kataryal qristonya

«Արդ, կատարյա’լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48):

Մատթէոսի ավետարանից վերցված այս միտքը մեր Տիրոջ Հիսուսի խոսքն է:

Ամեն մարդ ձգտում է կատարյալին: Կյանքը լի է անկատարություններով: Մարդիկ դժվարությունների և նեղությունների են հանդիպում: Կատարյալ քրիստոնյա գոյություն չունի:

Անշուշտ անկարելի է Աստծու նման կատարյալ լինել: Փրկության ճանապարհը Նրան նմանվելու և Նրա շնորհքով մեծանալու աննահանջ հոգևոր մի քայլարշավ է, մի թռիչք է մեղքից դեպի Քրիստոս, գերությունից` ազատություն, խավարից` լույս, կորստից` հույս և մահից դեպի կյանք գնալու համար:

Մայր Հայրենիքի մեծագույն գրողներից մեկը` Ղազարոս Աղայանը հետաքրքիր մտածումներ է արտահայտել կատարյալի մասին: Իր խոսքը մարդու և ազգի կատարելության մասին է: Կարդացեք, հետաքրքիր է:

ԱՊՐԵԼՈՒ ԿԱՏԱՐՅԱԼ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

«Ամեն մի ազգ, լինի նա փոքրաթիվ, ընկճված, տգետ և ըստ ամենայնի խղճալի,- ունի ապրելու կատարյալ իրավունք: Այդ իրավունքը տվել է նրան ինքը բնությունը, որ կազմակերպել է նրան և ձգել հոգու մեջինքնապաշտպանության բնազդ:

Ինքնապաշտպանության բնազդը հնարել է տալիս նրան զանազան միջոցներ, որոնցմով հեշտացնում է նա իր հարատևելը;
Ազգի ամեն մի անհատը իր գոյությունը ազգի գոյության մեջ է որոնում: Սրանով են փոքր ու մեծ ազգերը պաշտպանվում զորեղներից, նույնիսկ նրանց հպատակ եղած ժամանակ:

Բայց ահա մեր ժամանակ դուրս են գալիս նորանոր ուսմունքներ, որոնք ազգասիրությունը, հայրենասիրությունը, կրոնը, եկեղեցին և բոլոր հնագույն սրբությունները համարում են նախապաշարմունք:

Ենթադրելով, որ դրանց ասածը զուտ ճշմարտություն է, պետք է ասենք, որ ազգի պահողը ոչ թե ԶՈՒՏ, այլ բարոյական ճշմարտությունն է:

Եվ հիրավի, եթե մարդուն մերկացնենք իր բարոյական ճշմարտություններից, նա կզրկվի մարդկային կերպարանքից և մեր առաջ կկանգնի իբրև ողորմելի կապիկ;

Էլ ինչի՞ նման կլինի մարդը, եթե նրանից վերցնես այն ամենը, ինչ որ բարի է և գեղեցիկ: Չէ՞ որ բարին և գեղեցիկը երևակայության արդյունք են` ինչպես նկարչությունը և նկարչական ձեռարվեստները, երաժշտությունը, բանաստեղծությունը, փիլիսոփայությունը և կրոնական վերացմունքը դեպի անհունը: Եթե այս բոլորը ոչինչ են, ուրեմն ինքը` մարդկային կյանքը մի կատարյալ ոչնչություն է, քանի որ հավիտենականության հետ համեմատած` մի ճպուռի կյանք էլ չէ: Բայց բնությունը ինչպես ամեն մի` ճպուռից էլ ստոր արարածի տվել է ապրելու բնազդ, նույն բնությունը մարդուն էլ տվել է կյանքը զարդարելու համար բազմատեսակ մխիթարական և զվարթարար բաներ ստեղծագործելու շնորհք, որով և տարբերվում է նա մյուս բոլոր արարածներից: Հերքել այս ամենը, կնշանակե ճակատը պատին խփել» (Ղազարոս Աղայան):

Աշխարհի վրա միայն անմիտ ու միամիտ մարդիկ կարող են պնդել, թե մարդը հարյուր տոկոսով մաքուր ու կատարյալ է: Ամենասուրբ մարդն անգամ հավանաբար մի մեղք կամ մի թերություն ունի: Անթերի մարդ չկա: Աստված չէր կարող ստեղծել մեկին, որը նաև լավ կողմ չունենար: Ճիշտ է կույր չենք և, բնական է, որ պիտի տեսնենք սխալներն ու թերությունները, բայց դրանից առաջ շատ կարևոր է, որ մեր աչքերը լայն բացենք, որպեսզի տեսնենք լավ կողմերը: Կարծում ենք, որ լավ է հիշել հետևյալը:

«Ճիշտ է, մարդիկ երբեմն չարիքներ են գործում, ունեն սխալներ ու թերություններ, բայց այս աշխարհի վրա ինչքան լավ բան, որ իրականացվել է կամ իրականություն է դառնում, կատարվել է ու հիմա էլ կատարվում է մարդկանց լավ կողմերի ու բարի հատկությունների շնորհիվ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել