Իր նոր հարցազրույցում ԼՏՊ-ն տարօրինակորեն նշեց, որ չի կարող արցախյան հիմնահարցի շուրջ վերջնական դատողություններ անել, քանզի չի տիրապետում այն տեղեկատվությանը, որն ունեն իշխանությունները: Խոսքից կարելի էր ենթադրել, որ նա երբեք դատողություններ չի արել՝ ոչ լրիվ ինֆորմացիա ունենալու պարագայում: Բնականաբար, դա այդքան էլ այդպես չէ, բայց չֆիքսվենք սրա վրա: Արտաքին քաղաքական գրեթե բոլոր վերլուծություններում ՌԴ-ին քննադատելուց խիստ խուսափող քաղաքական այս գործչի հարցազրույցում կրկին հիմնական մեխը ներքաղաքական էր և իր մեջ պարունակում էր ընդդիմությունը միավորելու ավանդական և միևնույն ժամանակ անհաջող տերպետրոսյանական ջանքեր:
ԼՏՊ-ն հասկանում է, որ քառյակի առաջ քաշած շատ հարցեր ներկայիս կառավարությունը հաշվի է առել: Ծերուկը ստիպված է նոր մեթոդների դիմել: Սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս փորձ է անում այն դարձնել պայքարի հիմնական օբյեկտ և սրա միջոցով միավորել դաշտի խաղացողներին: ԼՏՊ-ն երևի հիշել է իր ջահել ժամանակները և կրկին անտեսում է ՀՅԴ-ի մոտեցումը, ով արդեն իր կարծիքը ասել է սահմանադրական փոփոխությունների մասին: Չմոռանանք նաև, որ ժամանակին այս մասին բոլորովին այլ կարծիքներով հանդես են եկել ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»:
Ինչևէ, կարծում եմ` ոչ ոքի համար նորություն չէ, որ ԼՏՊ-ն ժամանակ առ ժամանակ «զարթնելով» Հադեսյան թագավորությունից, մի նոր թեմա է փորձում ստեղծել՝ իր չիրականացրած երազանքները կյանքի կոչելու նպատակով: