկայում ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի հանդիպումները ոլորտի ներկայացուցիչների հետ:
Վիճակագրական տվյալները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ այս տարվա 3-րդ եռամսյակի ընդհանուր ցուցանիշների համաձայն` առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն հատվածի համեմատ կաթնամթերքի արտադրանքը միջինում ավելացել է 6-10%-ով: Միևնույն ժամանակ 18%-ով ավելացել է նաև մսամթերքի արտադրությունը, 14%-ով` մսի կիսապատրաստուկների արտադրությունը:
Երեկ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ և քննարկել է այս ոլորտի զարգացման հիմնական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել օգնելու տնտեսվարողներին:
Նշենք, որ կառավարությունն այս տարվա հուլիսին արդեն հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ոլորտների զարգացմանն ուղղված ռազմավարության և գործողությունների ծրագիրն ավելացնելու առաջարկությանը: