Mitk.am-ը գրում է.
Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարն ընդգրկում է նորանոր ոլորտներ: Եթե սկզբում պայքարում էին բացառապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, այսօր նրանց միացան հայկական երկաթուղու աշխատակիցները եւ Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարողները:
Եթե ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ունեն բարձր եկամուտներ, ինչը տարատեսակ խոսակցությունների տեղիք էր տվել, ապա ներկայում ընդդիմանում են այն մարդիկ, ովքեր ստանում են ցածր աշխատավարձ: ՀԿԵ-ի աշխատակիցներն այսօր ասում էին, որ չեն ցանկանում, որ իրենց առանց այն էլ ցածր աշխատավարձից պահումներ արվեն. «Ընտանիք պահե՞նք, թե իրանց տանք»: Նույն վիճակն է մյուս ոլորտներում: Կարելի է ենթադրել, թե ինչ աշխատավարձ են ստանում օպերայի պարողները, մի երկրում, որտեղ թագավորում է ռաբիսը:
Առավոտ թերթին տված հարցազրույցում գյումրեցի դասախոս Գագիկ Համբարյանը, ով մի շարք գիտնականների հետ հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, պատմել է, որ վարչապետը տեղյակ չի եղել, թե ինչ աշխատավարձ են ստանում գիտության ոլորտի աշխատողները: Երբ իմացել է՝ խիստ «զարմացել է»:
Հիմա, երբ ցածր աշխատավարձ ստացողները բողոքում են, ի՞նչ են ասելու նրանց մասին: Հայաստանի վարչապետը, իշխանության ներկայացուցիչները կարո՞ղ են պատկերացնել, որ Հայաստանում աշխատանք ունեցողների գերակշիռ մասը ստանում են իրենց մի «պերերիվի» չափ փող, ու նրանց համար ամեն մի լուման նշանակություն ունի: Պատկերացնո՞ւմ են, որ պարտադիրին տրված 5 հազար դրամը կարող է նրանց սոված թողնել մի քանի օր:
Չեն պատկերացնում, ու չեն էլ կարող պատկերացնել: Փոխարենը, փորձ է արվում «պարացնել» մարդկանց, խճճելով Սահմանադրական դատարանով, ՊԵԿ-ով, Կենտրոնական բանկով, երեւի կարծելով, թե ամեն ինչ կարող են խաղ ու պարով անցկացնել: Չնկատելով երեւի, որ արդեն վատ են պարում, բայց չունենալով խոստովանելու քաջություն:
Հնագույն եվրասիական ասացվածք կա՝ այն, ինչը խանգարում է վատ պարողին, կօգնի լավ պարողին: Հայաստանի հանրությունը սկսում է ձեռք բերել այդ «այն»-ը:
Երկաթուղային կայարանի աշխատակիցների աշխատավարձներից պահումներ են արվել: ԴԵՄ ԵՄ թիմը իր օժանդակությունը հայտնեց գործադուլի դուրս եկած քաղաքացիներին: Երկաթուղայինի տնօրինությունը շարունակում էր պատուհանից դիորդի կարգավիճակում մնալ և պահանջում էր միմիայն 20-25 հոգով ներս գնան քննարկեն բոլոր հարցրեը, ընդ որում առանց լրագրողների և նախաձեռնության անդամների:
Տնօրինությունը խուսափեց լրագրողների հետ հանդիպել, իսկ Արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանն էլ բացատրում էր այդ պահումները, թե իբրև օրենքը այնպես է, որ եթե հիմա չպահենք, հետո երեք ամսվա փոխարեն ենք միանգամից պահելու, ավելի ծանր է նստելու աշխատողի վրա: Դեմ եմ թիմն էլ ՍԴ-ի որոշման հակափաստարկներն էր ներկայացնում արհմիության նախագահին, ըստ որի կազմակերպությունն իրավունք չունի պահումներ կատարելու:
Երևան են եկել ընկերության տարբեր մարզերի աշխատակիցները, ովքեր ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպում են պահանջում: Ժամը 15:00-ին տնօրենը խոստացել էր հանդիպում, սակայն այն չկայացավ: Ընկերության աշխատակցիները պնդում են, որ բոլորով են ուզում հանդիպել տնօրենի հետ, կամ թող նա իջնի ներքև ու խոսի իրենց հետ:
Ընկերության աշխատակիցներն ասում են, որ չնչին աշխատավարձ են ստանում, արտաժամյա աշխատանքի համար իրենց չեն վճարում: “Ամբողջ երկաթգիծը էդ վիճակում ա, մեր ժամերից դուրս աշխատելու համար չեն վարձատրում, մենակ շաբաթ-կիրակի են վարձատրում: Թող հիմա վերադարձնեն մեր պահումները: Մենք 95 հազար ռոճիկ ենք ստանում, ընտանիք պահե՞նք, թե իրանց տանք”,- ասում են ակցիայի մասնակիցները:
ԴԵՄ ԵՄ թիմը տեղեկացնում է, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարողները բողոքի ակցիա էին իրականացնում Օպերայի շենքի դիմաց: Նրանք բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: