Երեւան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների եւ նախագծերի նշակման նպատակով ՀՀ վարչապետի 2012 թվականի ապրիլի 5-ին N 301-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել է նաեւ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:

Արդեն ամփոփվել են ստեղծված աշխատանքային խմբի անդամների եւ այլ անձանց կողմից ներկայացված առաջարկությունները:

Iravaban.net-ը զրուցել է նշված աշխատանքային խմբի անդամ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի բարեփոխումների հարցերով մասնագետ, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ անդամ, իրավաբան Սոնա Հարությունյանի հետ:

-ՀԵԻԱ-ն, լինելով իրավապաշտպան կառույց, ինչպե˚ս ընդգրկվեց հիմնականում ճարտարապետներից եւ քաղաքաշինական բնագավառի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբում:

-2012 թվականի մարտի 15-ի ՀՀ Կառավարության նիստի “Հին Երևան” քաղաքաշինական ծրագրի քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետը հայտնել էր, որ Երևանի կենտրոնում, կառուցապատման կանոնները ավելի խիստ և լրացուցիչ նորմեր սահմանելու համար, որոնք կարգելեն «Փոքր կենտրոնում» բազմաբնակարան, բազմահարկ շենքերի կառուցումը և հստակորեն կպաշտպանեն հին կառույցները, նախատեսվում է մշակել օրենքի նախագիծ, որի կազմման համար ձևավորվելու է աշխատանքային խումբ, և հրավիրել էր հասարակական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներին, որպեսզի ներկայացնեն իրենց թեկնածուին՝ աշխատանքային խմբում ընդգրկելու համար: Մեր կառույցը ևս անմասն չմնաց և, հետաքրքրված լինելով օրենքի նախագծով, աշխատանքային խմբում ներգրավելու համար, որպես ՀԵԻԱ ներկայացուցիչ` առաջարկեց իմ թեկնածությունը:  Ընտրությունը պատահական չէր, քանի որ ինքս «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրում համակարգում եմ հակակոռուպցիոն օրենսդրական բարեփոխումները:

Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ աշխատանքային խմբի անդամները հիմնականում ճարտարապետներ են, քաղաքաշինության բնագավառի կարկառու ներկայացուցիչներ` հանձինս Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի, Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահի, և այլոց:

ՀԵԻԱ-ն մտահոգված է Երևանի ապագայով և դատապարտում է վերջին ժամանակներում մայրաքաղաքում պատմամշակութային հուշարձանի նկատմամբ իրականացվող վանդալիզմի դրսևորումները, ինչը «կառուցապատողների» կողմից օրենքի պահանջի անտեսման հետևանք է, արհամահանք դեպի հասարակական կարծիքը, ինչի արդյունքում անխնա վնասվում են պատմական հուշարձանները` զգալի վնաս հասցնելով պետությանը: Ահա այստեղ հարցը տեղափոխվում է իրավական դաշտ: Իսկ աշխատանքայի խմբի կողմից օրենքի նախագծի մշակումը ենթադրում է ոչ միայն քաղաքաշինական, ճարտարապետական լուծումներին անդրադարձ, այլև դրանց կիրառման իրավական երաշխքների ճիշտ սահմանում: Նշեմ, որ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը:

 

-Ի˚նչ օրենսդրական առաջարկություններ են ներկայացվել ՀԵԻԱ-ի կողմից «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման համար:

-Մենք հարցին անդրադարձել ենք երկու տեսանկյունից` բնապահպանական և քաղաքաշինական, ուստի մեր առաջարկները մի խումբն ուղղված է Երևանի «Փոքր կենտրոնում» կանաչ գոտիների ավելացմանը, իսկ հաջորդ խումբը` քաղաքաշինական չափորոշիչների վերանայմանը: Մասնավորապես, քաղաքում մեծ հաշվով բացակայում են հասարակական, հանգստի համար նախատեսված գոտիները, կանաչապատված այգիները, իսկ այն կանաչապատ տարածքները, որոնք ներկայումս կան, պատկանում են որոշ սեփականատերերի և ծանրաբեռնված են սրճարաններով, ապակեպատ կամ բետոնապատ, քաղաքի ընդհանուր տեսքին չհամապատասխանող, անհասկանալի նպատակային նշանակությամբ շինություններով: Այսօր Երևանի բնակիչը հնարավորություն չունի իր բացօթյա հանգիստը քաղաքում անցկացնելու, պիկնիկներ կազմակերպելու, պարզապես աշխատանքային լարված օրվանից հետո կանաչ խոտի վրա նստելու և հանգստանալու: Մեզ միշտ հիացնում են արևմուտքի հանգստի վայրերը, այգիները, սակայն մենք ինքներս որևէ քայլեր չենք ձեռնարկում մեր քաղաքը նման տեսքի բերելու համար: Ուստի առաջարկել ենք քաղաքի բակային տարածքներում և հասարակական վայրերում անցկացնել ոռոգման ցանցեր, քաղաքի բակային տարածքներում ստեղծել կանաչ պուրակներ (դա վերաբերում է նաև  նորակառույց շենքերին հարող բակերին), քանդված շենքերը ոչ թե փոխարինվեն նորակառույցներով, այլ` այգիներով և հանգստի գոտիներով, իսկ կանաչ գոտիներն էլ անհրաժեշտ է ազատել անհրապույր շինություններից, և այդ տարածքներում վերականգնել նախկին տեսքը. քաղաքի ճեմուղիները անհրաժեշտ է եզրագծել մշտադալար ու դեկորատիվ ծառաշարերով և կանաչ սիզամարգերով:

Ինչ վերաբերում է քաղաքաշինական ստանդարտներին, ապա մեկ անգամ պետք է նշեմ, որ այսօր քաղաքի կենտրոնը ծանրաբեռնված է նորակառույց բարձրահարկերով, որոնք ընդհանուր առմամբ չեն համապատասխանում քաղաքի ճարտարապետական արտաքին տեսքին։ Բազմաբնակարան բնակելի շենքերը կառուցվում են բնակելի շենքերի բակերի ճիշտ կենտրոնում, ինչը ոչ միայն անհարմարություններ է առաջացնում բնակիչների համար` զրկելով վերջիններիս բնակարանները բնական լուսավորությունից, այլև արդյունքում քանդվում են բակերի ազատ խաղահրապարակները և փոխարինվում են բնակելի շենքերով։ «Մոդեռն» ոճի շենքերը ոչնչով չեն համապատասխանում մեր քաղաքի ճարտարապետական ընդհանուր ֆոնին և, առհասարակ, Թամանյանի պատկերացումներին։ Երևանն առանձնացել է շենքերի ճակատային մասերում աոկա յուրօրինակ զարդաքանդակներով, սակայն դրանց մեծ մասը այժմ ոչ միայն քանդվել ու ոչնչացվել են, այլև ժամանակակից ճարտարապետության մեջ դրանք մոռացության են մատնվել։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում գործում է այն տրամաբանությունը, որ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելիս՝ պահպանում են իրենց պատմական հին քաղաքը։ Մեր Երևանում այդ սկզբունքը չի գործում, այն նման է «նորացված» «հին» քաղաքի։ Անհրաժեշտ է գոնե այս պահի դրությամբ պահպանել Հին Երևանը՝ մեր սերունդներին փոխանցելու համար։ Նշենք նաև, որ քաղաքի կենտրոնում հին բնակելի շենքերը «նորացվել» են, «բարեկարգվել են» անհասկանալի շինություններով, շենքերի տանիքներում ավելացվել են մի քանի հարկեր, որոնք բնավ չեն խոսում շենքի ճարտարապետական տեսքի հետ, խախտում են շենքերի սեյսմակայունությունը, քաղաքը կորցրել է դիմագիծը։ Անհրաժեշտ է քաղաքի կենտրոնում սահմանել առավելագույն բարձրություն` հինգ հարկի չափով, իսկ այդ բարձրությունը գերազանցող շենքերի կառուցման թույլտվությունները կասեցվեն (չտրամադրվեն) և տեղափոխվեն քաղաքի «Փոքր կենտրոնից» դուրս։ Քաղաքի կառուցապատման աշխատանքներում պետք է օգտագործել միատոն շինարարական տեխնիկա (քարեր), որոնք կխոսեն Հին Երևանի արտաքին տեսքի հետ։

Խնդիր է նան քաղաքի կենտրոնում գոյություն ունեցող գետնանցումները, որոնք ոչ միայն անբարվոք վիճակում են գտնվում, այլև ծանրաբեռնված են մանր կրպակներով, ինչն անհարմարություններ է ստեղծում գետնանցումներից օգտվողների համար։ Խնդիրները շատ են, սակայն կարծում ենք, որ մեր կողմից բարձրացված այս հիմնական հարցերը շատ արդիական են:

-Աշխատանքային խումբն ունեցել է երկու հանդիպում-քննարկում: Ի˚նչ մթնոլորտում են անցել ներկայացված առաջարկությունների քննարկումները:

-2012 թվականի մայիսի 23-ին, Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կառավարությունում տեղի է ունեցավ Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խմբի երկրորդ հանդիպումը, ի տարբերություն առաջինի, որը պաշտոնական էր, իր բնույթով աշխատանքային էր, որի ընթացքում խմբի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկները` օրենքի նախագծում ներառելու համար:

Պետք է նշեմ, որ սույն աշխատանքային խմբում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամակցումն այնքան էլ դրական չընկալվեց խմբի անդամների կողմից, ինչը մի փոքր լարվածություն ստեղծեց աշխատանքային երկրորդ հանդիպման ժամանակ: Պատճառաբանությունները շատ էին: Նախ, մասնակիցների համար անընդունելի էր մեր` ոչ ճարտարապետական կամ քաղաքաշինական կազմակերպություն լինելու հանգամանքը: Թվում էր, որ իրավաբանները չեն կարող ճարտարապետական կամ քաղաքաշինական որևէ առաջարկ ներկայացնել` անտեսելով այն հանգամանքը, որ օրենքի մշակմանը պետք է հենց իրավաբանները մասնակցություն ունենան: Բացի այդ, չմոռանանք այն հանգամանքը, որ աշխատանքային խմբի, ինչպես ասում են, գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչն եմ` աշխատանքային խմբի ղեկավարից հետո, իսկ մնացած անդամները պատկառելի տարիքի տղամարդիկ են, կարծրացած մտածելակերպով, թեև իրենց գործի գիտակ, բոլորը մեկը մյուսին ճանաչում են, սակայն անընդունելի են համարում երիտասարդ կին իրավաբանի մասնակցությունը նման լուրջ օրինագծի քննարկմանը: Երիտասարդների հանդեպ նման թերահավատությունն է, որ այսօր թույլ չի տալիս մեր պետությանը զարգանալ: Ես չեմ հուսահատվում, այլ հակառակը, բավական ինքնավստահ եմ. եթե մեր կառույցի կողմից ներկայացված առաջարկները ծանրակշիռ չլինեին, ապա դժվար թե դրանք ներկայացնելու պահին այդքան բուռն քննարկման արժանանային:

-ՀԵԻԱ-ի ո˚ր առաջարկություններն են ամփոփվել օրենքի նախագծում ներառվելիք դրույթներում:

-Մեզ ուղարկած փաթեթից երևում է, որ առանձնացվել են հետևյալ դրույթները.

  • Փոքր կենտրոնում կանաչ գոտիների ավելացում և բարեկարգում, այդ թվում` բակային   տարածքներում.
  • Երևանի կենտրոնում «Փոքր կենտրոնի» տարածքի (Հին Երևանի) առանձնացում և կառուցապատման նախաձեռնությունների ուղղում Երևանի այլ վարչական շրջաններ.
  • Բարձրահարկերի շինարարության սահմանափակում, կառուցապատման բարձրության կանոնակարգում.
  • Ստորգետնյա ուրբանիզացիայի (այդ թվում` գետնանցումների) խնդիրների անդրադարձ:

Այս տվյալները դեռ վերջնական չեն, քանի որ դրանք ամփոփվել են առաջարկությունների վերլուծության հիման վրա: Նախատեսվում է բոլոր կառույցների կողմից ներկայացված նյութի քննարկումը կազմակերպել մոտակա օրերին` աշխատանքային խմբի հաջորդ նիստում:

-Արդյո˚ք այս օրենքի նախագծի ընդունում չի լինելու ձեւականմիայն թղթի վրա գրված 

 հերթական օրենք:

-Վստահ եմ, որ այն հերթական ձևական օրենքի չի վերածվի: Պետք չէ հավատը կորցնել: Մենք բոլոր բնագավառներում էլ լավ օրենքներ ունենք, ուղղակի դրանց իրագործման կամ մեխանիզմներն են բացայակում, կամ իրագործող կառույցներն են անգործություն ցուցաբերում: Հետևողական լինողները մենք ենք, իսկ մենք երիտասարդ ենք ու սիրում ենք պայքարել:

 

Սոնա Հարությունյանի փոխանցմամբ` ՀԵԻԱ-ն սկսել է Երևան քաղաքի կանաչ տարածքներն իրական սեփականատերերին` քաղաքացիներին վերադարձնելու նախաձեռնություն: Կան շատ տարածքներ, որտեղ այգիներում վեր խոյացած բազմաթիվ  շինությունները փոքրացրել են  կանաչ տարածքների մակերեսը:

 

 

Նունե Հովսեփյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել