2007-ի ամռանն էր։ Կրտսեր քույրս՝ Նվարդը, ծանր, անբուժելի հիվանդ, պառկած էր Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Ամեն օր տեսակցության էի գնում քրոջս։ Մի անգամ ծանր մտքերիս մեջ, երթուղայինից իջա ու նկատեցի, որ կոշիկիս կրունկը պոկվել, մնացել էր մեքենայի մեջ։ Հարցուփորձ անելով, մոտերքում կոշիկի վերանորոգման կետ գտա, որ մոտավորապես փոքրիկ մի կրպակի չափ էր։
Կոշկակարը տեղում չէր, բայց մոտերքում գտնվող մարդիկ ասացին, որ շուտով կգա։
Մի քանի րոպեից եկավ։ Հասկանալով, որ իրեն եմ սպասում, ներողություն խնդրեց։ Ասաց, որ կողքի շենքում է ապրում, երեխային շտապ ինչ-որ բան էր պետք... Շատ քաղաքավարի ինձ աթոռ առաջարկեց, իսկ ինքը վերցրեց անկրունկ կոշիկս ու գործի անցավ։
Ես նայում էի, թե նա ինչպիսի խնամքով ու վարպետորեն է աշխատում, ինչպես է մանրակրկիտ կտրում, հարմարեցնում նոր կրունկը, սոսնձում, ինչ-որ գործիքի վրա շտապ չորացնում այն... Նայում ու մտածում էի՝ ձեռքիս փողը կհերիքի՞ արդյոք։ Քրոջս համար դեղեր էլ պիտի գնեի։ Արդյոք 2 հազար դրամով կբավարարվի՞ վարպետը։ Տեսնում էի, թե ինչպիսի բարեխղճությամբ է աշխատում նա։
Մոտ 15 թե 20 րոպե հետո կոշիկս պատրաստ էր։
- Վարպետ, որքա՞ն պիտի վճարեմ,- հարցրի։
- 300 դրամ։
- Ի՞նչ,- ակամայից դուրս թռավ բերանիցս։
Վարպետին թվաց, թե դժգոհում եմ, որ շատ է պահանջում, բայց անմիջապես վրա բերեցի.
- Այդքան չարչարանքիդ համար ընդամենը 300 դրա՞մ...
Մի կերպ համոզեցի և 500 դրամ վճարեցի։
Առայսօր չեմ մոռացել նրան՝ այդ համեստ, բարեխիղճ ու ազնիվ Վարպետին։ Շեքսպիրի հերոսը կասեր՝ «Մարդ էր, Հորացիո»...
Նյութի աղբյուր՝ http://vardgesovyan.blogspot.com/2014/08/blog-post_24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել