Երբ օրեր առաջ կասկածի տակ առա Կարեն Մկրտչյանի մելամաղձոտ պատմությունը, իմ վրա իսկական հարձակում սկսվեց, ու հիմա, որ ստացածս նամակները հրապարակեմ, մի 8 հատ քրեական գործ կարա հարուցվի՝ կյանքիս սպառնալու, վիրավորելու ու խուլիգանության հոդվածներով:
Ինչևէ, ընկել եմ, պետք ա քաշեմ մինչև վերջ, առավել ևս, որ երբ արդեն հուսահատվել էի, որ մեր հանրությունն ու լրատվականները ունակ չեն սթափ դատողություններ անելու, ինձ համար բոլովին անսպասելիորեն շատ լավ հետաքննություն անելուց հետո մի հիանալի ռեպորտաժ պատրաստեց «Սուր անկյունը»:
Առաջին հայացքից թվում է, թե այդ հաղորդումը փակեց բոլոր հարցերը, ու էլ խոսելու բան չկա, բայց միայն առաջին հայացքից: Դրա համար այսօր կհիմնվեմ բացառապես այն փաստերի վրա, որոնք արծարծվեցին «Սուր անկյան» այս թողարկման մեջ, ու բացառապես այն բաների վրա, որոնք ասվեցին հենց Կարեն Մկրտչյանի ու ներգրավված մասնագետների կողմից:
Եթե մի կողմ ենք դնում ռեպորտաժի մուննաթն ու զուննաթը և անդրադառնում ենք «փաստերին», ապա հենց սկզբից հարցեր են առաջանում:
- Զինծառայությունը... մի հատ ինչ-որ մեդալ են բերում ցույց տալիս, թե բա կարո՞ղ ա սա հենց այնպես են տվել: Ես էլ ասում եմ՝ կարող ա, որովհետև մի երկու շաբաթ Լֆիկն էլ մեդալ ստացավ՝ որպես 5-րդ բրիգադի առաջամարտիկ, իսկ Հայաստանում այսօր մոտ 50 հազար հոգի կա, ովքեր իբր մասնակցել են պատերազմին, մինչդեռ հարցրեք ցանկացած կռվածի ու հատկապես շտաբերում ծառայություն անցածի, որ այդ թիվը մի 3-4 անգամ շատ է իրական թվից: Բացի այդ, նման խրոխտ մեդալներ կարելի ա գնել ցանկացած գետնանցումից կամ Վերնիսաժից: Խփեք ինձ, բայց ես չեմ հավատում, որ Կարենը 16 տարեկանում գնացել ու կռվել է, և մի բան էլ պարգևների է արժանացել:
- Կակազում... եթե Կարենը ասում է, որ իր մոտ նյարդային հողի վրա էր խոսքի շեղում, ապա պետք է բացի այդ շեղումից, դիմախաղի փոփոխություն էլ լիներ, իսկ հայտնի հարցազրույցում նրա երեսի ոչ մի մկան չէր ջղաձգվում: Էն ա որ մի հատ «աչքով տվեց» ու ինչն է հետաքրքիր, անմիջապես այն բանից առաջ, երբ ասում էր, որ աչքին հարված է ստացել: Հարց չկա, վիճելի է, էլի կսկսեն մեծն գիտակներն ու Կարենի կուլտի հետևորդները ճառեր կարդալ, անցնենք առաջ ու խոսենք արդեն ամենահակասական պահերի մասին:
- Բերում են թարգմանչի, ով ի թիվս այլ բաների, կարդում է ախտորոշումը ու պարզ ասում, որ Կարենի մոտ ախտորոշվել է գանգուղեղի տրավմա, որը բերել է վերջույթների թուլացման: Հիմա տրամաբանական հարց. եթե վերջույթների թուլացման պատճառը գանգուղեղի տրավման էր, ապա ինչո՞ւ են վիրահատում Կարենի ողնաշարը, որը ընդհանրապես չի ակնարկվում ախտորոշման մեջ: Ի դեպ, առաջ ընկնելով ասեմ, որ ողնաշարի վիրահատության համար, ըստ «չեկերի», ծախսվել է 26.000 եվրո:
- Թողարկման մեջ նաև նշվում է, որ խոսքի աղավաղումը բուժվել է ֆիզիոթերապիայի միջոցով: Կրկին առաջ ընկնեմ ու ասեմ, որ նույն Կարենի հրապարակած չեկերում այս մի պրոցեդուրայի համար էլ նշվում է 19.000 եվրոյի ծախս:
- Հասանք ամենահետաքրքիր պահին՝ չեկերին ու դրանց իսկությանը: Դեռ դրանք հրապարակելու պահին ակնհայտ էին մի շարք տարօրինակություններ: Մասնավորապես՝ անգամ չնչին ծախսերի չեկերի բլանկերի տեսքը շատ ավելի պաշտոնական էին ու կասկածներ չհարուցող (գունավոր լոգոներ, ստորագրություն ու կնիք և այլն), իսկ այ երկու ամենախոշոր ծախսերի դեպքում՝ համապատասխանաբար ֆիզիոթերապիայի ու ողնաշարի վիրահատության, որոնց հանրագումարը ավելի քան 40.000 եվրո էր կազմում, գործ ունեինք այնպիսի փաստաթղթերի հետ, որոնք կարծես պերեխոդի տակի քսերոքսնոցում տպած լինեին՝ սև ու սպիտակ, ստորագրությունն ու կնիքն էլ տպած:
Բացի դրանից, ևս մի բան, որ քչերն են նկատել: Կարենը հենց հաղորդման մեջ ինձ վրա մուննաթ էր գալիս, թե եթե իր ընկերը կայֆավատ էր լինում, թող ես գայի ՏԵՆՑ կայֆավատ լինեի: Պատկերացնո՞ւմ եք, էդ տղեն չոր ամիս իրան գրկել ա, տարել ա զուգարան և այլն... այսինքն, Կարենը պնդում ա, որ 4 ամիսն էլ ընկերը հետն ա եղել:
Այդ դեպքում, բացատրեք ինձ, թե որտե՞ղ էր մնում նրա ընկերը այդ 4 ամիսներից 3-ի ընթացքում, որովհետև բերված չեկերում միայն 1 ամսի մասին վկայություն կա, որ հյուրանոցում է եղել, ինչի համար էլ վճարվել է 4000 եվրոյի կարգի: Ի դեպ, Կարենը ստացիոնար պառկած է եղել ընդամենը 12 օր՝ համաձայն նույն փաստաթղթերի, այսինքն՝ նրանք հիվանդանոցում էլ չեն եղել:
Էն թարգմանիչը, որ չգիտես՝ ինչի, ավելի շատ հաշվում էր, երևի մի անգամ էլ կալկուլյատրը հանի ու բացատրի, թե այդ ինչպե՞ս եղավ, որ եթե բերված բոլոր չեկերի հանրագումարը կազմում է մոտ 65.000 եվրո, իսկ բանկային մնացորդն էլ՝ 15.000 (այսինքն՝ արանքում ազատ գումար չի մնում), մարդիկ դեռ 3 ամիս էլ Գերմանիայում էին ապրում, սնվում, բուժումների կուրս անցնում:
Վերջապես, հասանք ամենահետաքրքիր կետին: Տանում են փաստաթղթերի փորձաքննության ու պարզվում է, որ փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է, բացի երկուսից: Ընդ որում, կադրում հայտնված «աննորմալ» փաստաթղթերից մեկը հենց ամենաթանկ վճարումներից մեկի անդորրագիրն է՝ 19.000 եվրոյի: Փորձագետը պարզ ասում ա, որ տեքստը առանձին է տպած, հետո վրան նկարի տեսքով կնիք ու ստորագրություն է ավելացված, կամ եթե ավելի պարզ, ֆոտոշոփ:
Կարենը միանգամից խառնվում է իրար ու սկսում է ինչ -որ հեքիաթներ պատմել, որ շաբաթ-կիրակի էր, եսիմ ինչ էր, ինքը պետք ա գնար: Մինչդեռ համացանցում լայնորեն տարածած այդ չեկին նայելիս կտեսնենք, որ այն տրվել է նրան իր ուղևորության հենց ամենաառաջին օրերին՝ դատելով նշված ամսաթվից:
Հիմա խնդիրը ինչո՞ւմ է ու ինչո՞ւ այս ամենը, որ «Սուր անկյունում» էլ պարզ հասկանում են, վստահաբար, չեն բարձրաձայնել հաղորդման մեջ: Բանն այն է, որ վերջնական ճշմարտությունը պարզել կարելի է միայն եթե կլինիկան համաձայնի տրամադրել տեղեկություն Կարեն Մկրտչյանի բուժման պրոցեդուրաների ու դրանց դիմաց գանձած վճարումների մասին:
Կարելի է 100 տոկոս վստահությամբ պնդել, որ կլինիկան դա իր կամքով չի անի՝ ելնելով իրենց կորպորատիվ էթիկայից ու հաճախորդների կոնֆիդենցիալությունն ապահովելու քաղաքականությունից: Կլինիկային կարող են ստիպել տրամադրել նման տվյալներ միայն Գերմանիայի իրավապահները կամ էլ Ինտերպոլը, բայց քանի որ հանգանակությունը տեղ է գտել Հայաստանի տարածքում, գերմանացիք միանգամից դուրս են մնում խաղից, իսկ Ինտերպոլը, որքանով որ ես եմ տեղյակ, կարող է խառնվել, եթե 100.000 եվրոյից ավելի լինի հանցանքի արդյունքում յուրացված գումարը, իսկ մեր ոստիկանությանը սիրուն ձևով ատվառոտ-պավառոտ կարան տան, եթե հարցում ուղարկեն:
Մնում ա եզրահանգումս հրապարակեմ. ես միևնույնն է, մնում եմ այն կարծիքին, որ Կարեն Մկրտչյանը շառլատան է, ով խաբեությամբ յուրացրել է մեծ գումարներ: Ես կասկածի տակ եմ դնում այն երկու փաստաթղթերի իսկությունը, որոնց վրա ֆոտոշոփով կնիք ու ստորագրություն է ավելացվել, իսկ այդ փաստաթղթերից առնվազն մեկում գործ ունենք հսկայական գումարի հետ: Ես չգիտեմ՝ ինչ է բուժել Կարենը Գերմանիայում ու բուժվե՞լ է արդյոք, բայց վստահ եմ, որ այս տղայի պատմության մեջ լիքը բացեր կան, ուղղակի ինքը, լինելով բավական խորամանկ, հաշվարկել է այս ամենը ու գրեթե անխոցելի կարգավիճակում է հիմա, ԵԹԵ, իհարկե, կլինիկան չհամաձայնեց տրամադրել փաստաթղթերի բնօրինակները: Այսքանը:
Հ.Գ. Կարենի մասին առաջին տեսանյութում Կարենը համառորեն պնդում էր, որ կարող է բուժվել միայն Գերմանիայում, այնինչ «Սուր անկյան» ռեպորտաժի ժամանակ պարզ դարձավ, որ նրան առաջարկել են նորմալ բուժում ստանալ Հայաստանում, ինչը մեր օլիգարխ ախպերը մերժել է՝ ասելով, որ չի վստահում տեղի բժիշկներին: Նույն վաննաներն ու պրոցեդուրաները նա ռեալ կարող էր այստեղ էլ ընդունել ու լավ էլ կբուժվեր: Գերմանիայում եսիմ ինչ բարդ բան չեն արել: Մի երկու մասսաժ են արել, ապա վիրահատել են ողը, որը փոքրիկ բան է: Ուղղակի մարդի տղեն Գերմանիա ու շուխուռ էր ուզում: Աստված թող բոլորիս մեղքերին թողություն տա:
Դիտեք 40-րդ րոպեից