1992-ին ամենակարող գեներալ Սամվել Բաբայանը Ղարաբաղում մի շատ յուրօրինակ ու կարևոր քայլ արեց: Դա այսօր շատերը պիտի որ հիշեն: Նա ուղղակի խլեց բոլոր այն մարդկանց սեփականություն հանդիսացող տները, ովքեր լքել էին Ղարաբաղը և տան դռները կողպելով, հեռացել Երևան ու Մոսկվա: Լքված տները Բաբայանը հանձնում էր դրսից եկած մեր հայրենակիցներին: Նույնիսկ օրինականորեն տները գրանցում էր եկվորների անունով:
Անցել են տարիներ… Եվ ահա մի նոր առաջարկություն է շրջանառության մեջ դրվում վերին իշխանական «միջանցքներում»: Առաջին հայացքից անհեթեթ է թվում և անիրականալի: Բայց…
Արտագաղթի ահռելի չափերը կանխելուն միտված այս առաջարկությունը հնարավոր է շուտով օրենսդրական հիմնավորում ստանա: Իսկ ի՞նչ է առաջարկվում: Երևանը վաղուց լքած, տարիներ շարունակ տան դռները կողպած ու ամերիկաներ կամ եվրոպաներ մեկնած քաղաքացիները հնարավոր է կորցնեն իրենց բնակարանները: Օրենսդրական փոփոխության արդյունքում այդ բնակարանները անհատույց ու մշտական կտրամադրվեն Հայաստան ներգաղթողներին, սիրիահայ, լիբանանահայ մեր հայրենակիցներին:
Ո՞րքանով է իրականանալի այս քայլը՝ այլ խնդիրը է: Բայց որ իշխանությունները սարսափած են արտագաղթի այս աննախադեպ աճից, դա հաստատ է:
Հիշո՞ւմ եք, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե արտագաղթը Երևան քաղաքում կազմում է 12%: Նա ստում էր, կամ, որ քիչ հավանական է, իրեն խաբել էին: Իրականում Երևանում տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս հաշվառում էր անցկացրել Ազգային անվտանգության ծառայությունը: Արդյունքում 22% արտագաղթ էր գրանցվել: Սակայն ԱԱԾ-ում որոշել էին 10% իջեցնել և նախագահին էին ներկայացրել 12 տոկոսի տվյալներ: Գիտե՞ր այս մասին նախագահը, իր գիտությա՞մբ էր սա արվել: Դժվար է ասել:
Բայց այս մասին արդեն «վերևում» գիտեն:
Եվ հիմա, որպես արտագաղթի կանխման մի միջոց, պետք է, օրենսդրական դաշտ ապահովելով, դատարկ տները հանձնեն ներգաղթող մեր հայրենակիցներին…