Խլուրդը հիմնարկում իրեն վատ էր պահում, քիթն անտեղի խոթում էր այստեղ ու այնտեղ, բամբասում ու զրպարտում։
Հնար չկար, հրավիրեցին ժողով, քննարկեցին հարցը և բանավոր նկատողություն արեցին։
Սակայն խլուրդն իր խլուրդությունն էր շարունակում։ Բանավոր նկատողությանը հետևեց գրավոր նկատողությունը, գրավոր նկատողությանը՝ վերջին նախազգուշացումը։ Չէ՛, խլուրդը չփոխվեց։
- Այս հիմնարկում կամ մենք, կամ խլուրդը,- բողոքեցին զեբրը, ձին, եղնիկը և ընձուղտը։
Նորից ժողով, նորից խլուրդի հարցը։
- Ի՞նչ անել։
- Հարկավոր է աղվեսին հանել աշխատանքից,- խոսեց փիղը:
- Իսկ ինչո՞ւ աղվեսին,- խոսեց արջը։- Չէ՞ որ մենք այստեղ խլուրդի հարցն ենք քննարկում։
Եվ փիղը պատասխանեց.
- Որտեղ աղվեսներ կան, խլուրդներն այնտեղ իրենց ազատ են զգում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: