Իմ հայտարարությունը այսօր Ազգային ժողովում 11.03.2014
Շրջանառության մեջ է մի օրինագիծ, որն ակտիվ քննարկում են սոցիալական կայքերը, լրատվամիջոցները, խմբագիրները, վիրտուալ աշխարհի ներկայացուցիչները: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը արդեն մականուն էլ ունի՝ ընդդեմ ֆեյքերի, և դա ավելի դիպուկ է:
Մեդիադաշտի հիմնական ներկայացուցիչներից շատերը պնդում են, որ նման օրինագծի անհրաժեշտություն չկար, քանի որ դաշտի այդ հատվածը միանգամայն կարգավորված է այլ օրենքներով:
Հանձն եմ առել խորհրդարանին ներկայացնել օրինագծին դեմ տեսակետները եւ, այժմ, կատարելով իմ հանձնառության մի մասը, տեղյակ եմ պահում, որ օրինագծի դեմ խոսում են մարդիկ, ովքեր լավ են տիրապետում դաշտին, եւ ում կարծիքով, առաջին՝ օրինագիծը միտում ունի անգույն ու տաղտուկ դարձնել համացանցային աշխարհը, և երկրորդ՝ փաստ է, որ ֆեյքերի դեմ պայքարում են նրանք, ովքեր հաճախ են հանդես գալիս կեղծանուններով եւ փակ պրոֆիլներով, պարզապես այս դեպքում նրանք դժգոհ են, որ իրենց դեմ էլ գործում է նույն մեթոդը:
Ինքս, որպես նույն այդ ֆեյքերի կողմից հաճախ վիրավորական եւ անսանձ բառապաշարով քարկոծվող պատգամավոր, բոլորովին դեմ չեմ ֆեյքերին, քանի որ հասկանում եմ, որ մարդիկ ինչ-որ ձեւով պետք է լիցքաթափվեն, ազատվեն թույնից եւ չարությունից: Իսկ ուրիշ ինչպես անեն դա, եթե ոչ կեղծ պրոֆիլների եւ կեղծ անունների տակ թաքնված: Համարձակության խնդիր է: Մյուս կողմից՝ ամեն ինչ մեզանում տեսանելի է, բոլորը բոլորին գիտեն, գիտեն՝ ով ինչի է ընդունակ, ինչ գնով ու ինչի դիմաց:
Որքան էլ եվրոպական ինչ-ինչ կառույցներ կամ չինովնիկներ մեզ սովորեցնեն կամ ուղղորդեն, որ պետք է ընդունել այսպիսի օրինագիծ, կարծում եմ՝ մեր խնդիրները պետք է լուծենք ոչ թե այն պատճառով, որ այդպես է ուզում ինչ-որ եվրո կամ մաքսաչինովնիկ, այլ որովհետեւ մեզ է պետք:
Հիշեցնեմ, որ մեդիադաշտի փորձագետներից շատերը, կարծես թե մեծամասնությունը, վիճելի է համարում է օրինագծի բազում կետեր՝ ունենալով լուրջ հիմնավորումներ:
Սա այն հարցն է, որը հրապարակ նետելուց առաջ պետք էր լսել պրոֆեսիոնալներին, խորհրդակցել նրանց հետ, իսկ եթե շտապելով դրվել է շրջանառության մեջ, հարկ է լսել մարդկանց գոնե հիմա եւ մասնակից դարձնել քննարկումներին, մանավանդ՝ սա այն բացառիկ դեպքերից է, երբ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ստորագրել են օրինագիծը: Ի պատիվ օրենքի հեղինակների՝ ասեմ, որ նրանք պատրաստ են քննարկումների:
Վերջում սոցիալական կայքից մեկ մեջբերում, որը կիսում եմ ամբողջովին՝ մարդուն վիրավորելու համար բոլորովին պարտադիր չէ թաքնվել ֆեյքի եւ ֆեյք պրոֆիլի ետեւում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել