Журналисты так увлеклись своим драгоценным дерьмом, что в один непрекрасный день в студию затащат свою жену и мать с просьбой: «Покажите им свои трусики и прокладки! Мой зритель – зритель трусиков и дерьма! Пусть говорят, это мой рейтинг!».
***
Ռոբերթ Նելսոնն անհանգիստ քայլում էր աշխատասենյակում :
-Դուք պետք է ընդամենը մի բան հասկանաք.  ցանկացած հեռուստադիտող, ով նայում է մեր  հաղորդումը, սրտի խորքում մարդասպան է, գիշատիչ գազան: Մեր հաղորդումը ամենահայտինենրից է. ուրեմն՝  այստեղ բոլորն են արյուն սիրում : Նրանց դուր է գալիս դիտել կադրեր, որտեղ   ասֆալտին դիակ է ընկած, իսկ պատին արյուն է քսվել : Նրանք խելագարվում են բռնաբարված աղջիկների դժբախտ դեմքի արտահայտությունից ու ոտքերի կապտուկներից : Նրանք հաճույք են ստանում այն մտքից, որ  այսօր էլ մեկը լքեց այս անիծյալ աշխարհը : Ու, փառք Աստծո, դա իրենք չէին : Ինչո՞ւ :Մարդիկ հետևում են սպանություններին ու  իրենց...հաջողակ զգում: Հաջողակ են, որովհետև իրենց չեն դանակահարել, իրենց չեն բռնաբարել , կամ՝ ծեծել, սպանել: Իսկ այդ ամենին կողքից հետևելն ուղղակի հաճելի է : Ինչո՞ւ չհետևել: Հիշե՛ք. հեռուստադիտողը արյուն է սիրում : Մեր նպատակն է նրանց սիրո  վրա ռեյտինգ հավաքել : Իսկ ի՞նչ է պետք ռեյտինգի համար : Սենսացիա: Լուր, որը դեռ ոչ մի հեռուստատեսություն չի բարձրաձայնել :  Թքած, թե ինչքանով է դա  մոտ իրականությանը: Մեր  նպատակն է գտնել սենսացիա, այն ճիշտ մատուցել ու շպրտել հեռուստադիտողի առաջ : Նրանք շան նման սկսում են կրծել մեր՝ իրենց շպրտած արյունոտ ոսկորը : Նրանք կրծում են ոսկորը, իսկ մենք ռեյտինգ ու շահույթ ենք ստանում : Գովազդատուների մասին մի՛ մոռացեք: Մարդկանց դիմաց պետք է շպրտել հենց այն ոսկորը, որը նրանց անհրաժեշտ է: Գտե՛ք ճիշտ ոսկորն ու թող դրա վրա մաքսիմալ շատ արյուն լինի :
Հաղորդման աշխատակազմի համար նման սարսափազդու ճառը  նորություն չէր :  Նմանատիպ ելույթներ նրանք լսում էին ամեն ուղիղ եթերից առաջ ու գնալով համոզվում էին, որ Ռոբերթն ինչ-որ չափով իրավացի է. ինչքան սարսափազդու էին ներկայացվող դեպքերը, այնքան ռեյտինգներն ավելի արագ  էին մոտենում երկնքին :
Քրիստին ու Մայքը պատուհանի մոտ կանգնած ծխում էին ու աչքերով հետևում  Ռոբերթին : Քրիստիի աջ ձեռքում ծխախոտ էր: Ձախ կողմում՝ պատուհանագոգի վրա,  սուրճի բաժակն էր : Սուրճի բաժակի կողքին թարմ լուրերն էին. դրանք ուղիղ եթերում պետք է ներկայացներ  կես ժամ անց :
-Մա՛յք, հիշու՞մ ես. երբ  վերջին հաղորդմանը շերիֆը եկել էր տաղավար՝ հարցազրույցի, ասաց, որ  մարդիկ, երբ ուզում են  ինքնասպան լինել, միշտ կրակում են ծնոտի ներքևի հատվածում: Մինչդեռ շատ ավելի  ճիշտ է կրակել քունքի վրա : Հետո էլ ասաց, որ ինքնասպանության համար լավագույն ատրճանակը  38 տրամաչափի  Ռևոլվերն է :
-Հա հիշում եմ : Լավ հաղորդում էր: Ինչու՞ հիշեցիր:
-Ուղղակի, մտածում եմ՝ արժի Ռևոլվեր գնել :
-Ինչի՞դ է պետք
-Ահ, թող լինի ,պետք կգա:
-Չնայած ճիշտ ես ասում,- Մայքը ժպտաց.- Ես էլ կգնեմ: Մի օր էլ , հենց հոգնեմ  կնոջիցս ու տեսախցիկով նկարահանելուց, լոգասենյակում  ինքնասպան կլինեմ:
-Ծնոտիդ տա՞կ  կկրակես:
-Չէ՜,  քունքիս վրա : Արդեն սովորեցի  ամենալավ մեթոդը:
Ծիծաղեցին :
-Մի՛ մոռացեք, որ մենք գրողի տարած լրատվական հաղորդում չենք,-շարունակում էր Ռոբերթը,- Մենք մարդկանց ներկայացնում ենք քրեական կյանքի վերջին ճիչերը : Ու ճիչերի միջից էլ պետք է ամենաբարձրերն ընտրենք :  Նույնիսկ արյան մեջ պիտի ընտրություն լինի. լավագույն արյունը, լավագույն սպանությունը : Սեն-սա-ցի-ա : Ռեյ-տինգ: Փող: Սենսացիայից ռեյտինգ, ռեյտինգից ՝ փող: Ահա ամենը:
-Մի՛ վախեցիր,  Նելսոն, այսօրվա եթերից հետո  հաղորդման ռեյտինգը նույնիսկ Հիսուս Քրիստոսի  ռեյտինգին կգերազանցի,- Քրիստինը գիտեր, որ Ռոբերթը նորօրյա նորաձևությունից  դուրս չմնալու համար աթեիստ է դարձել,-  Իսկ դու էլ այսօրվա  հաղորդումից այնպիսի հաճույք կստանաս, ինչպիսին  նույնիսկ չես ստացել  ստրիպտիզ ակումբում՝ մերկապարուհիների ներքնազգեստի տակ փող խցկելիս : Գնամ դիմահարդարի մոտ : Եթերին քիչ մնաց:
Քրիստին վերցրեց լուրերն ու դուրս եկավ :  Ռոբերթը նայեց պատուհանից դուրս . ամառ էր : Օդում զգաց սենսացիայի բույրը: Ժպտաց. Քրիստինը ուղղակի ոչինչ չէր ասի : 
***
-Քրի՛ս, պատրա՞ստ ես
-Հա՛:
-Ռոբերթն ասում էր՝ էսօր թեմայից շեղվելու ես, հա՞:
-Հա, էսօր թղթից կկարդամ, <<սուֆլյոր>> պետք չի : Միքանի կարճ նորություններ կներկայացնեմ. վերջերս Ֆլորիդայում տարօրինակ սպանություններ են տեղի ունենում : Ասում են՝ ինչ-որ <<մսագործ>> է հայտնվել : Հետո՝ գողություններն են շատացել:  Դրանց մասին  կխոսեմ: Հետո կանցնեմ...Մնացածին :
-Լավ, Ջեյնին  ասեմ՝ <<սուֆլյոր>> պետք չի : Թող անջատեն : Հետո էլ՝ տեքստ չունեին, ի՞նչ պիտի ցույց տային  <<սուֆլյորով>> ,- Նիքը ծիծաղեց,- առաջին կադրը նկարելու է  Մայքը : Հայացքդ ուղղիր երրորդ տեսախցիկին:
-Արդեն նայում եմ: 
-Ժպտա: 
-Իսկ ամեն անգամ պարտադի՞ր է  սպանությունների ու բռնաբարությունների մասին խոսելիս ժպտալ: Ավելի մարդկային չի՞ կարելի :
-Չէ, Քրիս,  թիվիների օրենքն է.  ցանկացած  լուր ասելիս պետք է  ժպտալ :
-Բայց մենք խաբում ենք:
-Թիվին սկզբից մինչև վերջ խաբեություն է:
-Գրողը տանի...
-Հինգ վայրկյան մնաց...
-Օքեյ, պատրաստ եմ:
-ժպիտը:
-Հագա:
-Երկու...Մեկ....Գնաց: 
Քրիստինը թեթևակի հազաց:
-Բարի լույս ու բարի օր , սիրելի հեռուստադիտող:  <<Թի-վի 40>>-ի եթերում է առավոտյան հաղորդումը : Ձեզ հետ է  Քրիստին Չաբակը:  Այսօր  հուլիսի 17ն է, օրը՝ երկուշաբթի: Ինչպես գիտեք՝ արձակուրդից հետո մենք, բացի գիշերային հիմնական թողարկումը,  եթեր ենք դուրս գալիս նաև  առավոտյան հաղորդման շրջանակներում  ու քննարկում ենք վերջին տարիներին  գրանցված ինքնասպանությունների թվի աճը:Մինչ բուն թեմային անցնելն ուզում եմ   խոսել անցած հաղորդման մասին: Ինչպես հիշում եք՝  վերջին հաղորդումը եթեր դուրս եկավ հունիսի վերջին ու այդ եթերից հետո աշխատակազմը մեկնեց հանգստանալու,- Քրիստինը,աթոռին նստած, թեթևակի ճոճվեց ,- Մեր վերջին հաղորդումանը հյուրընկալվել էր  Ֆլորիդայի գլխավոր շերիֆը՝ Բիլ Նիլը:  Հաղորդումից հետո մի քանի զանգեր են ստացվել :  Հեռուստադիտողների խնդրանքով տվյալ հաղորդումը, չնայած  հաղորդման աշխատակազմի արձակուրդի մեջ լինելուն,մեկ ամսվա ընթացքում կրկնել են ևս ութ անգամ :  Անձնակազմը շնորհակալություն է հայտնում  հեռուստադիտողներին : Մենք ուրախ ենք, որ մեր աշխատանքը գնահատվում է ,- Քրիստինը ավելի լարեց իր արհեստական ժպիտը,- իսկ հիմա՝ անցնենք օրվա վերջին նորություններին...
Քրիստինը աջ ձեռքով մի կողմ հրեց  իր առջև դրած թղթերն ու արմունկները դրեց սեղանին : Արհեստական ժպիտը վերափոխվեց իրականի :
-Մեր հաղորդումը  Ֆլորիդայում ամենաշատ դիտվող հաղորդումներից մեկն է : Այսօր մեր հաղորդման գլխավոր ռեժիսորը՝ Ռոբերթ Նելսոնը, ինչպես  ամեն հաղորդումից առաջ,  խոսում էր թարմ նորությունների ու նրանց ճիշտ մատուցման մասին : Մեր հաղորդման հաջողության բանաձևը ամփոփված է մեկ բառի մեջ՝ սենսացիա : Այսօր դուք բացառիկ հնարավորություն ունեք տեսնելո սենսացիաներից լավագույնը : Համոզված եմ՝ նման հաղորդումից հետո Նելսոնի կողմից հոնորար կստանամ :  Հարմար տեղավորվեք  ձեր բազմոցների վրա : Ու տեսեք, թե ինչ  հետևանք կարող է ունենալ սենսացիան :
Քրիստին մեջքի ետևից հանեց 38 տրամաչափի Ռևոլվերն ու  կրակեց աջ ականջի մոտ :
Հաղորդման աշխատակիցները  շտապեցին նկարահանման տաղավար : Մայքն արագ անջատեց երրորդ տեսախցիկը, բայց արդեն ուշ էր. մարդիկ հասցրին տեսնել  Քրիստինի ինքնասպանությունը : Քրիստինին արագ տեղափոխեցին  Սարասոտայի հոսպիտալ: Փոքր տարիքում  նա մասնակցություն էր ունեցել  այդ հիվանդանոցի բացման կապակցությամբ կազմակերպված բեմադրության մեջ :
Երբ Քրիստինին  տեղափոխեցին հիվանդանոց,  Ռոբերթը նորից վերադարձավ  նկարահանման տաղավար ու վերցրեց Քրիստինի թղթերը : Դրանց վրա  արտագրված էին չորս կարճ նորություններ , իսկ ներքևի հատվածում Քրիստինը գրել էր իր վերջին խոսքերն ու նկարագրել ամբողջ ինքնասպանության գործընթացը սկզբից մինչև վերջ :
-Սենսացիա,-քթի տակ մռթմռթաց Ռոբերթը,- գրողը տանի :
14 ժամ անց, Սարասոտայի հոսպիտալում, Քրիստինը մահացավ : Հաղորդումը սկսեց հեռարձակվել շաբաթը մեկ անգամ՝ տեսագրված տեսքով:
Քրիստինի մահից հետո  հաղորդման ժամին ցուցացդրում էին անցած օրվա սերիալի կրկնությունը :
Ռոբերթ Նելսոնը այդ օրից ի վեր կորցրեց օդում սենսացիայի բույրը զգալու կարողությունը:

 

Քրիսթին Չաբակ

 

Հ.գ. Պատմվածքը գրվել է իրական փաստերի հիման վրա : Գլխավոր հերոսուհու անունն ու տեղանունները փոփոխված չեն : Տվյալ դեպքը տեղի է ունեցել  Ֆլորիդայի  <<Թի-վի 40>> հեռուստաընկերությունում 1974 թվականի հուլիսի 17ին :

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել