Դեկտեմբերն արդեն կիսվել է։ Չորրորդ օրն է՝ ձյուն է մաղում։ Սկզբում անմիջապես հալվում էր, բայց երրորդ օրից ավելի ցրտեց, և ողջ քաղաքը ծածկվեց ճերմակափրփուր ձյան սավանի տակ։

Վաճառողուհի աղջիկը վաղուց համոզվել է, որ խանութում հաճախորդների ավելի մեծ հոսք է նկատվում հատկապես կեսօրին և աշխատանքային օրվա վերջում։ Նա նայեց պատից կախված ժամացույցներին, որ ցույց էին տալիս տասներկուսն անց կես։
Խանութ մտան վերջին կես ժամվա առաջին այցելուները՝ դպրոցական երկու աղջնակ, որ երևի սովորելիս կլինեին չորրորդ կամ հինգերորդ դասարանում։ Նրանք սկզբում պլշած աչքերով նայում էին խայտաբղետ ու բազմագույն ապրանքներին, հետո կիսաշշուկ սկսեցին քննարկել, թե դրանցից որոնք են իրենց դուր եկել։
Վաճառողուհի աղջիկն արդեն սովորել էր զանազանել ապրանք գնելու եկած և պարզապես պարապությունից կամ հետաքրքրությունից խանութում հայտնված հաճախորդներին։ Փոքրիկների լուրջ-լուրջ տեսքից աղջիկը կռահեց, որ նրանք պատկանում են այցելուների առաջին խմբին՝ եկել են ինչ-որ բան գնելու։
- Այն ոսկեգույն նախշերով ծաղկամանն ի՞նչ արժե,- հարցրեց աղջիկներից մեկը՝ սովորականից խոշոր ու սև աչքերով։
- 1450 դրամ,- պատասխանեց վաճառողուհին։
- Իսկ այն մյո՞ւսը, դրանից ձախ գտնվող ծաղկամանը,- հարցրեց կապույտ գլխարկի տակից կախված կիսաշեկ զույգ ծամերով մյուս աղջնակը։
- Այս մե՞կը։ Արժե 1250 դրամ։
Փոքրիկները շշնջալով կրկին սկսեցին ծանրումեծ քննարկել, թե դրանցից որը գնեն։
Խանութի դուռը բացվեց, և գրեթե միաժամանակ ներս մտան երկու հաճախորդ՝ երեսունն անց մի երիտասարդ և մի կին։ Վաճառողուհին իսկույն կռահեց, որ վերջինս հետաքրքրասերներից է, իսկ մյուսը՝ երիտասարդը, և՛ գնորդի տպավորություն էր թողնում, և՛ հետաքրքրասերի։ Համենայն դեպս, աչքի տակով հետաքրքրությամբ նայեց փսփսացող փոքրիկներին ու քթի տակ ժպտաց։ Հաճախորդ կինը վաճառողուհուն լավ ծանոթ դեմքի արտահայտությամբ, որ բառերի վերածած, նշանակում էր՝ «այստեղ ինձ և իմ ճաշակին արժանի ապրանք չկա», դուրս եկավ խանութից։
- Իսկ այն 1450 դրամանոց ծաղկամանից մի քիչ էժանը չկա՞,- կրկին հարցրեց սևորակ աչքերով դպրոցականը։
Երկու աղջնակներն այդ պահին այնպես էին նայում վաճառողուհուն, կարծես վերջինիս պատասխանից մի շատ կարևոր ու մեծ բան է կախված։
- Իսկ դուք որքա՞ն փող ունեք,- հարցրեց վաճառողուհին։
- 1300 դրամ...
- Ծաղկամանն ո՞ւմ համար եք գնում։
- Ուզում ենք նվիրել մեր ուսուցչուհուն,- գրեթե միասին ասացին նրանք։
Երիտասարդն ակնհայտ հետաքրքրությամբ հետևում էր վաճառողուհու և փոքրիկների զրույցին։ Վաճառողուհի աղջիկը դա նկատեց և, ժպտալով, նայեց երիտասարդին։
- Այս 1250 դրամանոցն էլ վատը չէ,- ասաց նա,- սա էլ լավ նվեր կլինի։
- Չէ, մենք կուզենայինք այն մյուսից գնել...
- Արդեն ես էլ չգիտեմ, թե ինչ անեմ,- վաճառողուհի աղջիկը, ժպտալով, կրկին նայեց երիտասարդին։- Երեխաներ շատ են գալիս այստեղ։ Ինձ մոտ փոքրիկ, գեղեցիկ խաղալիքներ կային։ Մի մասը հենց այնպես տվել եմ նրանց...

Աղջնակները, որ այդ ընթացքում շշուկով շարունակում էին լրջորեն քննարկել գնել-չգնելու հարցը, մի ուրիշ խանութ մտնելու կամ թերևս մեկից հարյուր հիսուն դրամ հաջողացնելու մտադրությամբ պատրաստվեցին դուրս գալ։
- Սպասե՛ք, երեխաներ,- երիտասարդը ձեռքը տարավ դեպի գրպանը,- գնեք ձեր հավանած նվերը, պակասը ես կտամ։
- Չէ, չէ, շնորհակալություն,- փոքրիկներն ավելի արագ շարժվեցին դեպի դուռը։
- Ոչ, ի՞նչ եք ասում, ես ինքս,- ասաց վաճառողուհի աղջիկը։
Երեխաներն արդեն բացել էին խանութի դուռը և շտապում էին դուրս գալ։
- Սպասեք, հետ դարձեք, մի՛ գնացեք,- բացված դռնից փոքրիկների հետևից կանչեց երիտասարդը։
- Երեխաներ, եկե՛ք, էժանացրել եմ... Խնդրում եմ ասեք, որ էժանացրել եմ, թող գան...
- Էժանացրել է, եկե՛ք,- փոքրիկների հետևից ձայնեց երիտասարդը։
Փոքրիկները կանգ առան, փսփսալով մի պահ քննարկեցին իրադրությունը և վերադարձան խանութ։
Մինչ երեխաներն ու վաճառողուհին ծաղկամանի վերջնական ճակատագիրն էին վճռում, երիտասարդը սկսեց զննել ապրանքները։ Երկու հաճախորդ էլ մտան, ինչ-որ բան հարցրին և շողարձակ աչքերով փոքրիկների հետևից դուրս եկան խանութից։
- Աշխարհում ամենադժվար բանը երևի աղջկա համար նվեր գնելն է,- շուրջբոլոր շարված ապրանքներին նայելով, երիտասարդը ժպտաց։- Եթե կարելի է, ցույց տվեք ահա այն ոսկեգույն շրջանակով բնանկարը։
Վաճառողուհին բնանկարը մեկնեց նրան։
- Գեղեցիկ է, բայց... Իսկ մեր բնության, մեր լեռների նման բնապատկերներ չկա՞ն։
- Այդպիսի մեկը կար, բայց արդեն վաճառվել է... Ձեր կնոջ համա՞ր եք ուզում նվեր գնել...
- Չէ,- երիտասարդը փոքր-ինչ շփոթվեց,- չէ, պարզապես աղջկա համար...
Նա կրկին սկսեց զննել ապրանքները։
- Ինձ թվում է, թե այն զարդատուփն ավելի լավն է,- վերջապես նա կարծես գտավ այն, ինչ ուզում էր որպես նվեր գնել։
Աղջիկը տուփը խնամքով փաթաթեց ու մեկնեց երիտասարդին։ Վերջինս փողը հաշվեց և տվեց նրան։
- Մի՛ գնացեք, սպասեք մանրը վերադարձնեմ,- ասաց աղջիկը։
- Այն փոքրիկների մի քանի դրամն էլ եմ թողել,- դռների մոտ, շրջվելով, ասաց նա։
- Ո՛չ, ո՛չ, սպասեք,- աղջիկը շտապ բացեց դրամարկղը,- ո՛չ, խնդրում եմ վերցնեք...
- Չէ,- երիտասարդը ժպտաց,- բան չկա։ Դուք պարտավոր չեք գնորդների փոխարեն վճարել... 
- Կանգնե՛ք, խնդրում եմ,- աղջիկը, փողը ձեռքին, շտապեց դուրս գալ վաճառասեղանի հետևից։
- Ո՛չ, շնորհակալություն,- երիտասարդը, ժպտալով, փակեց խանութի դուռը։
Աղջիկը մոտեցավ դռներին, բայց նա արդեն շատ էր հեռացել։ «Լավ չստացվեց,- մտածեց աղջիկը,- ես չպիտի թողնեի, որ ինքը վճարեր»։
* * *
Մի շաբաթ հետո, երբ մինչև Նոր տարի մնացել էր հինգ օր, գնորդներին սպասարկելիս, վաճառողուհի աղջիկը խանութում նկատեց այն նույն երիտասարդին։ Աղջկա հայացքը որսալով, վերջինս գլխով բարևեց։
Խանութն աստիճանաբար դատարկվեց։ Մնաց երիտասարդը։
- Պիտի օգնեք ինձ դարձյալ նվեր գնել աղջկա համար,- ժպտալով, ասաց նա։
Աղջիկն ուզում էր ակնարկել այն 150 դրամը և ետ վերադարձնել, բայց վերջին պահին որոշեց այդ հարցը լուծել գնումը կատարելուց հետո։
- Ուզում եմ մի լավ նվեր գնել,- ասաց երիտասարդը,- մի բան ընտրեք, ձեր ճաշակով...
- Ե՞ս,- շրջվելով, աղջիկը կարծես առաջին անգամ նայեց իրեն շրջապատած ապրանքներին։- Բայց սրանք բազմազան են... Դուք թանկն եք ուզո՞ւմ, թե՞...
- Իմ կարծիքով, նվերը լինում է լավ կամ անճաշակ։ Օրինակ, ձեր նշանածը... Ձեր ամուսինը ձեզ ի՞նչ է նվիրում...
- Ես ամուսնացած չեմ,- աղջկա դեմքը շառագունեց։
- Ներեցեք,- ասաց երիտասարդը,- ինձ միշտ թվում է, թե մարդկանց դեմքից ես կարողանում եմ ճիշտ որոշել նրանց ամուսնացած կամ չամուսնացած լինելը, կամ, ասենք, տարիքը։ Կուզե՞ք, գուշակեմ ձեր տարիքը։
- Հա,- աղջիկը ժպտաց։
- Երևի... Երևի 21 տարեկան եք։
- Դարձյալ սխալվեցիք,- աղջիկը ծիծաղեց,- 26 տարեկան եմ...
- Ահա թե ինչ։ Իսկ ես վերջին պահին սպասում էի, թե կասեք, որ 19 տարեկան եք, և ես կհայտնվեի կրկնակի հիմար դրության մեջ։ Այսպես թե այնպես, ես դարձյալ սխալվեցի։ Եթե հաշվենք, որ անցյալ անգամ էլ դուք էիք սխալվել իմ կնոջ հարցում... Ես ամուսնացած չեմ... Հաշիվը կդառնա 2։1՝ հօգուտ ձեզ...
Աղջիկը կրկին շիկնեց։ Խանութում այլ գնորդ չկար, և նա մտածեց, թե առաջին անգամ ինքը չի ուզում, որ այլ հաճախորդներ գան։
- Լավ, ի՞նչ կցանկանայիք, որ ձեզ նվիրեին, ասենք, ձեր ծննդյան օրը։
Աղջիկը կրկին նայեց երեք կողմից իրեն շրջապատած խայտաբղետ ու շքեղ անշունչ առարկաներին։
- Ահա այս սկահակը... Իմ կարծիքով սա ավելի լավն է, քան կրկնակի թանկ այն երկուսը։ Կարծում եմ՝ նրան անպայման դուր կգա։
- Իսկ որքա՞ն արժե։
- 2500... չէ, 2350 դրամ,- աղջկա շփոթությունից երիտասարդը հասկացավ, թե ինչն ինչոց է։
- Ձեր խորամանկությունը չանցավ։ 2500 դրամ և՝ վե՛րջ։ Հակառակ դեպքում, ես ուրիշ խանութ եմ գնալու... Իսկ ցելոֆանե տոպրակ ունե՞ք։
- Հա, երեք տեսակի կա։ Սրանցից ո՞րն եք ուզում։
- Չգիտեմ, դուք ընտրեք, ձեր ճաշակով...
- Այս մեկն, իմ կարծիքով, ավելի գեղեցիկ է,- ճակատի անհնազանդ մազափունջը ձեռքով դեպ վեր տանելով, աղջիկը ժպտաց։
Երիտասարդը փողը հաշվեց և տվեց աղջկան։
- Բայց, գիտե՞ք ինչ,- հանկարծ ինչ-որ բան հիշելով, ասաց նա,- ավելի լավ է դա մնա ձեզ մոտ, ժամը հինգից հետո, աշխատանքից վերադառնալիս՝ կվերցնեմ։
Հետո նա ծոցատետրից մի թուղթ պոկեց, ինչ-որ բան գրեց, դրեց ցելոֆանե տոպրակի մեջ, ասելով՝ հասցեատիրոջ անունն եմ գրել, որպեսզի ձեր բացակայության ժամանակ թյուրիմացություն չպատահի։
- Ոչինչ, թող մնա ինձ մոտ, այստեղ միայն ես եմ վաճառողուհի աշխատում,- պատասխանեց աղջիկը։
Այդ օրը երիտասարդը չեկավ։ Երևի մոռացել է կամ աշխատավայրում շատ գործեր ունի,- տուն վերադառնալիս, մտածեց աղջիկը։ Երիտասարդը չեկավ նաև երկրորդ օրը, երրորդ օրը և մյուս օրը։
Այսօր դեկտեմբերի 31-ն է, թերևս սա Ամանորի նվեր է, և նա անպայման կգա,- մտածեց աղջիկը։- Իսկ եթե այսօր էլ հանկարծ չգա՞... Աստված իմ, ախր նա ինչ-որ թղթի վրա կարծեմ հասցե է թողել...
Վաճառասեղանի տակից, ներքևի մեծ դարակից աղջիկը հանեց ցելոֆանե տոպրակը։ Մի պահ մտածեց, որ թերևս ինքն իրավունք չունի բացելու այն։ Հետո ձեռքը կամաց մտցրեց տոպրակի մեջ և հանեց ծոցատետրից պոկած քառակուսի մի թուղթ։ Ամեն ինչ այնքան անսպասելի էր, որ օդը հանկարծ սկսեց չհերիքել աղջկան... «Նվիրում եմ Ձեզ։ Շնորհավոր Նոր տարի»,- գրված էր այնտեղ։
* * *
Աղջկա կյանքում դա ամենաերջանիկ Ամանորն էր։ Կյանքում առաջին անգամ ամբողջ օրը նա մտածում էր մեկի մասին, որը հեքիաթների ու երազների աշխարհից չէ։ Միաժամանակ, նրան թվում էր, թե, այնուամենայնիվ, նա իր երազների այն աշխարհից է, որի մասին մտածել է շատ վաղուց, որի մասին մտածել է տարիներ շարունակ, և շարունակ իր մեջ է եղել նույնիսկ այն պահերին, երբ ինքը Նրա մասին չէր մտածում։
Աղջիկը մտածեց, որ Նրա դեմքը ինչ-որ շատ ծանոթ է իրեն։ Թերևս երբեմն տեսել է նրան, բայց դեռևս չէր հասկացել, որ Նա է։ Հետո մտածեց, որ կարող է երբեք Նրան չի տեսել, պարզապես ինքն է իր երազներում նրան պատկերացրել այնպիսին, ինչպիսին կա։
Մի քանի օր հետո աղջիկը կրկին վաճառասեղանի հետևում էր։ Այսօր թերևս չի գա, բայց վաղը կամ մյուս օրը անպայման կգա,- եզրակացրեց նա, սակայն նրան սպասում էր թե՛ այդ օրը, թե՛ հաջորդ և թե՛ մյուս օրերին։
Երիտասարդը չեկավ նաև մի շաբաթ հետո և մի ամիս հետո։ Անցավ երեք ամիս, վեց ամիս անցավ, և այդ բոլոր օրերի բոլոր ժամերին աղջիկը սպասում էր նրան։
* * *
Անցավ մի տարի։ Հետո երկու ամիս էլ անցավ։ Այդ օրը աղջկա ծննդյան օրն էր։
Երիտասարդի մասին նա փորձում էր այլևս չմտածել, բայց, այնուամենայնիվ, հաճախ էր հիշում նրան։ Երբեմն թվում էր, թե Նա պարզապես խաբել է իրեն, հենց այնպես, կատակ է արել։ Այդ դաժան կատակի համար նա փորձում էր ատել Նրան։ Բայց մեկին ատելու կամ սիրելու համար պետք է ճանաչել։ Աղջիկը մտածում էր, թե գուցե լավ չի ճանաչել նրան, որ հանդիպած այդ մի քանի րոպեների մեջ ինքը միայն երևացող լավ կողմն է նկատել, որ թերևս ինքը նրան իսկապես երբեք չի տեսել, որ իրեն թվացել է միայն, թե ծանոթ է Նրա դեմքը, որ ինքն ուղղակի սխալմամբ համադրել է իր մեջ, իր երազներում մարմնավորած Նրան և կյանքում առաջին անգամ հանդիպած Նրան։ Երբեմն ուզում էր պատուհանից դուրս շպրտել նրա նվիրած սկահակը, և նման պահերին աղջկա առջև շարունակ ծառանում էր միևնույն հարցը. ինչո՞ւ է նա այդպես արել...
Իր ծննդյան այդ օրը աղջիկը ոչ շատ ուրախ էր, ոչ շատ տխուր։ Նա թերևս այնպիսին էր, ինչպիսին կար մինչև Այն օրը։ Բայց նաև նա այնպիսին չէր, ինչպիսին կար մինչև Այն օրը։ Նրա մեջ ինչ-որ բան էր կատարվել...
Երբ բոլոր հյուրերը՝ բարեկամներն ու ընկերուհիները, գնացին, մոր և կրտսեր քրոջ հետ նա նվերներն էր նայում, որ շարունակ իրեն հիշեցնում էին մի այլ նվեր՝ Նրա նվիրածը։ Նվերներից մեկը փաթաթած էր թեթևակի դեղնած, մի տարի առաջ լույս տեսած քաղաքային շաբաթաթերթի մեջ։ Քույրը բացեց թերթը, որի մեջ շքեղակազմ մի գիրք էր՝ խմբագրությունում աշխատող իրենց մի բարեկամի նվերը։
Աղջկա մարմնով ասես էլեկտրական հոսանք անցավ. թերթի ծալված էջերից մեկում Նրա նկարն էր... Մինչ մայրն ու քույրը շարունակում էին քննարկել նվերները, աղջիկը, գունատված, վերցրեց թերթն ու անաղմուկ անցավ ննջասենյակ։ «Հունվարի 3-ին կյանքի 34-րդ տարում ողբերգաբար ընդհատվեց շնորհալի դաշնակահար...»։
Թերթը սահեց աղջկա ձեռքից։ Մի ակնթարթում աշխարհում ամեն ինչ դարձավ անիմաստ ու անհեթեթ, իր շուրջ ամեն բան սկզբում սկսեց լողալ գորշասև ինչ-որ մշուշում, հետո ողջ աշխարհը ծածկվեց խավարում։ Աղջիկն ընկավ մահճակալին և գլուխը պինդ թաղեց բարձի մեջ...
...Դրսում փափուկ ձյուն է մաղում։ Փողոցով մի տղամարդ էր անցնում 4-5 ամյա իր աղջնակի հետ։
- Հայրիկ, այսօր լավ օր է, չէ՞,- հարցրեց փոքրիկը։
- Հա, լավ օր է,- մտքերի մեջ խորասուզված, հենց այնպես հաստատեց հայրը, հետո, սթափվելով, հարցրեց,- բայց դու այդ ինչո՞ւ ես ասում, որ լավ օր է...
- Մայրիկն ասել է, որ երբ մի բան են գտնում, ուրեմն այդ օրը լավ օր է։ Իսկ այսօր մենք 100 դրամ ենք գտել...
- Ահա թե ինչ,- հայրը ծիծաղեց։- Բայց, միաժամանակ, այսօր ինչ-որ մեկի համար երևի լավ օր չէ, որովհետև նա 100 դրամ է կորցրել։ Աշխարհում միշտ ինչ-որ մեկը մի բան է գտնում, իսկ ինչ-որ մեկը մի բան է կորցնում...
- Տատիկն ինչո՞ւ է ասում, թե Արտակի սերունդը մանկություն է կորցրել... Հայրիկ, լսո՞ւմ ես, մեկը լաց է լինում... Ահա այն պատուհանից լացի ձայն է գալիս...
- Ոչ մի լացի ձայն էլ չկա։
- Լա՛վ լսիր, մեկը լալիս է...
- Հա, արդեն լսեցի...
- Բայց նա ինչո՞ւ է լալիս... Հայրիկ, մենք նրա փողն ենք գտել, եկ տանենք տանք իրեն...
Տղամարդը մի պահ կանգ առավ, նայեց երկրորդ հարկի ուղղությամբ ու կամաց ասաց.
- Գնանք, աղջիկս... Այդ փողը նա չի կորցրել... Նա ուրիշ բան է կորցրել։
- Ի՞նչ է կորցրել։
- Չգիտեմ,- հետո ինքն իրեն շարունակեց,- բայց, կարծում եմ, նա շատ ավելի մեծ բան է կորցրել...

 

 

Հունվար, 2000 թ.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել