Արտատպված է 21.12.13 թվակիր էջից

Մարդու տեսակից ամենազզվելին,ամենա-
գարշելին, ամենաայլանդակը զրպարտիչն է։
ԷԴՈՒԱՐԴ Օ՛ՀԱՐԱ
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի...
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Պոետներին մեծարել են,
Տվել փառք ու պատիվ անծիր,
Պոետներին քարկոծել են
Նենգ ու նախանձ փարիսեցիք։
Պոետներին զրպարտել են
Հուդաները փողի գերի...
*  *  *
Օ՜, Հուդա, Հուդա,
Դու չես վերանա, քանի որ ծնվել
Ու կծնվեն դեռ նոր Քրիստոսներ,
Նոր առաքյալներ կգան ասպարեզ-
Սուրբ Քրիստոսի լուսապսակով,
Միշտ էլ աշխարհում կշարունակվես,
Քանզի ապրում են հետնորդները քո։
Նոր ուժ ու կորով կառնեն քեզանից
Թոռնեթոռներն ու ծոռները Նեռի,
Համբույրներով ու երդումներով պիղծ-
Հարություն առած կքայլեն նորից.
Բանսարկուների դու քաջ դաշնակից,
Հզոր բարեկամ շողոքորթների։
Նոյից մինչ այսօր անհետ, անանուն
Կորել են քանի՜-քանի ազգ ու ցեղ,
Բայց դու անմահ ես, քանի աշխարհում
Հուդայությունը դեռ չի վերացել։
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
Շատ տարիներ առաջ հայրս մի պամֆլետ է գրել՝ ուղղված ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին (սա արդեն 30 տարի այդ պաշտոնում է), որպես վերջինիս՝ Վարդան (Սլավիկ) Հակոբյանի «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պարոդիա։ Հորս մահից հետո լույս տեսած ժողովածուի մեջ ես զետեղել էի նաև անտիպ այդ բանաստեղծությունը։ Ու այդ օրվանից առ այսօր Հակոբյանը կորցրել է քունն ու հանգիստը։ Երկու անգամ, այսպես ասած, գրական արշավ է ձեռնարկել իմ և հորս դեմ ու երկու անգամ Մեծ զրպարտիչը ջախջախվել է։

Հետաքրքիրն այն է, որ նա իր զրպարտագրերը թխում է հորս հերթական գիրքը տպագրվելուց հետո։ Վերջերս պետական հովանավորությամբ լույս է տեսել հորս երկհատորյակը։ Ու դա դարձյալ շատ ծանր է տարել Արցախի ԳՄ ցմահ նախագահը։ Իր չկայացածության ամբողջ «ցավը», նախանձի ողջ պաշարն օգտագործելով, աննկուն կեղծարարը դարձյալ զրպարտչական արշավ է սկսել հորս անվան ու իմ դեմ՝ իր մեջ կուտակված ողջ թույնը, զառանցանքը հանձնելով թղթին։ Ժողովուրդն ասում է. «Կուզին գերեզմանը կուղղի»։ Հոգով կուզը, սակայն, հանդերձյալ կյանքում անգամ չի ուղղվի։

Իրենից երիցս վեր կանգնածի վրա ցեխ շպրտելով, իր չկայանալուց ու նախանձից բանականության մթագնում ունեցող այս արարածը չի նկատում, որ վեր նետած այդ աղտեղությունը, չհասնելով նպատակին, բումերանգի պես սլանում է այն նետողի՝ իր վրա։ Զավեշտականը ոչ միայն այն է, որ Կևորկովյան ժամանակներում «արքունիքում» իր ունեցած նվաստացումները, ծաղրը փորձում է գլխիվայր շրջած վերագրել ուրիշին, այլև այն, որ նույնիսկ չի նկատում, չի հասկանում, որ իր բարբաջանքները ոչ ոք չի կարդում, ինչպես ոչ ոք չի կարդում շքեղակազմ ու հաստափոր իր հատորները։ Չի զգում, որ վաղուց իր տեղը գրականության լուսանցքն է, իսկ վաղն իրեն այլևս ոչ ոք չի հիշելու։ Ու եթե հիշեն, ապա՝ թերևս վերոհիշյալ պամֆլետի շնորհիվ միայն։

Ահա հորս գրած այն պամֆլետը, որի պատճառով Վ. Հակոբյանը շուրջ 20 տարի է բարբաջանքներ է թխում ու չի հանգստանում.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

Ի դեպ, Վարդան Հակոբյանի դիմանկարը հիանալի կերտել է նաև վերջինիս համագյուղացի, նշանավոր արցախագետ Շահեն Մկրտչյանը՝ նրան ուղղված նամակում։ Այս նամակում մեծ զրպարտչին «հուզող» բոլոր հարցերի պատասխանները կան։ Հատկապես կապված Կևորկովի հետ, ինչպես նաև եսակենտրոն մտածողության, բոլոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու ու վերնախավին քծնելու բնածին սովորության և այլնի մասին.

«Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում:

 Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին։ Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:

Իմ արժանապատվությունից ցած ու ինձ համար վիրավորական եմ համարում իջնել Վարդան (Սլավիկ) Հակոբյանի մակարդակին ու պատասխանել հիվանդ երևակայության ու նախանձի ծնունդ նրա զազրախոսությանը, որի պատասխանը մամուլում բազմիցս տրվել է (սրա ողջ «փաստարկներին» կարելի է պատասխանել տարիներ առաջ նման բարբաջանքներին ի պատասխան գրված հոդվածներից մեկի մի թեթև փոխած այս ձևակերպմամբ. «Ստի հերն անիծած, թե քո այս ողջ զառանցանքում մի գրամ ճշմարտություն կա»... Չնայած արդեն մի քանի անգամ ականատես եմ եղել, թե նա ինչպես է երդվում ու ստորաբար ստում)։ Ուղղակի ներկայացնեմ ծաղկաքաղ կեղծարար-զրպարտչի մասին հոդվածներից, որ փայլուն ներկայացնում են Վարդան-Սլավիկ Հակոբյանի դիմանկարը կամ ցույց տալիս, թե ինչ ասել է «վարդանհակոբյան» երևույթ...

---------------------------------------------------------------

Ահա այսպիսի վաստակավոր գործիչ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին գրչի մի հարվածով ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման է արժանացրել բանաստեղծ, ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին։

Նորությունն իմանալուց հետո մեր մեջ ծնված առաջին բնական հարցը հետեւյալն էր՝ ո՞ր արժանիքի համար։ Գուցե Հակոբյանը տաղանդավոր ու հանրահայտ բանաստեղծ է, որի մասին պարզապես մենք՝ անտեղյակներս, թերանալով չե՞նք իմացել այսքան ժամանակ...

Գրախանութում նրա գրքերից գոնե մեկը ձեռք բերելը մեզնից մեծ ջանքեր պահանջեց, որովհետեւ դրանք երկար ժամանակով չվաճառվելու պատճառով մոռացության էին մատնված, եւ գրախանութի աշխատակիցները մեծագույն դժվարությամբ գտան «Թեւերի հեռուն» տարօրինակ վերնագիրը կրող երկերի ժողովածուն, որը 2003 թվականին լույս է տեսել 800 օրինակով, սակայն, ինչպես պարզվեց, այդ թվականից ի վեր, օրինակ, «Նոյյան տապան» գրատանը հատուկենտ է վաճառվել, թեեւ արժե ընդամենը 380 դրամ։

Բանաստեղծ Հակոբյանի ստեղծագործությունների ընթերցելիության վերաբերյալ հետաքրքրվեցինք նաեւ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում։ Պրպտումները ցույց տվեցին, որ այստեղ Հակոբյանի հեղինակած չորս ժողովածու կա, որոնցից եւ ոչ մեկը, սակայն, երբեւէ չի պատվիրել ընթերցողը։ Ինչեւէ։ Թեեւ արդեն պեղված էր Վարդան Հակոբյանի՝ «Թեւերի հեռուն» երկերի ժողովածուն, եւ հնարավորություն կար դրան ծանոթանալու ու կարծիք կազմելու, սակայն սուբյեկտիվության մեջ չմեղադրվելու համար դիմեցինք գրական աշխարհի մարդկանց։ Ի վերջո, նաեւ հետաքրքիր էր՝ ինչպե՞ս են վերաբերվում նրա պոեզիային այդ միջավայրում։

Պարզվեց՝ ոչ ոքի առանձնապես չէր ոգեւորելու այդ մասին մի քանի խոսք ասելու վերաբերյալ մեր խնդրանքները։ Նրանք բոլորը խուսափեցին՝ պատճառաբանելով, որ Հակոբյանի պոեզիայի գիտակը չեն եւ այնքան ծանոթ չեն, որ կարծիք հայտնեն։ Այս դեպքը մեզ հիշեցրեց Բեռնարդ Շոուի հետ կապված մի պատմություն։ Երբ նրան գրողներից մեկը հրավիրել է իր պիեսի բեմադրությունը նայելու, Շոուն քնել է ներկայացման ընթացքում, իսկ երբ պիեսի հեղինակը դժգոհել է, թե քնել էիր, հիմա ինչպե՞ս ես կարծիք հայտնելու, նա պատասխանել է, որ հենց քնելով՝ արդեն ինքն իր կարծիքն է արտահայտում։

...Իսկ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հայտնեց, որ միանգամայն արժանի համարելով՝ իրենք են այդ կոչման ներկայացրել Վարդան Հակոբյանին՝ նշելով, որ վերջինս «մեր տաղանդավոր բանաստեղծներից է՝ առանց վերապահումների»։ Իսկ մեր այն հարցին՝ արժանի է համարվում որպես բանաստե՞ղծ, թե՞ որպես ԼՂՀ գրողների միության նախագահ, Լ.Անանյանը պատասխանեց՝ հավասարապես։ Նույնը թերեւս «կարելի է» ասել Լեւոն Անանյանի մասին, ու Վարդան Հակոբյանին այդ կոչման ներկայացնելով՝ Անանյանը նկատի է ունեցել նաեւ իրեն։
Հ.Գ. Ստորեւ ներկայացնում ենք Հակոբյանի բանաստեղծություններից մեկը.

«Ագռավը երգեց ծառին եւ մի տերեւ ընկավ ծառից
ագռավը երգեց ծառին եւ էլի մի տերեւ ընկավ ծառից
ագռավը երգեց ծառին եւ դարձյալ տերեւներ ընկան ծառից
ագռավը երգեց, երգեց եւ ծառի վրա ոչ մի տերեւ չմնաց
եւ արեւի ճաքճքած հայելին ջրափոսերում ջարդուփշուր եղավ» («Հարպի»)։

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»
17.11.2005



Պամֆլետ, որ «փոթորիկ» է առաջ բերել ԼՂՀ ԳՄ «նախագահությունում»

Ի պատասխան Արցախի ճանաչված և հարգված տասնյակ մտավորականների՝ «Ազգ» թերթի «Մշակույթ» հավելվածում և արցախյան թերթերում տպագրված «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի, ՀՀ ԳՄ մի քանի անդամներ, միության նախագահի գլխավորությամբ, «Գրական թերթ»-ում հապշտապ «հոդված» են գրել, որը ոճով, ձևակերպումներով չի տարբերվում Արցախի ԳՄ-ի մամուլում տպագրված զրպարտագրերից:

Հոդվածի տակ «իրենց ստորագրությունն են դրել» նաև մարդիկ, ովքեր կամ անտեղյակ են Վազգեն Օվյանի գրական ժառանգությունից, կամ միանգամայն այլ կարծիք ունեն նրա անվան և գրական վաստակի մասին: Հ. Բեգլարյանը, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հազվադեպ է տնից դուրս գալիս, վերջերս մեկնել է Վ. Օվյանի ծննդավայր, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, որպես մեծագույն հարգանքի տուրք, համբուրել նրա հուշաքարը, հանկարծ «ստորագրել է» ԳՄ նամակը: Սակայն Բեգլարյանը երդվել է «բոլոր սրբություններով» (իր բառերն են - Ն. Օ.), որ ինքը չի ստորագրել այդ նամակը:

Վերջապես ո՞ւմ է պետք այս շոուն: Ակնհայտ է, որ սա «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով սարքած ներկայացում է. Արցախի ԳՄ նախագահը տեղացի գրողների ստորագրություններով «Գրական թերթ»-ում վերջերս հրապարակավ «սատարել է» ՀՀ ԳՄ նախագահին և, ահա, վերջինս էլ նման ձևով վարձահատույց է լինում նրան՝ արտահայտելով իր աջակցությունը արցախցի կոլեգային (այս երևույթը մեզանում անվանում են «սատարախտ»), որի կազմակերպած արշավը՝ հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած գրող Վազգեն Օվյանի դեմ, ղարաբաղյան լուրջ և իրեն հարգող մտավորականության շրջանում ոչ միայն աջակցություն չի գտել, այլեւ լիովին խայտառակվել է Ղարաբաղում:

Պարոնայք ԳՄ նախագահներ, ձեր աթոռներին կառչած մնալու համար ոտնատակ մի՛ տվեք ազնիվ մարդկանց անունն ու պատիվը, նրանց մի՛ խառնեք ձեր անձնական հաշիվներին: Ամո՛թ է: Դա պատիվ չի բերում մտավորականին: Իսկ որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչո՞ւ հանկարծ Վարդան Հակոբյանը զրպարտչական աննախադեպ արշավ ձեռնարկել 22 տարի առաջ վախճանված գրողի անվան ու գրական ժառանգության դեմ, ստիպված եմ ներկայացնել «մի կաթիլ մեղրի» պատմության իրական պատճառը:
Արցախում Վարդան Հակոբյանին (Սլավիկ Հակոբյան) ճանաչողներն այնքան միամիտ չեն, որպեսզի կարծեն, թե այսօր վերջինս քունն ու հանգիստը կորցրել է, որովհետև 50 տարի առաջ Վազգեն Օվյանն իր անդրանիկ գրքում Թևան Ստեփանյանին ներկայացրել է բացասական ու սարկաստիկ գծերով:

Նախ՝ Հակոբյանը լինելով, նշանավոր արցախագետ ու պատմաբան Շահեն Մկրտչյանի բնորոշմամբ՝ ԵՍԱԿԵՆՏՐՈՆ անձնավորություն, իրենից դուրս ոչինչ չի տեսնում և հազիվ թե հուզվի անգամ մոտիկ մարդկանց անձնական դարդուցավերից: Էլ ո՞ւր մնաց՝ այդպես պատեպատ խփվի հանուն մի մարդու, որը, մեղմ ասած, այնքան էլ բարի անուն չի թողել ղարաբաղցու հիշողության և վերջին 70 տարվա պատմագիտության մեջ: Այնպես որ, ռուսի ասած՝ «նե դա լամպոչկի»...

Եթե Վ. Հակոբյանին առայսօր հանգիստ չի տալիս, դա այն պամֆլետն է, որ Վազգեն Օվյանը գրել է նրա մասին, եւ որը նրա «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պարոդիան է: Վերջինս կարող է 200 պասկվիլ մոգոնել հանգուցյալ գրողի դեմ և զետեղել պետական սուղ միջոցներով ֆինանսավորված իր շքեղակազմ հատորներում: Բայց, ի ցավ Հակոբյանի, դրանցից ոչ մեկն այնպես չի «կպնելու» Վազգեն Օվյանին, ինչպես նրա գրածը՝ իրեն: Ահա այդ պամֆլետը.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

25-30 տարի առաջ գրված այս պամֆլետ-պարոդիայի տպագրման օրվանից՝ 1992 թվականից Հակոբյանը կորցրել է հանգիստը, որովհետև ընդամենը 4 քառատողում խտացված է նրա իրական կերպարը, որի համար վերջինս «փոթորիկ» է բարձրացրել գրականության ու լրագրության բնագավառում չկայացած, սակայն զրպարտության ու կեղծարարության ասպարեզում անգերազանցելի գրչակներից կազմված իր մերձավոր շրջապատում, որը ինքն անվանում է «ԳՄ նախագահություն»:

Հակոբյանին լրջորեն մտահոգում է նաև Վազգեն Օվյանի ժողովրդականությունը: Դե, իհարկե, խորապես մտահոգիչ է. Օվյանը վախճանվել է երկու տասնամյակ առաջ, բայց, ինչպես գրված է Արցախի ճանաչված մտավորականների ստորագրությամբ հրապարակման մեջ, «ի տարբերություն որոշ «կենդանի մեռյալների», Վազգեն Օվյանը այսօր էլ ապրող հեղինակ է, նրան կարդում են, նրա հեղինակած բանաստեղծությունները՝ արտասանում: Եվ եթե դա հարուցում է ոմանց զայրույթը, ապա գրողը մեղք չունի. «ծանիր զքեզ»՝ ասում էին հները: Նշանակում է՝ ընթերցող հանրությունը ներկա գրական գորշությունից վեր է դասում անցյալի իրական արժեքները և իմաստ չունի «սուր ճոճել». ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում... Գրադարաններում այսօր փնտրում են Վազգեն Օվյանի գրքերը: Եվ դա այն դեպքում, երբ պետական միջոցներով տպագրված բազմաթիվ հաստափոր հատորների կողքից ուսանողությունն անցնում է հպարտ անտարբերությամբ» (տես՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում», «Ազգ», 06.12.08):

Երբ Վազգեն Օվյանը գրում էր «Ղարաբաղի արծիվը», «Ամարասը», «Այս Ղարաբաղն է»-ն և բազմաթիվ հայրենաշունչ տողեր, երգիծական-սարկաստիկ երկեր էր գրում Լ. Բրեժնևի, Հ. Ալիևի, Բ. Կևորկովի, ադրբեջանական հայատյաց քաղաքականության դեմ («Նազար-նամե», «Կրկես», «Գորշ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Սև վեզիրը»:), «շքերթներից հոգնել էր արդեն ու ձանձրացել ճառերից դատարկ», Վ. Հակոբյանը ազգի դահիճներին՝ Հ. Ալիևին և Բ. Կևորկովին հաճոյանալու համար, ոգևորությամբ գովերգում էր «դարի մեծագործությունները»՝ «Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու շինարարությունն ու անասնապահական խոշոր համալիրի կառուցումը», երևի կարծելով, թե դեպի Պառնաս տանող ամենաուղիղ ճանապարհն անցնում է Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղով ու անասնապահական համալիրների դռներով: Երբ Վազգեն Օվյանը ի պատասխան հայատյաց Ռասուլ Ռզայի թունոտ մի զառանցանքի՝ «Սմբատ և Բաբեկ» էր գրում («Որքան ոռնաս, Ռասուլ Ռզա, Սմբատները միշտ ծնվել են ու կծնվեն...»), Վ. Հակոբյանը ազերի Մոլլա Փանահ Վագիֆի մասին պոեմ էր երկնում, չտեսնելուն տալիս, որ Թևանն արդեն քանի տասնամյակ, աչքը ջուր կտրած, սպասում է իրեն՝ յուր «փաստաբանին»...

Նախանձի թույնը այնպես է կուրացրել Վ. Հակոբյանին, որ երկու տասնամյակ առաջ մահացած գրողին «ոչնչացնելու» մոլուցքի մեջ կորցրել է ոչ միայն մտավորականին վայել էթիկան, այլև դատելու ունակությունը՝ ինքն իրեն հակասելով և իրեն գցելով ծիծաղելի վիճակի մեջ: Օվյանին մերթ մեղադրում է նրա համար, որ իբր վերջինս իր վիպակը գրել է Կևորկովի պատվերով՝ 1975 թ.-ին (մինչդեռ վիպակը ամսագրում տպագրվել էր 1971 թ.-ին, գրքով՝ 1973-ին, երբ Կևորկովը դեռ չէր եկել Ղարաբաղ: Իսկ իրականում 1975 թ. Վ. Օվյանը Կևորկովի դեմ գրել է «Հուդային», «Բ. Կ.-ին», «Բասարական» բանաստեղծություններն ու տասնյակ պամֆլետներ), մերթ հայտարարում է, թե Օվյանը «չափածո հայհոյել է Կևորկովին»: Անհասկանալի է, թե ինչն է այդպես տանջում ԳՄ ղեկավարին. «Կևորկովի պատվերով գրե՞լը», թե՞ «Կևորկովին չափածո հայհոյելը»: Եթե մարդ մեկին հայհոյում է, էլ ինչո՞ւ պիտի միաժամանակ գրի նրա պատվերով...

Մյուս կողմից՝ մի ասող լինի Հակոբյանին՝ ուժդ չափածո չէր պատում, դու էլ արձակ «հայհոյեիր» ազգիդ դահճին: Ինչո՞ւ ծպտուն չէիր հանում: Թե՞ հայհոյանքիդ պարկը պինդ փակել էիր, որպեսզի հետագայում Արցախյան պատերազմից հետո քեզ հռչակեիր «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկը» և հայհոյեիր «Կևորկովին հայհոյողին»: Ինչո՞վ էիր զբաղված այդ տարիներին, ավելի կարևոր գործեր ունեի՞ր: Իսկ գո՞ւցե Հակոբյանն իրոք կարծում է, թե մեռել է ժողովրդի հիշողությունը, և մարդիկ մոռացել են, թե իրականում ով ինչով էր զբաղված թե՛ այդ տարիներին, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ հետո... Գո՞ւցե նրան թվում է, թե ժողովրդի հիշողությունը ևս կարելի է պատվերով «գրել տալ», կամ՝ գրել ու ժողովրդի ստորագրությունը դնել տակը:

Ահա ԼՂՀ «ԳՄ նախագահության» ձեռնարկած արշավի և բարձրացրած աղմուկի ողջ իրական պատճառը, որի համար ԳՄ-ում թիվ մեկ մարտական տագնապ է հայտարարվել: Իսկապես որ շա՜տ հիմնավոր և օրախնդիր պատճառ է:

ՆԱՐԻՆԵ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ 
«Տարեգիր», Երեւան
06.03.2008
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել