Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար:
Հովհ. 12;24-25
Երբ սերմնացանը ոչինչ չունի, ոչ իսկ մեկ հատիկ սերմ՝հողին հանձնելու համար, նա կորցնում է նաեւ հանապազօրյա հաց ունենալու հույսը:
Այսպես է նաեւ հոգեւոր կյանքում,թե՜ յուրաքանչյուր մարդու,եւ թե՜ ամեն մի ազգի պարագայում: Սակայն Աստված չզրկեց հայ ազգին ո՜չ հոգեւոր ծննդից, ոչ էլ՝ սննդից: Հունիսի 21-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից: Տոնը 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի :
Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն նույն Տրդատի կողմից Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եւ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը: Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր, իսկ հետագայում կառուցվում են Աստծո փառքին արժանի հոյակերտ սրբավայրեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում էՀռիփսիմյան եւ Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից ելնելու տոնի հաջորդ օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը:
Ըստ ավանդության, Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը՝ ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին՝ չխորշելով իրենց արքայական հագուստներով շինանյութ մատակարարել:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ որպես մի արգասավոր սերմ, սուրբ ճգնություններով հավատքի բերք՝ հոգեւոր հաց տվեց հայոց ազգին՝ բոլոր դարերի համար, ինչպես ասում է Սուրբ Գիրքը. «Արդարը իր հավատով պիտի ապրի» Ամբ.2;4, Հռոմ.1;17, եւ հզոր զենք՝ ընդդեմ բոլոր հոգեկործան ոտնձգությունների. «Եւ այս բոլորի վրա, առե՜ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը». Եփես.6;16: Խավարի ծառաները զուրկ են այդ սպառազինությունից,«իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, արթո՜ւն լինենք եւ սիրո ու հավատի զրահները հագնենք եւ փրկության հույսի սաղավարտը դնենք». Ա Թես.5;8, որովհետեւ «ա՜յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»Ա Հովհ. 5; 4
Սյունյաց Կանթեղ N 29