Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ ինչպես աշխարհն է տալիս: Հովհ.14:27
Յուրաքանչյուր մարդ, այս աշխարհ գալով, արդեն իսկ գիտակցական կյանքում սկսում է խաղաղություն որոնել, սակայն շատերը ոչ միայն չեն գտնում, այլ առավել թաղվելով մեղքերի մեջ, կորստյան են մատնում իրենք իրենց:
Հիսուս խաղաղություն տվեց մեզ, իսկ մենք արհամարհեցինք, Հիսուս իր կյանքը զոհաբերեց մեզ փրկելու համար, իսկ մենք կասկածեցինք, Հիսուս բարոյականություն ու ընտանիքի սրբություն ուսուցանեց, իսկ մենք պղծեցինք մեր ընտանիքները` անառակության մատնելով ինքներս մեզ, ինչպես մեր սուրբ հայրերից մեկն է ասել. «Շնացան հայրերը, շնացան նրանց ուստրերն ու դուստրեը, եւ այսպիսով բոլորը հարբեցին անառակության գինուց եւ իրենց անդամները մատնեցին դժոխքի կրակին»: Տեսեք, թե ինչպես այսօրվա մեր ընթացքով կորստյան ենք մատնում նաեւ մեր սերունդներին: Հիսուս արդար կյանք ու արդարադատություն պատվիրեց մեզ, իսկ մենք շեղեցինք այն, կաշառքի ու շահամոլության քող կապեցինք մեր առջեւ ու երես թեքեցինք արդարությունից ու արդար դատ անելուց, ու մեր մեջ, կամաց-կամաց սպանելով խիղճը, դարձանք անզգամներ ու աստվածամարտներ: Հիսուս տվեց մեզ հոգեւորը, իսկ մենք նախընտրեցինք նյութականը` անտեսելով հոգու կանչը, Հիսուս խոստացավ մեզ տալ հավիտենական կյանքը ու Երկնքի երանավետ արքայությունը, իսկ մենք ընտրեցինք դժոխքն ու հավիտենական տանջանքը, եւ այսպես մոլեգնելով մահացու մեղքերի կորստաբեր ընթացքի մեջ, խաղաղություն ու հանգստություն ենք փնտրում: Կգտնե՞նք արդյոք: Իհարկե, ո՛չ: Մարդ արարածը խաղաղություն միայն կարող է գտնել Հիսուսի գրկում: Չկա այլ խաղաղություն, եթե ոչ Հիսուս, չկա փրկություն առանց Փրկչի, չկա սրբություն առանց հավատի: Աստծո տված խաղաղությունը հավիտենական է, աշխարհի տված «խաղաղությունը»` կորստաբեր: Այսօր գիտությունը եւս հաստատում է դրախտի ու դժոխքի իրական լինելը, մարդու անմահ հոգու գոյությունը, որ ժամանակներ առաջ ասել էր Փրկիչը, մենք կարծես ջայլամի պես գլուխներս խոթել ենք ավազի մեջ ու մեզ հույս ենք տալիս, թե ոչ մի վտանգ չկա: Կարծես սաղմոսերգուն մեզ համար ասած լինի, թե «Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված. ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ, եւ չկա մեկը, որ բարություն գործի»: Որպեսզի հետո չզղջանք մեր ապրած ունայն տարիների համար ու անդառնալի կորստի մատնվենք, այսօր օգտագործենք այս կյանք-հնարավորությունը, մեր հոգու փրկության մասին մտածենք, բարի գործերով, սուրբ հավատքով մեզ հանձնենք Հիսուսի սիրող Սրտին, միայն այդ ժամանակ է, որ խաղաղության Աստվածը կհանգրվանի մեր հոգիներից, ընտանիքներից ներս ու մենք կվայելենք այն քաղցրությունը, որ Տերը կպարգեւի մեզ, ու դուք ոչնչի հետ չեք փոխի այդ: Եթե մարդ մեղր չի ճաշակել, որտեղի՞ց իմանա նրա քաղցրությանը, ինչքան էլ, որ լսած լինի դրա մասին: