Երեկ մասնակցեցի Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» ֆիլմի պրեմիերային, և ցանկություն առաջացավ հանրայնացնել իմ դիտարկումները: Միանգամից նշեմ, որ կինոքննադատ չեմ և դիտարկումներս էլ, բնականաբար, մասնագիտական հիմք չեն ունենա: Ասեմ, որ մինչ այժմ իմ դիտած 90-ականների հայ-ադրբեջանական պատերազմին կինոանդրադարձներից «Թևանիկը» ամենահաջողվածներից է: Շատ լավն էր նաև նույն ռեժիսորի մեկ այլ կարճամետրաժ ֆիլմը, եթե չեմ սխալվում «Կորցված մանկություն» վերնագրով, որը մի իրական դեպքի էկրանավորումն էր: Հաջողված եմ համարում նաև ադրբեջանցի մի ռեժիսորի կողմից նկարահանված «Ֆսյո կլուչշեմու» կարճամետրաժ ֆիլմը: Ջիվանի մոտ փորձ է արվել ֆիլմի հիմքում դնել համամարդկային արժեքներ, դուրս բերել ֆիլմը «ազգային պատյանից» և ընկալելի լինել նաև օտար հանդիսատեսի համար: Ինչքանով դա իրեն կհաջողվի ցույց կտա ժամանակը: Ֆիլմում հավանաբար կոլորիտը ապահովելու համար հիմնական երկխոսությունները Արցախյան բարբառով է ինչը, սակայն որոշակիորեն դժվարացնում է առանձին դրվագների ամբողջական ընկալումը: Ֆիլմում նաև հավանաբար «Հայաստան -Արցախ-Սփյուռք եռամիասնության» անհեթեթ և վտանգավոր գաղափարը (չի կարելի ազգը ըստ բնակության վայրի բաժանել տարբեր մասերի և հետո ասել՝ եկեք միավորվենք) ապահովելու համար հնչում է նաև «Կամանդիրի» արևմտահայերենը: Ֆիլմում գրական հայերենով հնչում է միայն ռացիայով «վերևից» եկող նահանջի հրամանը: Ես չեմ պնդում, որ սցենարիստի կամ ռեժիսորի կողմից նման բան ցույց տալու միտում է եղել, բայց ստացվում էր, որ այդ պատերազմում «արցախցին» կռվում էր, քանի որ հետևում հայրենի գյուղն էր, սփյուռքահայ մարտիկին Արցախ էր բերել վեհ գաղափարականությունը, իսկ «Հայաստանցին» էլ պրագմատիկ հաշվարկող էր, որ միայն տանկերի քանակը հաշվել գիտեր և հավատում էր նյութի, այլ ոչ թե ոգու հաղթանակին: Ի դեպ, երևի ոգու հաղթանակը ցույց տալու համար էլ հայկական կողմը ներկայացվում է նվազ սպառազինված, որը, անշուշտ, հատկապես պատերազմի առաջին փուլում պատմական փաստ է, բայց նաև «նվազ սպառազինության» նույնականացում «ոգու ուժի» հետ մեզ սխալ տեղ կտանի: Հարկավոր է լինել ոգով ուժեղ և լավ սպառազինված: Դրանք հակոտնյա բան էր չեն այլ փոխլրացնող: Ստացվեց այնպես, որ գրառումս ներբող չէր առֆիլմ, բայց խորհուրդ եմ տալիս, այնուամենայնիվ, ֆիլմը դիտել ձեր աչքերով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10203676330331252?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել