Սիրելի ժողովուրդ, ես արդեն 5 տարի է՝ վարչապետ եմ աշխատում այս փոքրիկ, բայց թալանելու համար շատ հարմար երկրում, որի անունն է Հայաստան: Այս 5 տարիների ընթացքում դարերի խորքից եկող այս ժողովրդի և նաև իմ կյանքում շատ բաներ փոխվեցին, և ես մաղթում եմ, որ այդ փոփոխությունները միշտ շարունակվեն: Հայերը համբերատար ու շռայլ ժողովուրդ են, և հիմա, առանց ավելորդ սեթևեթանքի, ուզում եմ հայտարարել, որ ես ոչինչ էի առանց ձեզ: Իսկապես, ի՞նչ էի անելու ես առանց ձեզ: Ինչին հասել եմ այսօր, հասել եմ ձեր շնորհիվ, իսկ ավելի կոնկրետ` ձեր արյունն անդադար ծծելու շնորհիվ:
Գիտե՞ք, Հայաստանում վարչապետ աշխատելը շատ օգտակար ու, կարևորը, եկամտաբեր գործ է: Ժամանակին ես սովորական գիտաշխատող էի ու հասարակ ինտելիգենտ, իսկ այժմ ամենայն հայոց սև հաշվապահությունն է իմ ձեռքի տակով անցնում ու, որ ամենակարևորն է, ատկատները, ինչի համար կրկին շնորհակալ եմ ձեզ: Ժամանակին ես պետք է բավարարվեի հասարակ մահկանացուի կյանքով ու յոլա գնայի ինչ-որ համեստ բնակարանով ու մեքենայով, իսկ հիմա ես ճոխ առանձնատներ ունեմ մոլորակի տարբեր գողտրիկ անկյուններում, իսկ ընտանիքս էլ Իսպանիայում է ապրում` մի քիպլիկ վիլլայում: Երեխեքս էլ տարին մի քանի անգամ գալիս են, մի երկու հատ ընդհանուր նկարվում ենք, որ ավելորդ խոսկցություններ չլինեն ու ամեն ինչ ստացվում է հրաշալի: Բայց մեկ է, կարոտը շատ է խեղդում: Դրա պատճառով է, որ ամեն աշխատանքային օր լարված սպասում եմ, որ գործս վերջանա ու գնամ դարդերս ու կարոտս գինու թասում խեղդեմ: Ճիշտ է, մեկ-մեկ անհամ բաներ են ստացվում, ոնց որ էն համալիրի ելույթս, բայց դե լավ է, տղերքը լավ կռուտիտ են անում, օգնում են, ապրեն:
Բայց ի սեր Աստծո, մի մտածեք, որ վարչապետի կյանքն այդքան հեշտ է ու առանց պրոբլեմների: Օրինակ, էս վերջերս մի հատ էլ անհամ բան դուրս եկավ. էն դարդ Կճոն էնքան զոռեց, վերջը օֆշորներիցս մեկը Կիպրոսում բացինք, էն էլ պալիտ եղանք: Չէ, ժողովուրդ ջան, ես իհարկե գիտեմ, որ քո համար ամեն ինչ էլ պարզ էր ու ներող կլինես, բայց, որ ճիշտն ասեմ, թքած ունեմ քո կարծիքի վրա ու դարդս դու չէիր էդ պահին: Խնդիրը նրանում էր, որ կնիկս չգիտեր էդ փողերի մասին ու չես պատկերացնում, թե ինչքան եմ համոզել, որ էդ փողերը լկստվելու ու Կճոյի հետ քթներս «խունկ» քաշելու համար չի եղել...
Բայց դե ինչ-որ շեղվեցի, վերադառնանք բուն թեմային: Ժողովուրդ ջան, իրոք շնորհակալ եմ քեզ ու ահավոր շատ եմ սիրում, էնքան շատ, որ ինքդ տես`գլուխդ չեմ տանում «ժողովրդի հետ-ժողովրդի համար» բարդ ստորադասական նախադասություններով: Ես անգամ կասեի, որ իմ կենսական կոնցեպցիան կայանում է «ժողովրդի գրպանից ու ժողովրդի հաշվին», ու ոչ երբեք նրանց հետ ու նրանց համար: Որ այսքան անկեղծացանք, ասեմ ձեզ՝ ցանկացած վարչապետ կերազեր ձեզ նման համբերատար ազգի մոտ վարչապետ աշխատել: Ինձ մեկ-մեկ գալիս, տենց էլ ասում են. «Տիգրան ջան, ասա, ինչո՞ւմն է գաղտնիքը: Մենք որ քո կեսի չափ էլ անենք, մեզ մեր երկրների կենտրոնական հրապարակում կկախեն հրապարակավ»: Իսկ ես խորամանկ ժպտում եմ: Ժպտում եմ, որովհետև իրենք չգիտեն իմ գաղտնիքը: Իմ գաղտնիքը ոչ թե մեր հանրապետական գալուստսահակյաններն ու խոսրոովհարությունյաններն են, ովքեր ամեն իմ հերթական «ժողովրդին` հետևից» որոշումից հետո մի նենց հիմարություն են դուրս տալիս, որ բոլորն ինձ թողած սկսում են իրենց հայհոյել, ոչ արտագաղթն է (ի դեպ, ես արդեն մոտենում եմ Էնվերի ու Թալեաթի ցուցանիշին այդ առումով. քառորդ միլիոնի հետ կատա՞կ եք անում), ոչ էլ անգամ մեռելոցներն ու իմ մշտնջենական տխուր աչքերն ու կիթառ նվագելն է: Իմ գաղտնիքը հենց դուք եք, սիրելի հայրենակիցներ, իսկ ավելի ճիշտ, ձեր հոգեբանական բարդույթներն ու կյանքից հավերժ շինված լինելու լատենտ ցանկությունը: Իրականում, դուք երջանիկ եք, որ առիթ ունեք փնթփնթալու ու գանգատվելու: Իրականում, դուք էլ ավելի ուրախ եք, որ կարող եք դա անել ու հետո էլ շարունակեք գանգատվել, թե ոչ մի բան չի փոխվելու: Սա ինչ-որ ազգային մազոխիզմի դրսևորում է, բայց ես միայն ողջունում եմ այն: Մենակ մի բանում եք սխալ, ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվում է` իմ բանկային հաշվի մեծությունը: Ձեր գալիք տոները շնորհավոր: