Եթե շատ մարդկանց կառավարելու ու իրենց ուժը ցույց տալու համար պետք են զենքեր, սարսափազդու հայտարարություններ և բռնություն, ինձ հարկավոր է ընդամենը թուղթ ու գրիչ : ՛՛Իմ գրիչն իմ զենքն է ՛՛. այս նախադասությունն արդեն տարիներ շարունակ իմ ուղեկիցն է դարձել ու իմ ՛՛ռազմավարության՛՛ գլխավոր կանոնն է հանդիսանում : Ես գրչովս եմ զրուցում մարդկանց հետ, պատմում իմ վերապրածը, կիսվում գաղտնիքներովս, երազում ու մտածում ապագայի մասին: Ես ունեմ գրիչ, որը կարողանում է ՛՛բարձրաձայնել՛՛ մտքերս ու խոսել այն ամենի մասին, ինչի մասին միգուցե ինքս կլռեի : Եվ այն, իսկապես, իմ ամենաուժեղ զենքն է :
Շատերն են ասում. ՛՛Ես գրում եմ ինձ համար՛՛ : Երբեք նման դիրքորոշումը չեմ հասկացել : Եվ չեմ էլ պատրաստվում ըմբռնել : Որովհետև բլոգինգով զբաղվելու ընթացքում ես մի բան եմ հասկացել. ցանկացած գրված նյութ , լինի դա վերլուծական ոճի մի բան, թե՝ պատմվածք, պատկանում է իր ընթերցողին : Ստեղծագործող մարդու մտքերն իրեն չեն պատկանում : Ցանկացած գրառման տերը հենց գրառման ընթերցողն է, հասկացողը : Դու ստեղծում ես ինչ-որ մի բան, ու մարդիկ դա դարձնում են իրենցը : Հենց սրանում է կայանում հրաշքը :
Գրող մարդկանց միշտ ՛՛փոքր աստված՛՛ եմ անվանում : Եվ այս բառերս համապատասխանում են իրականությանը. թուղթ ու գրիչն օգտագործելով կարելի է աշխարհներ ստեղծել : Աշխարհներ, որոնք կլինեն շատ ճիշտ ու նուրբ կառուցված, աշխարհներ ,որոնք շատ դեպքերում գերազանցում են մեր իրականությանը :
Ենթադրենք՝ ես պատմվածք եմ գրում : Ես հանդիսանում եմ տվյալ պատմվածքի հեղինակը, իսկ հերոսների համար ես իրոք աստված եմ դառնում, որովհետև ես եմ որոշում՝ ինչպիսին կլինեն նրանք : Մազերի ու աչքերի գույն, բնավորություն, սյուժետային գծեր: Ես որոշում եմ նույնիսկ հերոսներիս քայլվածքն ու ձայնը. մի՞թե սրանից հրաշալի բան կարող է լինել : Բոլորս էլ սիրում ենք կառավարել ու թելադրել սեփական օրենքները : Իսկ ստեղծագործելու ժամանակ ողջ կառավարման ընթացքը քո ձեռքերում է : Դու քեզ անհաղթ ես զգում. չէ՞ որ այստեղ հենց քո օրենքներն են . ամեն բան շարժվում է այնպես, ինչպես դու կկամենաս: ՈՒ քեզ էլ պետք չեն մեծաբերան բառեր, քեզ պետք չէ ինքնահաստատվել ու ինչ-որ բան ապացուցել : Դու գիտես, որ կա տարածք, որտեղ հենց դու ես թելադրում ամեն բան : Ու հենց դա էլ ստիպում է անընդհատ ավելի զարգանալ, գնալ առաջ, ուշադիր լինել ամեն մանրուքի նկատմամբ . աշխարհ ստեղծելը պարտավորեցնող ու շատ նուրբ ու զգույշ գործ է : Պետք է ամեն բան գիտակցված կառուցես ու խելամտորեն օգտագործես :
Ժամանակի ընթացքում, երբ սկսում ես շատ ստեղծագործել ու տարբեր պատմություններ ու կերպարներ ստեղծել, հասկանում ես , որ կերպարներդ, իրականում, շնչում ու ապրում են : Ես ինքս միշտ հոգ եմ տանում կերպարներիս մասին, փորձում եմ ճիշտ շարունակել սյուժետային գծերը, իսկապես վերապրել նրանց զգացածը .եթե ուզում ես լավ, իրականությանը մոտ նյութ ստանալ, պետք է սկսես ՛՛համագործակցել՛՛ կերպարներիդ հետ : Գալիս է մի պահ, երբ նույնիսկ մոռանում ես, որ նրանք ընդամենը քո երևակայության ծնունդն են : Դու սկսում ես նրանց շատ լուրջ ուսումնասիրել, հասկանալ նրանց, ըմբռնել, փորձում ես նրանց նման մտածել ու հասկանալ արարքները: Թվում է , թե գրելը խաղ ու պար է. միքիչ գրագիտություն, միքիչ ստեղծագործ միտք ու վերջ, պատրաստ է : Սակայն սա շատ լուրջ գործընթաց է, որին պետք է խնամքով վերաբերվել...Խոսքերս շատերի համար ցնորք կթվան: Բայց հավատացեք՝ ստեղծագործող մարդիկ հիմա ինձ լավ են հասկանում ))))
Երբ իմ փոքրիկ պատմվածքը պատրաստ լինի, այն դադարում է իմը լինելուց : Ի երջանկություն ինձ ՝ պետք է նշեմ, որ գրառումներս շատ արագ են գտնում իրենց իսկական տերերին : Իսկ իսկական տերեր հանդիսանում են այն ընթերցողները, որոնք քո գրառման մեջ հենց իրենց են գտնում : Եվ այսպիսով՝ քո գրառման տերը դառնում են նրանք :
Չկա աշխարհում ավելի լավ զգացում, քան երբ նամակներ եմ ստանում այն մասին, որ գրառումներս կարծես ինչ-որ մեկի սրտից լինի, ասես նրա մտքերը լսել ու շարադրել եմ : Նման պահերին եմ հասկանում, որ հենց այս բառերի համար էր պետք գրել ու անընդհատ աշխատել : Հավատացեք, ցանկացած գրառում իր ընթերցողն ունի : Ու հենց այդ ընթերցողին է պատկանում :
Իսկ ինձ մնում է միայն ստեղծել նոր աշխարհներ, աշխատել կերպարներիս հետ ու ուրախանալ, որ ինքս էլ ՛՛փոքրիկ աստված ՛՛ եմ ու հնարավորություն ունեմ աշխարհներ կառավարելու : Ինձ հասու է այն ամենը, ինչը շատերի համար փակ է ու անհասկանալի : Ես գրչով կարող եմ փոթորկել մարդկանց, կամ՝ սփոփել : Կարող եմ հուզել, կարող եմ երջանկության կտորներ ուղարկել : Կարող եմ բառերովս գրկել մարդկանց ու զգալ նրանց սրտի աշխատանքը : Գրիչն, իրոք, շատ հզոր զենք է : Պետք է նրա հետ զգուշությամբ աշխատել. չէ՞ որ գրչիցս դուրս եկած ամեն մի բառ մարդկանց զգացմունքների հետ է շփվում ու խոսում : Ես շատ կարևոր առաքելություն ունեմ. գրչի օգնությամբ խոսել մարդկանց հետ : Հպարտությամբ կարող եմ նշել, որ ինքս էլ ՛՛փոքրիկ աստված ՛՛ եմ ու, գրողը տանի, անասելի շատ եմ սիրում իմ մասնագիտությունը : Աստված լինելը հրաշալի զգացում է )))))
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/08/blog-post_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել