Nor tari

 Նոր Տարվա հաշվտվությունը մեզ դնում է նոր առաջադրանքների առջև, չկրկնել անցյալի թերությունները ու կերտել գեղեցիկ ապագան: Ապրում ենք արագ տեղեկությունների, համակարգիչների, արբանյակների, ժամանակակից գործիքներով Տիեզերքի գաղտնիքները հայտնաբերելու դարում, սակայն գիտական այս առաջընթացի կողքին, կան անշուշտ ժխտական երևույթներ, ինչպես օրինակ՝ թմրեցուցիչների գործածությունը, բարոյական սայթաքումները, անհանդուրժելի բարքեր ու վավաշոտ կենցաղ: Եթե անցած տարվա ընթացքում սխալներ ենք գործել, փորձենք չկրկնել դրանք Նոր Տարում, որպեսզի կամաց-կամաց ուժեղանանք և ապահովենք մեր ընտանիքի ապագայի հաջողությունը: Այս կյանքի դժվարություններից հաղթանակած դուրս գալու համար, հույսով ու հավատով լցվենք, սպասելով, որ վաղվա օրը պիտի բացվի ավելի արևոտ ու պայծառ, քանի որ մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում երբեք չի հուսահատվել, նույնիսկ իր ամենածանր վիճակում, որովհետև միշտ իր հայացքը ուղղել ու հետևել է Բեթղեհեմի Աստղին:
Սուրբ Ծննդյան Տոնը մեզ բոլորիս թող ոսկե առիթ լինի, որպեսզի սիրենք ու հարգենք իրար և համերաշխությամբ շարունակենք մեր կյանքը ու միշտ և ամեն անգամ հիշենք, որ եկեղեցին մեր ընտանիքն է ու մեր սրտերը՝ Աստծու Խորանը: Մաքրենք մեր հոգիները չարից ու լցվենք Աստվածային սիրով, որպեսզի մի տարի ևս մեր կյանքի ճանապարհները լուսավորվեն: Սովորեցնենք մեր զավակներին Աստծու ճշմարիտ ճանապարհը, մեր օրինակով ու մեր բարի գործերով:

Աշխարհի ամեն կողմում բնակվող իմ սիրելի հայորդիներ և հայուհիներ, սրտանց և միշտ աղոթքով գալիս եմ շնորհավորելու Ձեր բոլորի ՆՈՐ 2014 ՏԱՐԻՆ ՈՒ ՄԵՐ ՏԻՐՈՋ ՄԱՆՈՒԿ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ: ՆՈՐ ՏԱՐԻՆ ԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՈՎ: Աղոթեցե’ք ու Մանուկ Հիսուսին խնդրեցե’ք, որ մեր Հայրենիքին պարգևի հավերժական խաղաղություն ու մեր հայրենի ժողովրդին ավելի ուժ և կարողություն: Ուրախացե’ք և մեկդ մյուսին այսպես ողջունեցե’ք. Ձեզ և մեզ մեծ ավետիս. «ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել