1939 թվականի մարտի 7-ին և այն էլ դռնփակ նիստում վերջապես քննության է դրվում Հրաչյա Աճառյանի գործը: Դատը վարում է Մոսկվայից ժամանած դատական եռյակը: Դատավոր Նովիկովը ներկայացնում է Աճառյանի մեղադրանքները` նացիոնալիզմ, անգլիամոլություն, լրտեսություն, համալսարանում դաշնակցական խմբակի ղեկավարում, Հայաստանը Ռուսաստանից անջատվելու և միևնույն ժամանակ Ղարաբաղը Հայաստանին միացնելու կողմնակից, լեզվաբանությունից մարքսիստական ուսմունքը դուրս վանելու գաղափարախոս և այլ անհիմն մեղադրանքներ:
Դատավորի այն հարցին, թե լեզվաբանը ինչու է անգլերենը ռուսերենից ավելի շատ սիրում, Աճառյանը պատասխանել է, թե անգլերենի քերականությունը հեշտ է, 300 բառ իմացողը կարող է ճառ արտասանել, մինչդեռ ռուսաց լեզվի քերականությունը շատ դժվար է նույնիսկ ռուսների համար: Իսկ «նացիոնալիստ» բառի կապակցությամբ ասել է. «Ես սիրում եմ իմ ազգը` առանց ատելու մյուս ազգերը: Մենք փոքր ազգ ենք. եթե հայերը ազգասեր չլինեին, հայ ազգը այդքան դարեր չէր կարող պահպանել իր գոյությունը»: