Օգոստոսի 27-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու երջանկահիշատակ Աբունա Պաուլոս Պատրիարքի համար: 

Մինչ արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն անդրադարձ կատարեց Աբունա Պաուլոս պատրիարքի հովվապետության տարիներին, կարևոր դերակատարությանը Եթովպիայի Եկեղեցու զորացման գործում, ինչպես նաև Հայոց Եկեղեցու և Եթովպիայի Եկեղեցու եղբայրական հարաբերություններին: Իր խոսքում Սրբազան Հայրը հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի վերստին ցավակցություն հայտնեց Եթովպիայի Եկեղեցուն և ժողովրդին: 

Այնուհետև Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանները աղոթք բարձրացրեցին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու լուսահոգի գահակալի համար: 

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե), Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: 

Օգոստոսի 23-ին երջանկահիշատակ պատրիարքի հուղարկավորությանը մասնակցեց նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունն ի դեմս Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել