Microsoft ընկերությունը խոստովանել է, որ Windows օպերացիոն համակարգում առկա սխալը Flame վիրուսին թույլ է տվել վարակել մերձավորարեւելյան օգտվողների համակարգիչները:  Ընկերությունը թարմացումներ է թողարկել, որոնք կոչված են հաճախորդներին պաշտպանել լրտեսական ծրագրերից:
Պարզվել է, որ Windows-ը, շնորհիվ կեղծված կոդի, Flame-ը ընկալել է որպես Microsoft ընկերության արտադրանք:
Փորձագետները զարմացած էին, որ համակարգիչներ ներթափանցելու համար վիրուսն օգտագործել է ձեռնարկության արտոնագրված ծրագրերի  գաղտնագրերը: Ըստ ծրագրավորողների` վիրուսը գործել է շատ գրագետ, հայտնում է  BFM.RU-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Կասպերսկիի լաբորատորիայի» մասնագետները մի քանի մերձարեւելյան երկրներում հայտաբերել էին նոր վտանգավոր վիրուս: Flame վիրուսը, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է  «բոց», մշակվել էր կիբերլրտեսության  նպատակով: 
Իրանում վիրուսը վարակել էր նավթի նախարարության համակարգիչները, ինչպես նաեւ նավթային տերմինալները:
Ռուսական փորձագետները կարծում են, որ այն տարածվում է 2010 թվականի մարտից եւ նպատակ ունի տեղեկություններ հավաքել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Հավանականությունը մեծ է, որ Flame ծրագրի ստեղծմանը կարող են մասնակցած լինել ոչ թե հաքերական առանձին խմբավորումներ, այլ որեւէ երկիր կամ մի քանի երկրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել