Ինչի՞ համար չի կարելի մեղադրել տղամարդկանց
Նրանց հետ դժվար է խոսել, հատկապես զգացմունքների ու հարաբերությունների մասին, նրանք անկարող են հավատարիմ լինել և միշտ խուսափում են խնդիրների լուծումից... Տղամարդկանց հասցեին կանանց մեղադրանքների ցանկը գրեթե քրեստոմատիական է և տարիների ընթացքում չի փոխվում: Ինչո՞ւ է այդպես: Հոգեվերլուծաբանների օգնությամբ փորձենք գտնել մեր հազարավոր «ինչուների» պատասխանները:
Մեզ մանկուց տարբեր կերպ են դաստիարակում (տղաները մայրիկների հետ չափազանց հազվադեպ են խոսում իրենց զգացմունքների մասին), արդյունքում կանայք կարողանում են խոսել իրենց ապրումների մասին, իսկ տղամարդիկ նախընտրում են խնայողաբար օգտագործել խոսքը, հիմնականում՝ տեղեկություն հաղորդելու համար:
Երկու բևեռների հանդիպումը
Տղամարդու և կնոջ հանդիպումը միշտ էլ հարաբերությունների մասին երկու հակադիր պատկերացումների, տարբեր կենսափորձերի հանդիպում է: Խորհելով, օրինակ, մեր սեռական նույնականության մասին՝ մենք տարբեր հարցեր ենք տալիս: Տղամարդը վախենում է չբավարարել զուգընկերուհուն սեքսուալ առումով: Իսկ կինը հարց է տալիս իրեն, թե ինչ ասել է կին:
Վարվել այնպես, ինչպես իր մա՞յրը: Հագնվել ֆոտոմոդելի պե՞ս: Երեխաներ ունենալ ինչպես քույրը կամ ընկերուհի՞ն: «Կանացիությունը ընկալվում է իբրև ինչ-որ կիսատ բան, ինչ-որ բանի թերություն, անբավարարություն,- պնդում է հոգեվերլուծաբան Դերիան Լիդերը:- Առավել ևս, որ կանայք ենթագիտակցորեն համոզված են, թե միայն սերը կարող է ձերբազատել իրենց հիմնախնդիրներից ու փորձություններից»: Նման պատրանքը բացարձականացնում է սերը: «Սակայն բացարձակ սերը, որի մասին երազում են նրանք, երբեք չի կարող մարմնավորվել իրական տղամարդու մեջ»,- ավելացնում է հոգեթերապևտը:
Մի ժամանակ կանանց մնում էր միակ ապաստանը՝ սերը Աստծո հանդեպ: Այսօր նրանք իդեալական սիրո բացակայությունը լրացնում են սիրած մասնագիտությամբ կամ երեխաների սիրով:
Նա ինձ չի հասկանում
Տղամարդկանց համար խորթ են իրենց ուղեկից կանանց տառապանքները: Կինը նախ և առաջ հարաբերությունները բանավոր համաձայնագիր է համարում: Սրանից են հաճախակի կշտամբանքները զուգընկերոջ հասցեին. «Դու ինձ հետ բոլորովին չես խոսում»: Ինչը նշանակում է, «Դու ինձ չես հասկանում»:
Այս դարձվածքներում ցայտուն են արտահայտվում երկու սեռերի տարբեր հոգեբանական պահանջմունքները: Կանանց անհրաժեշտ է իրենց հույզերը խոսքով արտահայտել, իսկ նրանց մեծ մասը կարիք ունի զուգընկերոջ հետ քննարկելու ապրած յուրաքանչյուր օրվա ամենափոքր իսկ մանրամասները: Շփման շնորհիվ նրանք իմաստավորում են իրենց ապրումները, ավելի լավ հասկանում իրենց: Տղամարդիկ այլ կերպ են կառուցված: Օրինակ՝ նրանց ուղեղի՝ խոսքի համար պատասխանատու գոտիներում նեյրոնները 17%-ով ավելի քիչ են, քան կանանց ուղեղի համապատասխան հատվածներում:
Շարունակությունն՝ այստեղ