Այսօր փետրվարի 13-ն է։ 26 տարի առաջ այս օրը իմ ընկերների, համերկրացիների հետ կանգնած էի Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Այդ օրն Արցախն ազդարարեց Մայր Հայաստանի կազմում ազատ ու արժանապատիվ ապրելու իր վճռականությունը։ Այդ օրը սկիզբ դրվեց ազգային-ազատագրական շարժման...
Դա 26 տարի առաջ էր։ Այսօր Ստեփանակերտի նույն հրապարակից շուրջ 70-80 մետր հեռավորության վրա գտնվող մշակույթի պալատի ճակատին խոշոր տառերով գրված է. «Արցախի Հանրապետությունը համայն հայության հպարտությունն է»...
Ո՛չ, հարգելիներ։ Հազար անգամ ո՛չ։ Արցախի Հանրապետությունը մեր անսկզբունքայնության, պատեհապաշտության, հայաստանյան իշխանությունների վախկոտության ու թուլության, սխալներից երբեք դասեր չառնելու և սեփական ճակատագիրը բախտախնդիրներ ձեռքում դնելու արդյունք է։ Այդտեղ հպարտության նշույլ չեմ տեսնում։ Արցախցին ոտքի էր ելել Մայր երկրին՝ Հայաստանին միանալու պահանջով, նա ամենևին Հայաստանից զատված, անկախ ապրելու խնդիր չէր դրել իր առջև։
Ամենայն հավանականությամբ, Մոսկվայի սցենարով և միայն որոշ կարիերիստներ ու հոգով ստրկամիտներ հետ կանգնեցին Հայաստանին միանալու պահանջից ու մոգոնեցին «անկախ հանրապետության» գաղափարը՝ ապակողմնորոշելով ու խաբելով սեփական ժողովրդին։
Այսօր մենք (ՀՀ-ն ու Արցախը) կարող էինք լինել միասնական, հզոր, արժանապատիվ երկիր։ Սակայն այսօր մենք ունենք այն, ինչ ունենք՝ Մաքսային միություն կոչվող անհեթեթության մշուշում մոլորված, անինքնասեր, խղճուկ ու քրեաօլիգարխիկ մի երկիր և անորոշ ապագան ուսին Արցախը։
Միայն մի նոր «փետրվարի 13», ազգային մի նոր զարթոնք կործանումից կփրկի Հայոց երկիրը։