Հարգելի լրագրողներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ իրական լուրերի առատություն, ակտիվ աշխատանք, լարված ու տքնաջան գործունեություն, արժանապատիվ վարձատրություն, մասնագիտական հպարտություն եւ լրագրողի մասնագիտության հանդեպ մեծագույն պատասխանատվության ընկալում...լրագրողը ամենակարեւոր անձն է երկրների եւ քաղաքականությունների կիզակետում, սա ամենալուրջ եւ ամենաբարդ աշխատանքն է, որը պետք է կատարել մեծագույն երկյուղածությամբ եւ նվիրվածությամբ, խոսքի ազատությունը այն պարգեւն է, որն այսօր դուք ունեք, իմ սիրելիներ, խոսքի ազատությունն այն փորձաքարն է, որին բախվելիս շատերն են արյունոտվում եւ փշրվում, խոսքի ազատությունը այն հաճույքն է, որի պտուղները վայելում է հասարակությունը, խոսքի ազատությունն այն զենքն է, որը պետք է գործածել մեծագույն զգուշությամբ եւ գիտակցումով, որ այդ զենքը ամենամահացուն է բոլոր մյուս զենքների համեմատությամբ, խոսքի ազատությունն այն հնարավորությունն է, որը լրագրողին լրագրող է դարձնում, լրատվամիջոցին՝ լրատվամիջոց եւ, որը պատմություն է կերտում ու սերունդներին է թողնում իրակական պատմական փաստեր, իրական տեղեկատվություն եւ քաղաքականություն՝ առանց կեղծ ու էժանագին շպարի: Այն տարիներին՝ շուրջ երեսուն տարի, երբ պատիվ եմ ունեցել լրագրող լինելու, ես միանգամից չեմ ընկալել մասնագիտությանս ծանր բեռը, քանի որ իմ լրագրողական կյանքը բաժանվել է երկու փուլի՝ լրագրություն մինչ Հայաստանի անկախությունը եւ անկախության տարիներ, սովետմիության լրագրողական դպրոցը էականորեն տարբերվում էր այսօրվա լրագրողական դպրոցից, կային շատ ուսանելի եւ շատ տխուր բաներ, իսկ անկախ Հայաստանի լրագրող լինելը, այն էլ «Առավոտ» թերթում, իմ կյանքի լավագույն հնարավորությունն էր՝ սովորել եւ ըմբոշխնել լրագրողի մասնագիտության բոլոր դժվարությունները եւ հմայքները: Իմ սիրելիներ, լրագրությունը մի տոն է, որը երբեք ինձ չի լքելու եւ ձեզ նույնպես չի լքելու, անկախ այն հանգամանքից, թե մինչեւ ուր եք հասնելու այս մասնագիության քառուղիներում, գուրգուրեք եւ սիրեք լրագրությունը, եղեք անկողմնակալ ու ճիշտ, ճշգրիտ ու վստահ, որ դուք թիվ մեկ մասնագիտության կրողներն ենք, դուք այն փորձաքարն եք, որին բախվել, բախվում ու բախվելու են բոլոր մասնագիտությունները, շատերը փշրվելու են, կոտրվելու, անցողիկ են բոլոր խելացի ու տխմար գործիչները, իսկ ԼՐԱԳՐՈՂԸ մնալու է առաջին շարքում եւ լինելու է այն զինվորը, ով առաջ է գնալու իր երկրի ու պետության զարգացման ճանապարհին...Շնորհավոր տոն եւ քրտանջան աշխատանք ձեզ՝ հանուն մեր երկրի եւ մեր պետության....
Հ.Գ. Մինչ գրում եմ այս տողերը, անձնական նամակներ եմ ստանում իմ լրագրող ընկերներից, ովքեր զուգահեռ շնորհավորում են ինձ մասնագիտական տոնի առթիվ, ինձ էլ դուրս չդնելով լրագրողական համքարությունից, իրոք, հուզիչ է եւ երախտապարտ եմ շնորհավորանքների համար..Բարի տոն բոլորիս...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=698887723506827&set=a.137073213021617.26254.100001568187508&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել