Հայտնի է, որ Հիսուս խաչվեց` «մեր մեղքերը վերցնելով իր վրա»:
Ի՞նչ է նշանակում` մեր մեղքերը վերցրեց իր վրա: Ծնվել է մեզանից յուրաքանչյուրի մեղավորության պատասխանատվությունը ստանձնած, Իր միջով առ Աստված տարածություն բացող մի մարդ. ահա թե ով է Հիսուս Քրիստոս:
Աստված մեզանից ոչ մեկին չի զրկել իր Որդին լինելու առաքելությունից: Եվ ահա Հիսուսը մեր մեղքերը վերցնում է իր վրա: Կնշանակի, որ ցանկացած մեղք, որ գործվել է, գործվում է ու կգործվի, առ Աստված է հասնում Նրա միջով. Նա մեր ինդուլգենցիան է: Բայց ի՞նչպես են վերցնում մեղքերը: Եվ ինչո՞ւ է մեղք վերցնելու անհրաժեշտություն առաջացել, եթե մարդն օժտված է կամքի ազատությամբ: Եթե կա ապաշխարանքը, ի՞նչ կարիք կա, որպեսզի Հիսուս Քրիստոսն իր վրա վերցնի մեր մեղքերը: Հայտնի է, որ «Աստված մեզ այնքան սիրեց, որ իր Միածին Որդուն զոհաբերեց հանուն մեզ»: Այս միտքը Հովհաննես առաքյալի շուրթերով հասել է մինչեւ մեր օրերը: Այն այսօր սիրտ չի շարժում, այսինքն, այն չի խոսում հովի մեջ ծփացող ուռենու, նորածնի տարերային ժպիտի կամ երկնքի բոլոր կապույտների միջոցով, այն այլեւս պիտի առանձին փաստարկվի:
Մենք մարդացած Աստծո ջանքն ու վաստակն ենք: Ենթադրենք մենք սպանել ենք մեր նմանին: Մեր մեղքերը վերցնելը սոսկ վերցնել չէ, դա ամենօրյա գործողություն է, այսօր էլ այդ մեղքերը վերցվում են, այսօր էլ մեր արնոտ ձեռքերի մեջ կենդանի է Աստծո ջանքը, այսօ՛ր էլ նա բարեխոսում է իր կենդանի գոյությամբ: Իսկ ուրիշ ինչպե՞ս պիտի լիներ, եթե ոչ այնպես, ինչպես եղավ: Չէ՞ որ Հիսուս Քրիստոս մեռավ եւ հարություն առավ` մեզ աղոթքի եւ ապաշխարանքի, միմյանց սիրելու եւ ներելու բոլոր դասերն ավանդած: Եւ չնայած բոլոր այս դասերին` նա մեր մեղքերը վերցրեց իր վրա, այսինքն` դասերով չբավարարվեց: Հիսուս չեկավ ապրելու մի կյանք, որում պիտի տեսներ, թե մարդն ինչքան անուղղելի է, ինչքան մեղսավոր: Բայց Նա հանկարծ հասկացավ, որ մարդիկ մեղքի ջանադիրներ են, նրանց յուրաքանչյուր արարքը մեղքի շղթայի մի օղակ է դիմացինի համար: Ահա ինչու` ոչ միայն «մի՛ ցանկացիր հարեւանիդ կնոջը», այլեւ` «մտքո՛վ մի շնացիր նրա հետ»: Մտքո՛վ: Միտքը մարդու այն մետաֆիզիկական մասն է, որով մարդը տապալվում է: Հիսուս մեղավոր մարդու մեջ ճանաչեց բնական իրականությունից դուրս մի մարդու: Եւ երբ Նա վերցնում է այդպիսի մարդու մեղքերը, Նա մարդուն թողնում է նրա բնական իրականությունը, այսինքն` արարելու եւ ստեղծագործելու հնարավորությունը, Նա նրան թողնում է մտքի կոչումը: Նա մաքրագործում է մարդու ազատությունը: Հիսուս հասկացավ, որ խնդիրն Աստծուն չընկալելու մեջ չէ, այլ` հենց Մարդուն: Մարդն Աստծու մասնիկն է, եւ նրա խնդիրն այդ մասնիկն ընկալելը չէ, այլ` այդ մասնիկը լինելը:
Եթե ընդունենք, որ Աստված չկա, ոչինչ իմաստ չունի: Սա հասկանալու համար մարդը պետք է ընկալի իր օրգանիզմը: Դա նույնն է, որ մարդուն իբրեւ ամբողջություն կայացնող բջիջները լինեն, մինչդեռ մարդը չլինի: Իսկ հիմա վերադառնանք վերեւում հնչած հարցին` ինչպե՞ս են վերցնում մեղքերը: Երբ առողջ ապրելակերպը չի օգնում, մարդն անցնում է Պահքին, որը, այսպես ասած, օրգանիզմի պրոֆիլակտիկան է. մենք մեզ ապահովագրում ենք մեր ներսում առկա բազում հիվանդությունների եւ մանրէների տեսքով ծառացող դժոխքից, նրանք` իբրեւ օրգանիզմ, մեր մեջ փոխարինում են մեզ: Ահա այդպիսին ենք մենք Աստծո առաջ իբրեւ մասնիկներ, մենք` իբրեւ Աստծու օրգանիզմ, նրա մեջ դադարում ենք մարմնավորել Նրան: Իսկ որպես ի՞նչ է Աստված մեր մեղքերը վերցրել իր վրա: Աստված մեզ այնքան սիրեց` նշանակու՞մ է արդյոք, որ նա մեզ ազատեց մեղքերն ընկալելու պատասխանատվությունից: Կարելի է ենթադրել, որ Աստված մեզ ազատում է հասկանալուց: Գուցե իմանալով, որ մարդիկ տարբեր են եւ ավելի ու ավելի տարբեր են ըստ իրենց ընկած լինելու չափի` Նա մեր մեղքերը վերցնում է, որովհետեւ մենք այդպես էլ ոչինչ մինչեւ վերջ չե՞նք հասկանա: Նա սիրո ձեռագրով է ջնջում մեր մեղքերը: Այսինքն` կա սեր եւ Նրա` մեր հանդեպ ունեցած պատասխանատվությունը միակողմանի է: Բայց եթե մենք եւս պատասխանատու ենք, իսկ մենք պատասխանատու ենք, նշանակում է` ինչ-որ բան պիտի այնուամենայնիվ հասկանանք : Բայց ահա պատասխան ենք տալիս, ներողություն ենք խնդրում, վճարում ենք մեր արածի դիմաց, մինչդեռ անհասկացողությունը մնում է: Իսկ բանն էլ հենց այն է, որ Նա եկավ, որպեսզի հասկանանք: Հիսուսը մեզ չազատեց հասկանալուց, քանզի ի՞նչ պատասխանատվություն` առանց հասկանալու, թե որն է մեր մեղքը. նա մեզ տվեց հատկապես մեղքի ընկալումը, այսինքն` մեր մեջ ներարկեց փրկության գենը: Եվ այդ ընկալումը Հիսուսին դարձնում է անընդհատ զոհ: Աստված մեզ ուղարկեց մի Զոհ, որն ամեն օր է խաչվում, այսինքն` Նա խաչվում է հենց այն պահին, երբ մենք հասկանում ենք, թե ուր եկավ: Մեր ընկալման մեջ է Քրիստոսի տանջանքների չափը. որքան պակաս կամ այնպես չենք ընկալում, այնքան այդ տանջանքները քիչ են: Զոհողության էությունն է այդպիսին. այն չափվում է մեր ընկալման խորությամբ, այսինքն` այդ զոհողությունն իր խորությամբ այնքան բազմաշերտ է, որ միշտ ընկալման տեղ ունի: Ընկալել նշանակում է փորփրել վերքը, ահա թե ինչու բացի նրանից, որ Նա խաչվում է, խաչելությունն իմաստ ունի, եթե մենք ենք խաչում նրան: Ուրեմն սերը միգուցե միակողմանի է, բայց ոչ` պատասխանատվությունը: Հիսուս մեզ թողեց ընկալումը, որ կարելի է ազատ մարդ լինել` սահմանափակվելով պատասխանատվությամբ: Չէ՞ որ մեր ողջ ազատությունը սահմանափակումների ազատություն է:
«Աստված մեզ այնքան սիրեց» արտահայտությունն ընդամենը Հիսուսի` մեր կյանքում հնարավոր դառնալու գիտակցությունն է: Բայց Աստված մեզ այսօր էլ է սիրում, քանի որ մեզ` որպես մարդ, նույնպես հնարավոր է դարձնում: Միայն սիրով է հնարավոր դառնում ծնունդը: Նշանակում է` այո՛, նա մեզ այնքան սիրեց, որ հնարավոր դարձրեց մարդկային մեր լինելիությունը, մեզ` որպես մարդ: Եվ Նա մեզանից իր փառքը չի մուրում, այլ մեր գոյության մեջ` Իր` Զոհի արդարացումը: Այսպիսով, «մեր մեղքերը վերցրեց իր վրա» միտքը փաստ է, ոչ թե մեկնաբանություն: Նա Աստծու սիրո պտուղն է, մենք` Նրա սիրո պտուղը: Նա կոչված է` ոչ միայն վերցնելու մեր մեղքերը, այլ` հասկանալու, որ մարդը մեղավոր լինելու անգիտության ջանքն է, կամ ավելի ճիշտ` ջերմեռանդությունը. նա միշտ համառորեն հրաժարվում է ընդունել իր մեղավորությունը` հեռանալով Աստծուց եւ դավաճանելով ինքն իրեն: Մարդն այլ կերպ չի կարող:
Ուրեմն, ի՞նչ պետք է աներ Նա մարդու համար, նրա համար, ով իր կաշի ու ոսկորով ուներ աստվածամարդաբանական նույն ընդհանրությունը, ինչ Ինքը: Ո՛չ ավելին, քան մեռնելը նրա համար, քանի որ չկա զոհաբերության այլ փաստ, քան ինքնազոհաբերությունը, ինչպես չկա այլ դավաճանություն, քան` ինքնադավաճանությունը: