Ամեն ինչ սկսվել է չեմ էլ հիշում, թե երբ: Հիշում եմ տատիս ձեռքը՝ նուրբ, գեղեցիկ, իմ պստիկ ձեռքն իր ափի մեջ ու Ծիծեռնակաբերդի երկար ճանապարհը: Տատս այդպես էլ լուռ իր մեջ տարավ Երկրի կարոտը, Մարաշի կարոտը: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ դեպքեր էր հիշում, ինչ-որ մարդկանց, ու հետո էլի լռություն, էլի Ծիծեռնակաբերդի երկար ճանապարհը: Հա, մեկ էլ երբ հասնում էինք հավերժական կրակին, կանգնում էինք, ես իր ձեռքը բռնած ուշադիր նայում էի դեմքին՝ աղոթք էր մրմնջում: Ինձ ասել էր, որ իր ընտանիքը այստեղ է թաղված, այս կրակի տակ: Ինձ էլ թվում էր, թե հավերժ հնչող հայահունչ մեղեդիներն էլ հենց մեր ընտանիքի անդամների հեռու հեռվից մեզ հասնող երգն է: Երբ Արևմտյան Հայաստանում էինք հորս հետ ու հասանք Մարաշ, Մարաշի բերդից նայում էինք քաղաքին, ու հարցրի՝ տեսնես պստիկ Աննա Փամբուկյանը որ թաղում է ծնվել, ուր է խաղացել իր քույրերի հետ:
Մի օր ասաց.
-Մայրս գաղթի ճամփուն մեռավ՝ նորածին քույրս կրծքի վրա, ես ու եղբայրս թաղեցինք: Ես այն ադեն չորս տարու էի:
-Տատ, ե՞րբ է ծննդյանդ օրը:
-Ապրիլ քսանչորսին, աղջիկս:
Էրզրումցի պապս մահացել է, երբ յոթ ամսական եմ եղել: Ասում են՝ ինձ շատ է սիրել: Չեմ հիշում, բայց զգում եմ, արյամբս եմ զգում:
Էրզրումի կենտրոնում կանգնած՝ հայրս ու ես նայում էինք մեր շուրջ ու փորձում էինք պատկերացնել, թե որ փողոցն է տանում մեր տուն, որ փողոցով է պապս ամեն առավոտ գնացել Սանասարյան վարժարան, ուր ձմռանը սառցադաշտ է եղել ու չմուշքներ են քշել տղաները: Դեպի Սարիղամիշ տանող ճանապարհին էլ փորձում էինք պատկերացնել, թե որն է այն տեղը, ուր ցախանոցում տասնհինգամյա Բարդուղը՝ իր Թադևոս և Համբարձում եղբայրների հետ, թուրքերին պոզից սարքած ինքնաշեն զենքով սպանել ու իրենց սպանված հոր՝ Ղազար Պետրոսյանի ու խենթացած մոր վրեժն են լուծել: Հորս պապը՝ իմ նախապապ Ղազարը, թուրքերի ահն է եղել: Ասել են՝ փախիր Ղազարի դագանակից: Հայրս ասում է, որ պապս խոսակցության ժամանակ այնքան օրինաչափ էր թեմաների արանքում հնչեցնում «Ա՜յ, երբ երկիր գնանք…»: Ու այդպես՝ պապս, տատս, քո տատը, մյուսի պապը, հետո էլ իրենց հիշողությունները՝ իմ ապրիլներին իմաստ տալով՝ պատմություն դարձան: Ոչ մի այլազգի հատուկ հպարտությամբ չի նշի, որ ծնվել է ապրիլի քսանչորսին: Նշանակում է՝ մենք կանք, շարունկավում ենք: Ոչ մի այլազգի Երևանում տուն գնելիս խելապատառ չի վազի պատշգամբ, ճշտելու՝ Արարատը երևում է, թե՝ ոչ: Մենք կանք ու քոչվոր չենք, նույն տեղում ենք:
Իմ ապրիլը Կոմիտասի երգերով սկսվեց, Կոմիտասի ձայնով, մայրիկիս Անտունին ու Կռունկը լսելով, իմ անվերջանալի հարցերով, թե ի՞նչ է Անտունին ու ինչո՞ւ Կռունկ: Սկսվեց՝ չեմ էլ հիշում, թե երբ:
Գյումրիից եկանք Ջավախք, հասանք Արդահան: Հայրս ասաց.
-Հայաստանից գնում ենք Հայաստան, որ հասնենք Հայաստան…
Ի՞նչ եմ ուզում ասել… Ասում եմ, ես էրզրումցի եմ, արցախցի եմ, զանգեզուրցի, տիգրանակերտցի եմ, մարաշցի, տավուշցի եմ, Սյունիքից եմ, երևանցի: Ուզում եմ ձեռքերս երկարեմ ու պահեմ-պահպանեմ այն, ինչ ունենք, ինչ մնացել է, ինչ վերադարձրել ենք: Ուզում եմ գրկեմ, որ տաքուկ մնա, ամուր լինի ու անկոտրուն, սիրված լինի ու սիրո մեջ:
Արդահանից մինչև Տարսոն անցա, ու ամենուր ականջներումս Կոմիտասի ձայնն էր, պապիս անբեկանելի, հանդարտ, վճռական. «Այ, որ Երկիր գնանք»-ը, ու տատիս լռությունը: Հիմա գիտեմ, թե երբ են սկսվել իմ ապրիլները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել