Araqinutyun (2)

Առաքինությունն օգտակար բաների գործադրությունն է, և արարքներում ու կրքերում վնասակար բաներից խորշումը՝ երկու մոլեկան ծայրերի միջև հաստատված ուղիղ բանականության առաջնորդությամբ: Դարձյալ, առաքինությունը հոգու բարեկարգ ունակություն է, որով մարդն ըստ օրենքի է վարվում մտքերի, խոսքերի ու գործերի մեջ, որոնք վերաբերում են կա՛մ Աստծուն, կա՛մ իրեն, կա՛մ ընկերոջը:

Արդարև, օրինապահ, բարեպաշտ, արդար ու երկյուղած է կոչվում նա, ով անթերի կատարում է Աստծուց կամ բանականության լույսից իր վրա դրված օրենքները և խորշում օրենքով արգելվող ամեն ինչից, սակայն այդպիսին տակավին չէ և չի կոչվում կատարյալ առաքինի: Քանզի երբ մարդ կատարյալ է, պահանջվում է, որ անի մի բան, որ գերազանցում է ընդհանուր կանոնական պատվերներին ու հարկադրություններին: Որովհետև մարդկանց օրինադրված աստվածային պատվիրանը ինչ էլ որ լինի, մարդու համար պարտք է համարվում, որը եթե մարդ կատարում է, պարտքից ազատվում է, իսկ եթե չի կատարում, պարտապան է մնում և զրկվում այն վարձից, որ Աստված խոստացավ նրանց, ովքեր իր բոլոր հրամաններն ամբողջական են պահում:

Իսկ նա, ով Աստծու հանդեպ սիրո առավելությունից կատարում է ընդհանրապես պահանջվածից էլ գերազանց բարի գործեր, այնժամ կատարյալ առաքինի է կոչվում: Նրա վարձն ուրիշների համեմատ այնքան է շատանում, որքան ինքը նրանց գերազանցում է բարի գործերում: Քանզի «առաքինություն» բառն «առավելությունից» է առաջ եկել, որպես թե «բարին ուրիշներից ավելի արեց»: Ուստի ինչ-որ մեզանում առաքինություն է կոչվում, արաբերեն «ֆազելեթ» է կոչվում, որն առավելություն է նշանակում: Մանավանդ որ առաքինի բառը կազմված է «այր» բառից, որից ածանցվում են նաև «արու» և «արի» բառերը, և ստուգաբանվում է որպես «այրություն կամ արիություն ունեցող», այսինքն՝ ուրիշներից ավելի արքենի, քաջ, վեհանձն, զորավոր: Այս մտքով է Եղիշեն ասում. «Առաքինի տղամարդիկ դարձան հոգևոր պատերազմի մեջ»:
Արդ, օրինապահ են կոչվում նրանք, ովքեր հրամայված բոլոր օրենքները պահում են: Նաև բարեպաշտ կամ բարեգործ են կոչվում, որովհետև Աստծու կամ սուրբ Եկեղեցու սահմանած օրենքները բարի են: Նաև արդար են կոչվում, որովհետև հնազանդվողների՝ Տիրոջ հրամանները կատարելն արդարություն է: Նաև երկյուղած են կոչվում, որովհետև երկնչում են Աստծուց, որ բարկանում է իր հրամանները չկատարողների վրա: Ուրեմն, որպեսզի մեկը կատարյալ առաքինի լինի, պիտի մյուս մարդկանցից ավելի շատ բարի գործեր անի և չարիքներից խորշի:

Բայց ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր ոչ միայն թերանում են գերազանց առաքինական գործերում, այլև շատ բաներով թերանում են նրանցում, որոնք բոլորը միօրինակ պարտավոր են պահել, նույնիսկ Աստծու հրամանների ու սուրբ Եկեղեցու օրինադրությունների հակառակն են անում: Ուրեմն, ովքեր օրենքները չեն պահում, թող Աստծուց չակնկալեն օրինապահների ու առաքինիների վարձը ստանալ: Հանդգնություն է, մանավանդ հիմարություն, առանց արդյունքի հուսալ ու ակնկալել վարձատրություն:

Առաքինությունը երկու տեսակ է՝ աստվածաբանական ու բարոյական: Աստվածաբանականը բաժանվում է երեքի՝ հավատի, հույսի և սիրո: Բարոյականը բաժանվում է չորսի՝ խոհեմության, արդարության, արիության ու ժուժկալության, որոնք առանց միմյանց չեն գործում ու որևէ մեկին կատարյալ առաքինի դարձնում, ուր դրանցից մեկն անթերի է կատարվում, մյուսները հարկադրված շղթայաբար հետևում են նրան:

Քանզի ով կատարյալ հավատ ունի, ուրեմն և աներկմիտ հույս ու անկեղծ սեր ունի: Եվ ի նշան կատարյալ սիրո արդյունքի՝ պահանջվում են բարոյական առաքինությունների գործեր, որոնք կատարվում են խոհեմությամբ, արդարությամբ, արիությամբ ու ժուժկալությամբ: Սրանցով, ասես սանդուղքով, բարձրանում են դեպի կատարյալ առաքինությունը և արժանի դառնում վայելելու ու ժառանգելու երկնային փառքը, որ խոստացավ Աստված իրեն սիրողներին: Ուստի առաքինությունները միջոցներ ու ճանապարհ են դեպի երկնային փառքը, որին առանց սրանց հասնել երբեք հնարավոր չէ:

Սակայն ճշմարիտ առաքինությունները կախում ունեն Աստծու շնորհից ու նրանով են արդյունավորվում, իսկ Աստծու շնորհը պարգևվում է Քրիստոսի չարչարանքների արդյունքից: Ուստի ճշմարիտ առաքինությունները միայն քրիստոնյաների մեջ են գտնվում, և միայն քրիստոնյաներն են ճշմարիտ առաքինի:

Թեպետև կան քրիստոնեական հավատը չունեցող անձինք, որ բանականության լույսի ու բնական օրենքի ազդմամբ ապրում են խոհեմությամբ, արդարությամբ, արիությամբ, ժուժկալությամբ, նաև ձեռք են բերել ճգնողական, զգաստ, պարկեշտ, խոնարհ, համբերատար վարք, այլև ողորմած ու աղոթասեր են, սակայն իսկական առաքինի չեն համարվում:

Որովհետև առանց Աստծու շնորհի, այսպիսի բարոյական գործերը բնական գործողությունների պես բաներ են համարվում, իսկ բնական ճանապարհով ոչ ոք չի կարող գնալ դեպի գերբնական երջանկությունը, ուստի ապարդյուն են դառնում Ամենասուրբ Երրորդության երանական փառքի ստացման համար:

Աստծուն ժառանգելու համար հարկավոր է շնորհ, որ բխում է Քրիստոսի չարչարանքների արդյունքից: Ուրեմն՝ Սուրբ Երրորդության ու Խոսքի մարդեղության հավատը չունեցողը ճշմարիտ առաքինի չէ, որովհետև չի կարող ընդունել աստվածային շնորհն ու դրան արժանի լինել, հետևաբար և Աստծու երանական փառքը ժառանգել: Ուստի ամեն ինչից առաջ պետք է քրիստոնեական ճշմարիտ հավատն ունենալ և ապա առաքինական ունակություններն ու բարի գործերը:

Թեպետ Քրիստոսից առաջ բնական ու գրական օրենքով շատերը հաճոյացան Աստծուն, սակայն ոչ՝ առանց Քրիստոսի շնորհի, որովհետև հավատում էին գալիք Մեսիային՝ ըստ այսմ. «Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացավ Իմ՝ աշխարհ գալու օրը տեսնել, տեսավ և ուրախացավ» (Հովհ. Ը 56): Եվ թե՝ «Շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել, ինչ որ դուք եք լսում, բայց չլսեցին» (Մատթ. ԺԳ 17):

Արդ, մարդկանց ամեն ազգ որևէ ճշմարիտ կամ սխալ հավատք ունի՝ իբրև իմացական բնության պարտք, ինչ պատճառով և արաբները հավատը կոչում են «դին» կամ «դեյն», որը նշանակում է պարտք: Քանզի իմացական միտքը ստիպված փնտրում է ապաստանի մի տեղ, որին ապավինի ու հանգիստ գտնի, երբ վարանած տարակուսում ու տանջվում է այն բաների պատճառով, որոնց չի կարող բնականապես հասու լինել և պարզ ու հստակ ըմբռնել:

Որովհետև իմացականության հատկություն է իմանալ մի բան, որ բնականից վեր է, և այս է, որ հավատքն ուսուցանում է: Ապա թե ոչ՝ մարդը կլիներ ավելի անարգ, քան անբան կենդանիները, որոնք մարդուց ավելի են զգում բնական բաներն ու սրանց ազդեցությունները և գիտեն կառավարվել իրենց բնությունից:

Առաքինությունն ինչպես որ գեղեցիկ է, այդպես և փափուկ է, այնքան, որ նույնիսկ դույզն-ինչ թերությամբ մեծապես արատավորվում է: Որովհետև նման է պարզ հայելու, որ շոգիներից աղոտանում է, կամ դյուրաբեկ ապակու, որ մի թեթև բախումից փշրվում է: Ուստի առաքինիները թող զգուշանան որևէ թերությունից, որպեսզի իրենց առաքինության գեղափայլ դեմքը չտգեղանա:
Թեպետև հաստատուն ու խորարմատ ծառերի ոստերն ամեն քամուց շարժվում են, սակայն արմատներն անկործան են մնում: Այս կերպ առաքինի մարդը հարմարվում է ժամանակի պտույտների փոփոխմանը՝ իր բարեմտության մեջ անշարժ մնալով: Քանզի եթե ժամերի ու ժամանակների փոփոխման դեպքում մարդն իր բարեմտությունից շեղվի, բացի վնասից, ուրիշ ոչինչ չի շահի: Ժամանակի հարաշարժ դիպվածներում մարդու իմաստությունն ա՛յս է՝ բարեմտության մեջ հաստատուն մնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել