Բլոգնյուզի ստեղծումից ի վեր բլոգոսֆերան բաժանվել է երկու մասի. մարդիկ , ովքեր դեմ են նրա գործունեությանn ու մարդիկ, ովքեր լավ են վերաբերվում նրան : Ասել, թե ով է նրանցից ճիշտ, ով սխալ՝ անիմաստ կլինի : Ամեն մեկը փորձում է իրենն առաջ տանել ու համոզել հակառակ կողմին, որ հենց նա է սխալ: Ես ուզում եմ հեռու մնալ ընդհանրացումներից :
Ինձ ՝ որպես բլոգերի, նախ և առաջ կարևոր է, որ խոսքս հասնի ընթերցողին : Եթե գրում եմ՝ պիտի ընթերցող ունենամ : Այս հարցում Բլոգնյուզն ինձ իրոք շատ օգնում է : Նախ՝ ինձ շատ հաճելի է, որ տվյալ կայքի աշխատակիցներն ուշադիր հետևում են բլոգիս գործունեությանն ու պարտաճանաչ կերպով հրապարակում են իմ գրառումները : Նկատել եմ, որ այլ բլոգներից միայն մեկ-երկու գրառում կա , իսկ իմ գրառումները Բլոգնյուզի հարթակում բավականին շատ են :Սա նշանակում է, որ իմ գրառումները ինչ-որ չափով կարդացվում են ու հենց Բլոգնյուզի անձնակազմն էլ ինչ-որ հետաքրքիր բան գտել է բլոգումս. եթե լավ ու պետքական բան չլիներ՝ գրառումներս այդքան հաճախ նրանց հարթակում չէին լինի : Հետո . Բլոգնյուզում հաճախակի հայտնվելը ստիպում է ավելի ուշադիր ընտրել բառերը, ավելի գրագետ լինել ու հաշվի առնել այն հանգամանքը, որ բացի իմ բլոգի տարածքից, գրառումս, շատ հնարավոր է, հայտնվելու է նաև Բլոգնյուզի էջում ու ինձ կարդալու են նաև մարդիկ, ովքեր միգուցե և ամեն օր չեն այցելում իմ բլոգ : Հետևաբար՝ գրառումը պետք է լինի մաքսիմալ լավ ու ամբողջական կազմված, որպեսզի նույնիսկ այն մարդը, ով առաջին անգամ է ծանոթանում իմ գրելաոճին , ինձ ճիշտ հասկանա ու ճիշտ ընկալի գրառումս: Այստեղից հասկացանք՝ Բլոգնյուզի օգնությամբ ես սկսել եմ շատ ավելի հստակ ու հասկանալի գրել ՝ հաշվի առնելով իմ ՛՛ոչ մշտական ՛՛ , Բլոգնյուզի կողմից ինձ տրամադրվող ՛՛կողքից՛՛ ընթերցողներին :
Շատերը բողոքում են ռեյտինգից : Ասել է թե . ՛՛Դե հա, նյութս կարդում են, բայց Բլոգնյուզի էջից են կարդում, բա իմ բլո՞գը ՛՛ : Միգուցե սա ոմանց համար խնդիր է հանդիսանում : Բայց ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում : Եթե Բլոգնյուզն այս գրառումս դնի իր էջում, դուք նախքան նյութը կարդալը սև, մուգ տառերով կկարդաք անունս. Սյունե Սևադա : Դուք արդեն ինձ ճանաչեցիք, այնպես չէ՞ : Ուրեմն՝ այս գրառումը գրել է ոմն Սյունե Սևադան : Նյութի ներքևի հատվածում կա գրառման լինքը : Եթե գրառումը ձեզ դուր գա՝ դուք կսեղմեք լինքի վրա ու կհայտնվեք իմ բլոգում ու կիմանաք, որ Սյունե Սևադայի բլոգը կրում է ՛՛Ամեն ինչ ոչնչի մասին՛՛ անվանումը : Դրանից հետո, եթե Բլոգնյուզում, կամ ֆեյսբուքյան խմբերում, կամ էլ ինչ-որ օգտատիրոջ էջում տեսնեք ՛՛Սյունե Սևադա՛՛ անունը կամ ՛՛Ամեն ինչ ոչնչի մասին՛՛-ից լինք, դա ձեր ականջին էլ խորթ չի լինի : Կասեք. ՛՛հա՜, էս էն աղջիկն էր, էն որ Բլոգնյուզում նյութ էր գրել ՛՛ : Ու , արդեն որպես ծանոթ անուն , կայցելեք իմ բլոգ. տեսնեք այս անգամ ի՞նչ նոր բան եմ գրել :
Դուք արդեն գիտեք իմ անունը ու ճանաչում եք ինձ՝ որպես բլոգեր : Եթե իմ գրելաոճը ձեզ դուր գա՝ կայցելեք լինքով ու հենց բլոգումս կծանոթանաք իմ մնացած գրառումներին : Ուրեմն էլ ի՞նչ խնդիր կա :
Բլոգնյուզը կարողանում է ընդլայնել ընթերցողների սահմանները : Ես , Բլոգնյուզի շնորհիվ, ձեռք եմ բերել մշտական ընթերցողներ, որոնք արդեն չեն սպասում՝ երբ նյութս կհայտնվի նրանց էջին : Արդեն գիտեն բլոգիս հասցեն, նույնիսկ արդեն ինձ հետ են կապ հաստատել ու ինձ հետ են շփվում : Բայց չպետք է մոռանալ , որ եթե չլիներ Բլոգնյուզը, այդ նույն ընթերցողները միգուցե չճանաչեին ինձ ու բլոգս նրանց համար այդպես էլ անծանոթ մնար :
Գրառումս կկարդան իմ էջում, թե Բլոգնյուզի՝ ինձ համար երկրորդական է : Կարևոր է , որ կարդան : Բոլորս էլ գիտակցում ու հասկանում ենք, որ մեր օրերում նախապատվությունը տրվում է շատ աղբ պարունակող կամ էլ թե ոչինչ չասող գրառումներին : Բայց այդ ամենի կողքին կարող է նաև գնահատվել հետաքրքիր խոսքն ու կարծիքը: Միգուցե ինձ ընդունեն, միգուցե ՝ ոչ : Կհամարեն ինձ հետաքրքիր բլոգեր, կամ բոլորի պես նվնվացող ու բողոքող մեկը՝ սա հարցի մյուս կողմն է : Փաստը մնում է փաստ, որ եթե իմ գրելաոճը հետաքրքրի ընթերցողին, նա կգտնի ինձ : Իսկ ինձ գտնելու համար կարող է արագ միջոց հանդիսանալ Բլոգնյուզը:
Ոչ մի կերպ չեմ մեղադրում Բլոգնյուզին դեմ կանգնողներին . դա նրանց կարծիքն է : Անձամբ ես սիրով ՛՛համագործակցում եմ՛՛ Բլոգնյուզի հետ : Ու հուսով եմ ՝ դեռ երկար կլինեմ նրանց էջերում:
Ու որպես վերջաբան մի բան նշեմ. ըստ իս ՝ գրող մարդու համար կարևոր է իր խոսքը տեղ հասցնել ու ներկայացնել հնարավորինս շատ մարդկանց : Իսկ ռեյիտնգը...ահ, այսօր կա, վաղը՝ չկա : Կարևորը՝ հիշվել մարդկանց կողմից ու որոշ քանակի համար էլ սիրելի դառնալ : Ու եթե կա կայք, որը հնարավորություն է տալիս ավելի մեծացնել ընթերցողների շրջանակը՝ սխալ կլինի չօգտվել նման հնարավորությունից :
Հ.գ. առիթից էլ օգտվեմ ու շնորհակալություն հայտնեմ Բլոգնյուզին )))) Կայքի շնորհիվ հրաշալի ընթերցողներ եմ ձեռք բերել : Ինձ միշտ հաճելի է գրառումս տեսնել Բլոգնյուզի էջերում: Շնորհակալ եմ ! )))
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/08/blog-post_2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել