Սովետի օրոք հավասար աղքատութուն էր, բայց սով չկար: Եվ հավասար աղքատության ֆոնին կային մեկ տոկոսից էլ քիչ կուսակցական ու պետական շեֆեր, ովքեր համեմատաբար ավելի լավ էին ապրում, բայց առանց բենթլի ու օֆշորի:
Այդ տարբերությունը բավարար էր սովետից բողոքելու համար, բայց անբավարար էր սոցիալական շերտավորման համար: Եվ այդ աղքատությունը մի կարևորագույն տարբերություն էլ ուներ ներկա աղքատության համեմատ` մարդիկ պարտք չունեին: Եղածը մանր-մունր գումարներ էին, որոնք փակվում էին աշխատավարձի օրը:
Սովետի քանդվելուց քիչ անց, առաջին պլան մղվեց պարտք վերցնելու մարմաջը` վերցնեմ, գնամ առնեմ-բերեմ ծախեմ-դառնամ հարուստ:
Եվ պարտքի հոգեբանության հիմնական խթանն էլ առաջին նախագահի հորդորն էր՝ թե փող չունես, հարևանից պարտք արա, յոլա գնա: Պարտքով յոլա գնալը շատ շուտով վերածվեց իրար հոշոտելու մշակույթի, որովհետև պարտքը ետ տալու ոչ մի հնար չկար:
Երկիրն էլ հետևեց իր մարդկանց՝ սկսեց պարտքով ապրել՝ արտադրելու փոխարեն:
Այսօր էլ բան չի փոխվել. ամեն դեբիլ խոսում է ներդրումների մասին` մոռանալով (չիմանալով), որ փողը չի ստեղծողը, աշխատող մարդն է: Երկիրն էլ, հետևելով իր մարդու տգիտությանը, իր հարցերը սկսեց լուծել պարտք վերցնելով` չհոգալով վաղվա սև օրվա մասին:
Պարտքն է, որով ներկա զարգացած երկրները որպես ստրուկ են պահում երրորդ երկրներին: Պարտքն է, որով բանկը անտուն ու կախյալ է պահում զարգացած երկրների մարդուն:
Մենք մտանք պարտքերի մեջ որպես անհատներ, որպես հանրություն ու պետություն` չհասկանալով պարտքի ուժն ու հետևանքները:
Պարտքի վերջը սնանկացումն է, անվճարունակությունն է, ունեցվածքի կորուստն ու մնացորդների վաճառքը աճուրդում:
Մենք անցել ենք առաջին փուլերով, մնացել է ռուսներին առաջարկվող տարածքի ֆորմալ աճուրդը թուրքերին:
Եվ սրա մեղքը հայ տգետ քաղաքական այրերինն ու տգետ տնտեսագետներինն է, ովքեր նույնիկ 22 տարում չհասկացան փողի ու աշխատանքի հարաբերակցությունն ու դրա դերը երկիր կառուցելու հարցում: Չհասկացան, որ երկիրը փոքր, մտածված, խորապես մասնագիտական ներուժով իրացվող աշխատանքային ծրագրերով միայն կարող է կուտակել անհրաժետ պոտենցիալները՝ առաջ գնալու, արտադրելու ու արտահանելու համար:
Որ փողն այդ գործում երրորդական-չորրորդականն է: Եվ դրա ապացույցը Չինաստանն է, ներկա տնտեսական թռիչքի մեջ եղած բոլոր տնտեսությունները:
Մեր գիտելիքներին ու որակին համարժեք ավարտ է: