Առավոտյան սուրճի հետ բուլկի էի ուտում :)Այդ պահին չէի կարծում, թե կարող է բուլկու հետ կապված նոր գրառում ծնվի: Չէ, այնպես չի, որ բուլկին ինձ համար մի այնպիսի ոգեշնչման աղբյուր է, որ առիթ հանդիսացավ գրելու: Ուղղակի մի այնպիսի բան նկատեցի, որից հետո անկարող էի նույն հանգստությամբ ու ախորժակով ուտել այդ բուլկին: Ասեմ, թե ինչ եղավ: Բուլկին չամիչով էր, համենայն դեպս` այդպես էր նախանշված ճակատագրով: Սակայն ես չամիչ նկատեցի միայն բուլկու վրա, բուլկու երեսին, իսկ ներսի պարունակությունը, մեղմ ասած, զերծ էր չամիչից: Զերծը ո՞րն է, չամիչի հետք էլ չկար: Ես հասկացա, որ մեր քաղաքում հացաբուլկեղեն արտադրող որոշ արտադրամասեր հավանաբար վարում են ահա թե ինչպիսի քաղաքականություն. պատրաստում են բուլկու խմորը, գնդիկները շարում են մետաղյա թիթեղի վրա և նախքան վառարանի մեջ մտցնելը` մեկական չամիչ են դնում բուլկիների վրա, մեջտեղում, որպեսզի արտաքնապես երևա, թե դրանք չամիչով է, իսկ իրականում ներսում ոչ մի չամիչ էլ չկա: Աչքերս կլորացրած ու ուշադրությունս գերլարած կերա նաև երկրորդ բուլկին :) , առավոտս մի տեսակ բուլկիաշատ էր :) Սակայն այդ մեկի դեպքում էլ նույն պատկերն էր. մեկ չամիչ` բուլկու մակերեսին, վերևի հատվածում, իսկ ներսում` բուլկու «ընդերքում», ոչ մի չամիչ չկար: Գիտեմ, որ այս պահին իրեն հարգող ցանկացած չամիչով բուլկի հաստատ կվիրավորվեր այսպիսի վերաբերմունքից: Ճիշտ է, ես նկատեցի այս մանր խորամանկությունը բուլկու պարագայում, սակայն իրականում իմ ներքին վրդովմունքը ոչ թե կապված էր նրա հետ, որ բուլկին միայն մեկ չամիչ ուներ, այլ նրա հետ, ինչը մտածեցի` ելնելով այդ ամենից: Փաստորեն ստացվում է, որ ձեռքները հետ են պահել ու չամիչ չեն գցել` այդպիսով խնայելով այն ու սպառողին էլ խաբելով, թե չամիչով բուլկի է: Մանր «աֆյորա» է, բան չունեմ ասելու: Սակայն ցավն ախր այն է, որ այդպիսի մանր «մուխլյաժներ», այդպիսի մանր խորամանկություններ արվում են մեր կյանքում գրեթե ամեն բնագավառում: Ցավոք մեր հայրենակիցները հաճախ են դիմում այդպիսի մանր ու միջին, մեծ ու փոքր «ձեռնածությունների», մեծ ու փոքր «մուխլյաժների»: Մեր երկիրը շատ ավելի բաների կհասներ, եթե մենք, պատկերավոր ասած, չխնայեինք այդ կարևոր մի քանի չամիչը: Սրա պատճառները շատ ավելի խորքային են: Նախ պետական մտածողության բացակայություն. մենք չենք ուզում արարել մեր պետության համար, մեր արտադրած «բուլկին» չենք համարում պետության «բուլկի»: Երկրորդ. մենք չենք ուզում ապրել, արարել, արտադրել ոչ միայն մեր, այլև հանրության շահի ու օգուտի համար, ինչպես ասում են` «на благо общества»: Մենք չենք սիրում ապրել ու գործել հանրօգուտ կյանքով, սիրում են միայն մեզ լավ լինի, մեր բուլկին չամիչով լինի, ջհանդամ թե մյուս սպառողների իրավունքները ոտնահարվում են, մեր տան դիմաց մաքուր լինի, ջհանդամ թե փողոցը կեղտի մեջ կկորի, մեր փորը կուշտ լինի, ջհանդամ թե մյուսները աղբանոցում ուտելու հաց են ման գալիս: Հասկանո՞ւմ եք: Հարցը չամիչով բուլկին չէ, այլ մեր մտածողությունը, որը խորհրդային շրջանից ենք ժառանգել` մի բան թրցնենք, «կռայիտ անենք», մի բան չօգտագործենք ու պահենք մեզ, մի բան խնայենք: «Հոմո սովետիկուս»-ի այդ հիվանդագին մտածողությունը դեռ դուրս չի եկել մեր միջից: 

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել