ParqԶմյուռնիայի պատրիարքներից է եղել առաքինազարդ մի անձնավորություն` Նիկողայոս Սքանչելագործ անունով։ Նա ծնվել է 280 թ.։ Նիկողայոսը ավելի շատ ցանկանում էր ապրել առանձնացած կյանքով, աղոթքներով։ Ծնողների մահից հետո նա իր ունեցվածքը բաժանում է աղքատներին և գնում Երուսաղեմ։ Այստեղ ցանկանում է վանական կյանքով ապրել, սակայն նրան լսելի է դառնում Աստծո ձայնը, որն ասում է. «Նիկողայո՛ս, այստեղ չէ, որ դու Ինձանով պետք է պտուղ տաս, այլ գնա ժողովրդի մեջ»։ Նիկողայոսը հետագայում դառնում է Զմյուռնայի եպիսկոպոս` բոլորի համար հանդիսանալով խոնարհության և հեզության օրինակ։Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա բանտարկվում է և ազատ արձակվում միայն Կոստանդիանոս կայսեր օրոք։
Նիկողայոսի կյանքից մենք կարող ենք փառքին վերաբերող գեղեցիկ օրինակ վերցնել։ Երբեմն մենք էլ Նիկողայոսի նման կանգնած ենք լինում ընտրության առջև. կամ պետք է ընդհանուրի համար բարի գործ անենք, որը մեզ ճանաչում կբերի, կամ պետք է առանձնանանք, նույնպես բարի և արդար կյանքով ապրենք շատերի աչքից հեռու։ Երբեմն դժվարանում ենք ընտրություն կատարել, բայց Աստված իր նախախնամությամբ մշտապես ուղղում է մարդկանց քայլերը։ Եվ փառքի ու անփառունակության միջև ընտրության կողմնորոշմանը մեզ կօգնի փառքի վերաբերյալ երկու ճգնակյաց մարդկանց խոսակցության մասին իմանալը։
Երկու ճգնակյաց մարդիկ` Աբրահամ և Թեոդորոս անուններով, զրուցում են փառքի մասին։ Աբրահամը հարցնում է իրենից ավելի փորձառու Թեոդորոսին. «Ո՞րն է ավելի լավ և օգտակար, փառքի՞ ձգտելը, թե՞ անփառունակության»։ Թեոդորոսը պատասխանում է. «Ես ավելի փառք եմ ցանկանում, քան թե անպատվություն, քանզի եթե բարի բան անեմ և փառքի արժանանամ, շատերին նաև օրինակ կլինեմ, իսկ եթե փառասիրությամբ մեղանչեմ, միայն ինձ պետք է մեղադրեմ և ոչ թե մարդկանց»։ Աբրահամը տալիս է երկրորդ հարցը. «Իսկ ինչու՞ բոլոր մեծ Հայրերը ոչնչից այդքան չէին վախենում, որքան փառքից»։ Եվ սրան հետևում է իմաստուն պատասխանը. «Նրանք վախենում էին ոչ թե փառքից, այլ կեղծ փառքից, կամ ավելի լավ է ասել` նրանք զգուշանում էին, որ իրենց սրտերը չվարակվեն փառասիրությամբ։ Բարի գործերին հետևող փառքի և Աստծո պատվիրանները աշխարհի ունայնությամբ փոխարինող փառասիրության միջև մեծ տարբերություն կա։ Բարիք գործիր միայն Աստծուն հաճելի լինելու համար, և այն ժամանակ Աստված ոչ միայն չի դատապարտի փառքը, որը մարդ ձեռք է բերել առանց դրան ձգտելու, այլև այս փառքին կգումարի նաև այն փառքը, որը Նա աշխարհի սկզբից պատրաստել է Իրեն սիրողների համար»։ Այսպիսի բարի փառքի արժանացավ նաև Նիկողայոս Սքանչելագործը։ Հետևաբար, ընդունելի է, երբ բարի գործերը նպատակ ունենալով, որպես արդյունք լինում է նաև ճանաչումը, սակայն Աստծո կողմից խիստ դատապարտելի է, երբ նպատակ ես ունենում փառքը, հանուն որի բարի գործեր ես անում։

Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել