Iravaban.net-ը գրում է.
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մնացական Մնացականյանը, Ռուզաննա Մուրադյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ են դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գործող օրենսգրքում ամրագրված է, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաև լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի` 10 հազար դրամի չափով:
Պատգամավորները կարծում են, որ այս դիսպոզիցիայում առկա են տարբեր վտանգավորության խախտումներ, որոնց համար նախատեսված է նույն պատասխանատվությունը: Նրանք առաջարկում են խախտումները տարանջատել տարբեր մասերում և սահմանել տուգանքի տարբերակված չափեր:
Մասնավորապես` առաջարկվում է կրկնակի նվազեցնել լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի, ինչպես նաև առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքերում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման կամ նշանի պահանջները չկատարելու համար ներկայումս գործող 10 հազար դրամի տուգանքի չափը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ