Երկու օր առաջ կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը, ընդհանուր առմամբ, իր արդյունքները տվեց՝ սահմանի լարումը նկատելիորեն նվազեց: Դրան հաջողվեց հասնել գլխավորապես հայկական զինված ուժերի պատրաստվածության շնորհիվ, ինչպես նաև ռազմական միջոցների կիրառման անընդունելիության վերաբերյալ ՀՀ և ՌԴ նախագահների կողմից կատարված հայտարարություններով:
Ի տարբերություն նրանց՝ Ալիևը ուղղակի հույս հայտնեց, որ հիմնախնդիրը կկարգավորվի սեղմ ժամկետներում ու խաղաղ միջոցներով: Սա նշանակում է, որ նա շեշտադրում է ստատուս քվոյի անընդունելիությունը և շտապեցնում փոխել այն՝ առանց ուղիղ կերպով բացառելու ռազմական միջոցների կիրառումը: Այսինքն՝ գլխավոր ուղերձն այս պայմաններում խաղաղության և իրենց «համբերության» ժամկետային սահմանափակության առկայությունն է: Երկրորդը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին հղումն է՝ կրկին փորձ կատարելով բանակցային գործընթացը հնարավորինս կապելու ՄԱԿ-ի հետ: Կարծում եմ՝ վերջին օրերի ռազմական ակտիվության նպատակներից մեկն էլ կարող էր լինել խնդրի քննարկումը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելը, քանի որ թեժ հակամարտությունների վերաբերյալ այն սովորաբար հանդես է գալիս գոնե հայտարարություններով: Այս անգամ, բարեբախտաբար, բանը չհասավ ԱԽ-ին, և ՄԱԿ-ը բավարարվեց գլխավոր քարտուղարի հայտարարությամբ:
Սարգսյանի հիմնական ուղերձները տեղին էին, քանի որ գլխավոր շեշտը դրեց զինադադարի խախտման դեպքերի վրա: Առավել հետաքրքիր էին նրա հարցազրույցի տողատակերը, որոնցից կուզեի անդրադառնալ միայն »Աղդամի ավերակներին»: Այո՛, ուշագրավ և ադրբեջանցիների համար ցավոտ համեմատություն է կատարել, սակայն կա մի նրբություն, որի վրա պետք է ուշադրություն դարձնել այն մեկնաբանելիս: Հայտնի է, որ ադրբեջանական քարոզչական թեզերից մեկը փորձում է անալոգներ անցկացնել Աղդամի և Հերոսիմայի միջև, այնինչ դրանք խիստ տարբեր են, քանզի Առաջինը, ի տարբերություն երկրորդի, ավերվել է ոչ թե ռազմական միջոցներով, միանգամից և քաղաքացիական բնակչության ոչնչացմամբ: Սարգսյանի խոսքը վերաբերում էր ոչ թե ավերակների վերածման մեթոդին, այլև՝ բուն ավերակների գոյությանը: Այնպես որ պետք է զգույշ լինել այս հատվածը մեկնաբանելիս և ադրբեջանական քարոզչության ջրաղացին ջուր չլցնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/761406063897633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել